Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականությամբ զբաղվելու հենց այս ոճն ու մեթոդն է, որը պատշաճ է Եկեղեցուն և օրինակելի այն հոգևորականների համար, ովքեր ստեպ-ստեպ հարցազրույցներ են տալիս

Ապրիլ 15,2024 10:55

Ազգային Ժողովը վերջերս կրկին ակտիվացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», իսկ իրականում՝ «Ընտանիքում զուգընկեր ունենալու մասին» նախագիծը ընդունելու հարցը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախումբը վերը նշած օրինագծի առնչությամբ հայտարարություն տարածեց, որը իրավամբ կարելի է համարել որպես կառուցողական քննադատության դասական նմուշ։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունը քաղաքական է, բայց քանի որ այն կատարում է Եկեղեցին, ուստի հայտարարությունը ստանում է Եկեղեցա-քաղաքական երանգ։

Քաղաքականությամբ զբաղվելու հենց այս ոճն ու մեթոդն է, որը պատշաճ է Եկեղեցուն և օրինակելի այն հոգևորականների համար, ովքեր ստեպ-ստեպ հարցազրույցներ են տալիս կամ հրապարակային ելույթներ են ունենում, և ճիշտ կլիներ, եթե քաղաքացիական ընդդիմադիր դաշտն ընկալեր Մայր Աթոռի ուղերձներն ու ինչքան հնարավոր է՝ նրանց մասին լայն շրջանակներին իրազեկեր ու լուսաբաներ՝ միշտ հղում կատարելով Եկեղեցու հայտարարությունները։ Այդպիսի գործելաոճը ընդդիմադիր դաշտի միասնականությանը միտված կարևոր քայլ կլինի։

Իսկ ավելի նպատակահարմար կլիներ, անշուշտ, եթե իշխող կուսակցությունը ականջալուր լիներ Մայր Աթոռի հայտարարությունում հնչած հորդորին՝ այն է «մերժել նախագծի ընդունումը» և հնարավորություն տար խորհրդարանական ընդդիմությանը մեկ այլ կարևոր հարցում «ըմբոստանալու»։ Որքան էլ Ազգային Ժողովի կողմից քվեարկությամբ ընդունվեն՝ հայ քրիստոնյայի համար սրբապիղծ օրինագծերն ու օրենքները հետ կանչելու հնարավորությունը ակտուալ պահելը խրախուսելի է։

Գենադի Մնացականյան

Հոգևորականների քաղաքականությամբ զբաղվելու նպատակահարմարությունը, մի փոքր վերապահությամբ, արդեն իսկ ընդունելի է հասարակության համար։ Այդուհանդերձ, որոշ ճշտումներ կատարենք։ Եթե հայտարարություն է կատարում Ամենայն Հայոց Հայրապետը, Գերագույն Հոգևոր Խորհուրդը կամ Մայր Աթոռի որևէ պատասխանատու պաշտոնական կառույց, ապա դա դիտարկվում է որպես Եկեղեցու խոսք, որովհետև Եկեղեցուց ներս Վեհափառի կամ նշված կառույցների կողմից արված հայտարարությունները, բացառությամբ թերևս որոշ ֆորսմաժորային իրավիճակների, անբեկանելի են։

Այլ է մոտեցումը մյուս հոգևորականների պարագայում։ Սարկավագ թե արքեպիսկոպոս, կարող է, անշուշտ, հրապարակային ելույթներ ունենալ, արտահայտել իր անձնական տեսակետները՝ իր նախընտրած հարցերի վերաբերյալ, սակայն որպեսզի Վեհափառից բացի որևէ հոգևորականի խոսք դիտարկվի որպես Եկեղեցու խոսք, կարևոր է, որ հոգևորականը չանցնի այն կարմիր գծերը, որոնք Եկեղեցին գծում է իր պաշտոնական հայտարարություններում, իսկ դրա անհնարինության դեպքում տվյալ հոգևորականը թող խիզախություն ունենա, իրեն Եկեղեցուց դուրս հռչակի և ինքնուրույն զբաղվի քաղաքականությամբ։ Այստեղ ես ինչ որ մեկին նկատի չունեմ, քանի որ որևէ հոգևորական նման արարք դեռ իրեն թույլ չի տվել։ Ասածս թող ընկալվի որպես կանխարգելիչ խոսք և զգուշավորության կոչ, որպեսզի ավելորդ անգամ ագրեսիվ հակաեկեղեցական համայնքների կողմից Եկեղեցուն քարկոծելու առիթ չտրվի։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930