Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրությունը պետք է միանա Մայր Աթոռի կոչերին եւ պահանջի, որ օրենքի դրույթը չեղարկվի

Ապրիլ 17,2024 18:06

Մի քանի օր առաջ ՀՀ Ազգային ժողովը հավանության արժանացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնց վերաբերյալ կանխավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իրավախորհրդատվական հանձնախումբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ արտահայտելով մտահոգություն` կոչ անելով ԱԺ-ի խմբակցություններին դեմ քվեարկել նախագծին։

Մասնավորապես հայտարարության մեջ նշված է, որ նախագծի վերնագրում և բովանդակության մեջ ներդրված «կենցաղային բռնություն» հասկացությունը խիստ անորոշ է ու տարածական, հակասում է ընտանիքի ներսում բռնությունների կանխարգելման նպատակին և արհեստականորեն ընդլայնում է օրենքի կարգավորման տիրույթը:

«Մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը, որում սահմանվում է. «զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»:

Սրան զուգահեռ` նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը:

Բռնության կանխարգելումը չպիտի ծառայեցվի որպես առիթ` ընտանիքի ավանդական ընկալման ձևախեղման համար։ Բռնության, ինչպես և ցանկացած այլ չարիքի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պետք է իրագործվի այնպիսի միջոցներով, որոնք պատճառ չեն դառնա չարիքի խորացմանն ու նոր բռնության:

Փոխարեն ԱԺ-ի՝ Մայր Աթոռի հայտարարությանն անհասկանալի կերպով պատասխանում է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանը։ Վերջինս փորձում է հավաստիացնել, թե ընդունված օրենքում տեղ գտած զուգընկեր արտահայտությունը ոչ մի տարակուսելի հարց չպետք է առաջացնի, որովհետև այն ևս վերաբերում է կնոջը և տղամարդուն և, որ այս օրենքի ընդունումն արդեն իսկ մեծ նպաստ է բերում օգնելու բռնության ենթարկված կանանց։ Առավել տարօրինակ է, որ այս հարցազրույցը տպվում է armtimes.com լրատվական կայքում։

Մենք մի փոքր ուսումնասիրեցինք «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի գործունեությունը և կատարված աշխատանքները։ Պարզվում է, որ վերոնշյալ ՀԿ-ն հերթական կառույցներից մեկն է, որը փորձում է հայ հասարակության մեջ խեղել ավանդական ընտանիքի մոդելը։ Օրինակ, ՀԿ-ի կայքում հրապարակված «Ընտանեկան բռնությունից տուժածների հետ աշխատանքի ուղեցույց» գրքում բազմաթիվ վիճարկելի և մտահոգիչ ձևակերպումներ կան, որոնք ուղիղ հարվածներ են հասցնում հայկական ավանդական ընտանիքին։ Այս ուղեցույցը նաև հոգևոր բովանդակություն պարունակող անդրադարձով է առանձնանում, որում, ըստ ուղեցույցի հեղինակների, եթե կինը բռնության է ենթարկվում, ապա նա չպետք է մտածի, թե դա պատիժ է Աստծուց։ Ուղեցույցում նաև անդրադառնում են բռնություն վերապրած լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրասնգենդեր (ԼԳԲՏ) անձանց։

Ավելորդ ենք համարում անդրադառնալ և կետ առ կետ ներկայացնել սույն ՀԿ-ի գաղափարաբանությունը, ըստ որի ընտանեկան գրեթե բոլոր խնդիրները դիտարկվում են բռնության համատեքստում և գրեթե բոլոր պարագաներում խրախուսվում է ամուսնալուծությամբ հարցը լուծել։

Անդրադառնանք ընդունված օրենքում «զուգընկեր» հասկացությանը, որի վերաբերյալ պարզաբանող կողմ հանդիսացող ՀԿ-ի պատասխանատուն հավաստիացնում է, թե այն դիտարկել է կանանց, աղջիկներին, ովքեր ուսանող են, ընկեր ունեն ու ենթարկվել են բռնության։ Այս թեթևամիտ բացատրությունը դժվար թե կարող լինի մեզ համոզելու, որ զուգընկերը նշանադրվածներին ու ուսանողներին է վերաբերում, որովհետև նման դեպքերում ոչ թե ՀԿ-ի կողմից են տրվում պարզաբանումներ, այլ օրենքը մշակողները պետք է հստակեցնեն իրենց ձևակերպումները։ Երբ, որևէ նորաոճ բառ է ներմուծվում, ապա պետք է այս բառի վերաբերյալ հստակ հավելվածներով բացատրություններ տրվեն, որպեսզի «լավ գործի» անվան տակ չտեղադրվեն ականներ, որոնք կարող օրենքի ուժ ստանալով կիրառվել այլ՝ օրինակ լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրասնգենդեր (ԼԳԲՏ) անձանց շահերի սպասարկման համար։

Ցավալի է, որ ՀՀ-ում ընդունվում են օրենքներ, որտեղ ենթատեքստում խրախուսվում է կնոջ և տղամարդու միության ոչ ավանդական (Պսակ, ընտանիք) քրիստոնեական մոդելը, և դա էլ քիչ չի պրոպագանդվում է իբրև ձեռքբերում՝ որևէ ՀԿ-ի գործունեությունը ավելի բեղուն դարձնելու համար։

Ըստ երևույթին Մայր Աթոռի հայտարարությունը խիստ տեղին է և նման պարզաբանումները գալիս են հաստատելու, որ հանրությունը ևս պետք է միանա Մայր Աթոռի կոչերին և պահանջի, որպեսզի օրենքի այս դրույթը հետ կանչվի և չեղարկվի։

 

Տեր Համբարձում քահանա Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930