Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Էրեխեն հեռախոսը ձեռքը վերցրեց, թե հիմա զանգում եմ ոստիկանություն, գան քեզ տանեն» (տեսանյութ)

Մարտ 19,2019 23:00

«Էրեխեն հեռախոսը ձեռքը վերցրեց, թե հիմա զանգում եմ ոստիկանություն, գան քեզ տանեն»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Արմեն Հակոբյանը: Նա չորս դուստրերի հայր է: Արմեն Հակոբյանն անկեղծացավ՝ շատ է վիրավորվել այս խոսակցությունից, թեև փորձել է հումորով նայել այդ փաստին: Ըստ Արմեն Հակոբյանի՝ ոստիկանություն զանգելու ցանկություն իր միջնեկ դստեր մոտ առաջացել է այն պատճառով, որ հայրը նրան գումար չի տրամադրել նոր զգեստ գնելու համար:

Իրականում նմանատիպ իրավիճակներ առաջանում  են բոլոր ընտանիքներում: Ուստի Aravot.am-ը փորձեց պարզել՝ ինչպե՞ս են կարգավորվում ծնող-երեխա հարաբերությունները իրավական հարթությունում: Ընտանիքում հարաբերությունները հիմնականում կարգավորվում են դեռ 2004 թվականին ընդունված ՀՀ Ընտանեկան օրենսգրքով: «Ծնողական իրավունքներից զրկելը» խորագրով 59-րդ հոդվածով սահմանվում են ծնողական իրավունքից զրկելու հիմքերը: Ծնողական իրավունքից զրկելու մի շարք հիմքերի շարքում մասնավորապես նշված է. «Ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա, դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը, տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ, կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն»:

Aravot.am-ը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ փաստորեն կարո՞ղ ենք ասել, որ տեսականորեն Ընտանեկան օրենսգիրքը թույլ տալիս է, որ երեխան անհրաժեշտության դեպքում դիմի ոստիկանություն ծնողի դեմ, նա պատասխանեց. «Այո, իհարկե, Ընտանեկան օրենսգիրքը հենց դրա համար է: Ծնողական իրավունքից զրկելը հոդվածով սահմանված են բոլոր այդ հիմքերը»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ երեխա-ծնող հարաբերությունների մասին ի՞նչ է սահմանում 2018-ից ուժի մեջ մտած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը: Հիշեցնենք, որ օրենքի ընդունումից առաջ հանրության շրջանում մտավախություններ կային, թե օրենքի ընդունման նպատակն է հայ ընտանիքը քանդելը, երեխաներին ընտանիքից օտարելը:

Իրավապաշտպանից հետաքրքրվեցի՞նք ի վերջո այս օրենքը լիարժեք կերպով պաշտպանո՞ւմ  երեխայի իրավունքները, նա պատասխանեց. «Օրենքը չի կարգավորում ծնող-երեխա  հարաբերությունները դաստիարակության տեսանկյունից, քանի որ դրա համար գոյություն ունի ընտանեկան օրենսգիրքը, որտեղ հիմնական հարաբերություններն են՝ ծնողի պարտականությունը, իրավունքները, երեխայի իրավունքներն ու պարտականությունները:  Այդ ամենը կարգավորվում է ընտանեկան օրենսգրքով: Մենք տարիներ շարունակում բարձրաձայնում էինք, որ ընտանեկան բռնության մասին այս օրենքը պետք է քանդի և փոխի ընտանիքում ընդհանրապես հարաբերություններից բխող բռնության մշակույթը: Դա էր հիմնական խնդիրը, և այդ օրենքը պետք է  բերեր իր հետ հենց դա:  Բայց այն օրենքը, ինչ ունենք, կարելի է հստակ ասել, որ ամենևին այդ օրենքը չէ. անատամ մի օրենք: Խնդիրը ընտանիքում բռնություն ստացած անձանց պաշտպանությունն ու նրանց աջակցության տրամադրումն էր:  Բայց օրենքը նվազագույնն է անդրադառնում երեխաներին: Եթե թերթենք օրենքը, այդտեղ երեխաներին վերաբերող հատվածներ կարող են չափազանց քիչ լինել: Երեխայի մասին որևէ անդրադարձ չկա, ինչը շատ սխալ է»:

Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝  առավել ևս, որ գործում էր Ընտանեկան օրենսգիրքը, կարիք չկար նման աղմուկ բարձրացնելու: Նա նաև նշեց, որ օրենսդրական բացի պատճառով հիմա կան երեխաներ, որոնք օդում կախված են, որոնց խնդրով պետությունը որևէ կերպ չի զբաղվում: Օրինակ՝ երեխայի մայրը սպանվել է հոր կողմից, հայրն էլ ազատազրկված է: Իսկ ի՞նչ պետք է լինի երեխայի հետ: Որտե՞ղ է պետության պարտավորությունը:

Aravot.am-ը փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեց պարզել քաղաքացիները տեղյա՞կ են, որ օրենսդրորեն երեխային տրված է իրավունք դիմել ոստիկանություն և ի՞նչ կարծիք ունեն այդ մասին:

Միջին տարիքի մի կին մեզ հետ զրույցուց նշեց. «Նորմալ չեմ համարում այն, որ երեխան զանգի ոստիկանություն ընդդեմ ծնողի: Իսկ եթե ծնողը բռնարար է՝ ծայրահեղ դեպքերում կարելի է: Ուղղակի  կարող է երեխաներ լինեն, որ չարաշահեն այդ օրենքը»:

Մեկ այլ միջին տարիքի կին անկեղծորեն խոստովանեց, որ եթե հանկարծ իր հետ նման բան տեղի ունենար, իրեն վիրավորված կզգար: Նա նշեց, որ ծնողի կողմից բռնության դեպքում կարծում է՝ ճիշտ է, որ երեխան դիմի ոստիկանություն. «Բայց կարող է երեխա լինել, որ մեկ դաստիարակչական հարվածի համար էլ զանգի ոստիկանություն, դա արդեն անընդունելի է»:

Երիտասարդներն ավելի տեղեկացված են, որ ՀՀ օրենսդրությամբ երեխան ունի ոստիկանություն դիմելու իրավունք: Մի երիտասարդ տղա ասաց. «Ես գիտեի, որ միշտ էլ այդպես է եղել: Եթե ծնողը բռնանում է երեխայի հանդեպ, ուրեմն այդտեղ պետք է մի բան անել՝ ինչպես երեխան ճիշտ կգտնի»:

Նրա ընկերն էլ նշեց, եթե ոստիկանությունն է օգնողը. ուրիշ մարմիններ չկան, պետք է դիմել:

Մեր հարցմանը մասնակցած մի պապիկ էլ զրույցի սկզբում նշեց՝ բա իհարկե, երեխան ունի իրավունք: Այնուհետև ասաց՝ միևնույն է, Հայաստանում նման բան չկա. «Այսօրվա մեր հայ ազգը չի դիմի այն բանին, որ երեխան հասնի դրան: Դրույթը կա, շատ լավ, բայց  միայն դա չէ, որ երեխան ստիպված զանգի ոստիկանություն, իրեն ծնողները կդաստիարակեն»:

Երիտասարդ մի աղջնակ էլ այս առիթով նշեց. «Եթե կա բռնություն և խտրականություն երեխայի հանդեպ, և նա չափահաս է, անպայման իրավունք ունի դիմելու ոստիկանություն»:

Հավելենք՝ ինչ էլ սահմանի օրենսդրությունը, ինչ էլ ասեն հոգեբաններն ու մյուս մասնագետները, միևնույն է, տարիներով փորձված մի ոսկե կանոն կա. երեխան պետք է սիրի ու հարգի ծնողին, այլ ոչ թե վախենա նրանից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031