Լրահոս
Օրվա լրահոսը

«Հինգ տարի առաջ անգամ հեռախոս չունեի, հիմա ԱԺ պատգամավոր եմ»

Ապրիլ 04,2019 23:00

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` նպատակասլացության եւ հաջողության հասնելու մասին

Լավություն անելու դեպքում գործում է բումերանգի էֆեկտը

Սիսակ Գաբրիելյանը «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ իր բնորոշ գծերից մեկը մարդասիրությունն է, որ մայրիկից է ժառանգել:

Ասում է՝ դա իրեն թե օգնում է, թե խանգարում, հատկապես հիմա, երբ արդեն ԱԺ պատգամավոր է: «Հիմա ով ինձ որեւէ հարցով դիմում է, ասում եմ՝ հա, կանեմ, եւ հետո երբ messenger-ս թերթում եմ, տեսնում եմ այնքան բաներ եմ խոստացել, զարմանում եմ, ախր ոչ ասելը շատ դժվար է»,-ասում է մեր զրուցակիցը:

Նաեւ վստահեցնում է՝ մարդասիրությունը հաջողություն հասնելու լավագույն ճանապարհն է, քանի որ ամեն ինչ գործում է բումերանգի էֆեկտով. «Ինչ-որ մեկին քո արած լավությունը չի կարող կորել-գնալ, անպայման վերադառնալու է, հաստատ այդ անձնավորությանը դու էլի հանդիպելու ես:

Հիշում եմ՝ մի անգամ շատ պատահական մեկին օգնել եմ՝ առանց իմանալու, թե ինքն ով է, հետագայում այդ մարդն իմ կյանքում՝ լրագրության ասպարեզ գործելու առումով մեծ դերակատարություն է ունեցել: Ես օգնեցի մարդուն, ու մի ութ ամիս հետո հարցազրույցի էի մասնակցում աշխատանքի ընդունվելու համար, մեկ էլ անսպասելի դուռը բացեցի ու տեսա, որ նույն անձնավորությունն է մեր ղեկավարը լինելու: Ինքն անմիջապես ինձ ճանաչեց եւ ասաց՝ դու այն տղան ես, որ ցույցերի ժամանակ օգնեցիր… Գուցե այդ դրվագը վճռորոշ դեր ունեցավ, որ աշխատանքի ընդունվեմ, ու հենց այդ աշխատանքի շնորհիվ ես դարձա Սիսակ Գաբրիելյան…

Բայց երբեք լավություն չեմ անում նրա համար, որ փոխհատուցվի, թեեւ վստահ եմ, որ կյանքի ինչ-որ դրվագում այդ մարդկանց հետ մի օր կրկին կհանդիպեմ»:

Լուսանկար հարսանիքից

Անիի հետ ծանոթացել եմ «Էլեկտրիկ-Երեւանի» ցույցերին, ամուսնացել ենք Խորենացի փողոցի դեպքերի ժամանակ, իսկ որդիս ծնվել է հեղափոխության օրերին

Սիսակ Գաբրիելյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես հանդիպեց իր ապագա կնոջը՝ Անի Բաղդասարյանին եւ ինչպես էին երկու լրագրող մեկ հարկի ներքո կարողանում «խաղաղ գոյակցել»:

«Մեր կյանքի բոլոր կարեւոր իրադարձությունները կատարվել են բազմահազարանոց ցույցերի ընթացքում: Անիի հետ ծանոթացել եմ «Էլեկտրիկ-Երեւանի» ցույցերի ժամանակ, ամուսնացել ենք Խորենացի փողոցի դեպքերի ժամանակ, իսկ մեր առաջնեկը՝ որդիս ծնվել է, երբ հեղափոխություն էր: Հունիսի 30-ի գիշերը տեղի ունեցան Խորենացի փողոցի հայտնի իրադարձությունները, մեր հարսանիքի ազաբը՝ Հովհաննես Մովսիսյանն («Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարը-Գ.Հ.) հիվանդանոցից եկավ մեզ մոտ: Ես մեր հարսանիքի օրը բռնության էի ենթարկվել, իսկ հաջորդ օրը թեթեւ վնասվածքով կնոջս հետ մեկնեցի Հունաստան՝ մեղրամսի:

Հարսանիքի օրը` Խորենացի փողոցում

Երբ «Մերժիր Սերժին» նախաձեռնության ցույցերն էին սկսվել, երբեմն գիշերները չէի գալիս տուն, որովհետեւ հերթափոխով էինք աշխատում, մի օր էլ Անին զանգահարեց ու ասաց, որ պետք է հիվանդանոց գնանք, ու ծնվեց մեր Լեոն:

Լեոն ծնվեց հեղափոխության ժամանակ

Հուսով եմ, որ սրանից հետո մեր կյանքի մյուս լավ դրվագներն առանց ցնցումների կլինեն՝ առանց ցույցերի»,-հիշեց ԱԺ պատգամավորը:

Սիսակ Գաբրիելյանն ասում է, որ կնոջ հետ տանը մասնագիտական թեմաներով առանձնապես չեն խոսել, քանի որ, ինչպես ինքն է նշում, հինգ րոպե հետո դա վերածվում էր թեժ բանավեճի: Ասում է՝ ի տարբերություն նախկինի, հիմա ավելի շատ է լսում Անիին, քանի որ այժմ տարբեր կարգավիճակներում են եւ լրագրողի սթափ հայացքը կարեւորում է. «Ինքն այն եզակի մարդկանցից է, որը ճակատիս օբյեկտիվ ասում է ամեն ինչ: Դա ինձ օգնում է: Ես չեմ վախենա ասել, որ իմ կյանքի ընթացքում ձեռք բերած հաջողությունների մեծ մասը եղել է Անիի աջակցությամբ: Չեմ պատկերացնում, թե առանց իր օժանդակության ինչպե՞ս կարող էի հաջողությունների հասնել»:

Ընտանեկան լուսանկար

Մեր զրուցակիցն անկեղծանում է՝ ի տարբերություն իրեն, կինը հաճախ է անակնկալներ անում: «Երբ ես երկրորդ անգամ ընդունվեցի համալսարան՝ իրավագիտության ֆակուլտետ, մի շրջան ուսման վարձի խնդիր ունեի: Մտածում էի՝ տարկետում վերցնել, բայց ինքը չգիտես որտեղից ինձ գումար բերեց ու ասաց, որ չպետք է ընդհատեմ ուսումս: Դա ինձ համար անսպասելի անակնկալ էր: Պարզվեց, որ այդ գումարն Անին իր համար էր նախատեսել, բայց ինձ տվեց:

Ընդհանրապես ինձ համար իր ամենափոքր նվերն էլ հաճելի է, օրինակ` չեմ մոռանում, թե ինչպես կինս ինձ անգլերեն պարապելու համար գիրք նվիրեց: Թվում է՝ մեծ բան չէ, մի քանի հազար դրամ արժողությամբ գիրք է, բայց ինձ համար շատ թանկ նվեր է:

Ես էլ եմ փորձում եմ որոշ անակնկալներ անել, բայց միեւնույն է՝ Անին այդ առումով ինձ միշտ հաղթում է»:

Պատգամավորի սոլյանկան եւ խոհարարական հմտությունները

Սիսակ Գաբրիելյանն այն տղամարդկանցից է, որ սիրում է ստեղծագործել խոհանոցում: Խոստովանում է. «Մենք մոտ երկու տարի է, որ համատեղ ենք ապրում, եւ երեւի մատներիս վրա կարող եմ հաշվել, թե Անին քանի անգամ է ճաշ պատրաստել: Միշտ ես եմ պատրաստում: Իմ ընկերները դա գիտեն, եւ եթե մեր տուն պետք է գան, ինձ են զանգում ու հարցնում, թե ինչ եմ պատրաստելու: Իհարկե Անին էլ է շատ համեղ պատրաստում, բայց ես սիրում եմ ինքս պատրաստել:

Սոլյանկա պատրաստելիս

Կարեւորում եմ հավասարությունը ընտանիքում, օրինակ` մեր բալիկին երկուսով ենք հետեւում: Եթե ես գործուղման եմ եղել մի քանի օրով, հենց վերադառնում եմ, գիտեմ, որ երկու օր էլ ես պետք է երեխային նայեմ»:

Մեր զրուցակիցն ասում է, որ ընկերները հաճախ են իրենց տանը հավաքվում՝ իր պատրաստած սոլյանկան վայելելու համար. «Գելենջիկում երկու ամիս ապրել եմ, մի ռուս աղջիկ է սովորեցրել; Հիմա որ սոլյանկա եմ պատրաստում, ծննդյան օր նշելու պես մի բան է դառնում: Բացի սոլյանկայից մնացած ամեն ինչն ամեն անգամ տարբեր կերպ եմ պատրաստում, ստեղծագործաբար եմ մոտենում, կինս, իհարկե, չի սիրում, որ ամեն ինչ խառնում եմ իրար»:

 

 Փոքր ժամանակ գիտեի, թե նախագահները չար ձյաձյաներ են

«Կարծում եմ՝ միշտ նույն տեղում մնալը հետընթաց է: Ես լրագրության ոլորտում արդեն հասել էի որոշակի հաջողությունների: Մի պահ եկավ, որոշում կայացրի, որ իրավագիտության ֆակուլտետ պետք է ընդունվեմ, հետագայում գուցե փաստաբանական գործունեություն ծավալեմ, որովհետեւ փոքր ժամանակվանից սիրում էի այդ ոլորտը:

Ցավոք, վերջին տարիներին չեմ հասցնում գեղարվեստական գրականություն կարդալ, անգամ երբ ընկերներով հանգստի ենք գնում, հետս մասնագիտական գրականություն եմ վերցնում: Միշտ մտածել եմ, որ իրավագիտությունն ինձ կօգնի, որովհետեւ լրագրության մեջ էլ են այլ գիտելիքներ անհրաժեշտ: Իմ այն ընկեր լրագրողներն են հաջողության հասել, եթե այլ մասնագիտություններ ունեն՝ պատմաբան են, իրավաբան, ուղղակի հետագայում մտել են լրագրության մեջ: Այնպես որ՝ սիրում եմ իրավագիտությունը, ու չեմ բացառում, որ սա էլ ավարտելուց հետո մի ուրիշ հետաքրքրություն գտնեմ»,- ասում է ԱԺ պատգամավորը:

Մեր հարցին՝ քաղաքականությունը կարո՞ղ է մարդուն փոխել, եւ լրագրող Սիսակ Գաբրիելյանը տարբերվո՞ւմ է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից, մեր զրուցակիցը պատասխանում է. «Առայժմ նոր եմ, չեմ կարող ասել, բայց հաստատ մարդկային որակներս նույնն են մնացել: Պարզապես շատ հարցերի վերաբերյալ սկսել եմ այլ կերպ մտածել:

Երբ ես փոքր էի, պապիկիս ասում էի՝ նախագահ եմ դառնալու, իսկ նա ասում էր՝ չես դառնալու, որովհետեւ չափազանց բարի ես: Ու ես միշտ երեխա ժամանակ մտածում էի, թե նախագահները չար ձյաձյաներ են: Հիմա պապիկիս չկա, ես պատգամավոր եմ դարձել, ու ամեն անգամ հենց նոր նախաձեռնություն եմ սկսում, մտովի պապիկիս հետ խոսում եմ, ասում եմ՝ տեսա՞ր, նախագահ չդարձա, բայց պատգամավոր եմ»:

Պատգամավորն ասում է, որ հիմա ցանկացած խնդիր այլ տեսանկյունից է դիտարկում, իրեն գրավում է խնդիրներ լուծելու հնարավորությունը:

«Քաղաքականությունը բարդ բան է, թեեւ կողքից հեշտ է թվում: Դու պետք է հասկանաս, որ քո անհատականությունը պահելով հանդերձ՝ քաղաքական թիմի անդամ ես, ունես ծրագիր, նախ եւ առաջ այն ծրագիրը, որ խոստացել իրականացնել, դա պետք է կյանքի կոչես, զուգահեռ էլ՝ ի հայտ եկող մնացած խնդիրները լուծես:

Տարբեր բողոքի ակցիաների ընթացքում հանդիպում եմ մարդկանց, քննարկում խնդիրները: Օրինակ՝ գազավորված ըմպելիքների հարցով մարդկանց հետ էի հանդիպել, իրենք սկզբնական շրջանում ասում էին, որ միեւնույն է՝ չի լուծվելու իրենց խնդիրը, եւ երբ վարչապետը հայտարարեց, որ խնդիրը լուծված է, մարդիկ կապվեցին ինձ հետ ու հայտնի խոսքով ասացին՝ փաստորեն դու ճիշտ էիր, մենք՝ սխալ:

Սա էլ յուրատեսակ փորձառություն է, նոր ծանոթություններ: Երբեմն կարոտում եմ լրագրությունը: Երբ գործընկերներս ինչ-որ խնդիր են լուսաբանում, մտածում եմ, որ ես այ այստեղ այսինչ բանը կավելացնեի, սկիզբը սա կդնեի, վերջը՝ սա: Չնայած այլեւս չեմ վերադառնա լրագրություն, բայց երբեք չեմ կարող ժխտել, որ մասնագիտությունս ինձ շատ է օգնում:

Երբ քաղաքացիներ դիմում են որեւէ հարցով, անպայման երկրորդ կողմին էլ եմ լսում: Երբ երկրորդ կողմի հետ խոսում ես, հասկանում ես, որ դեպքեր կան, որ երբ երկրորդ կողմը մեղավոր չէ, դեպքեր էլ կան, որ հենց երկրորդ կողմն է մեղավոր, բայց կա նաեւ օրենքի բաց»,- նշում է նա:

 

Սիսակ Գաբիրելյանը՝ դեմոկրատիայի, ցույցերի եւ քննադատության մասին

Սիսակ Գաբրիելյանը նորմալ է վերաբերվում նորօրյա ցույցերին: Ասում է՝ տարօրինակ կլիներ, եթե ցույցեր չլինեին, իսկ այդպես կլիներ, եթե երկրում դիկտատուրա լիներ. «Մի տեղ կարդացի, որ մանկավարժներից մեկը դատի է տվել կրթության նախարարին: Թվում է՝ որպես իշխանական պատգամավոր պետք է ասեի՝ վայ, էս ինչ է եղել: Բայց լուրն ինձ ուրախացրեց՝ նշանակում է հասել ենք ազատության այն մակարդակին, որ ուսուցիչը չի վախենում դատի տալ կրթության նախարարին՝ շարունակելով աշխատել դպրոցում…Իսկ նախկինում ի՞նչ էր կատարվում, անգամ Սահմանադրությունն էր մեկ մարդու հագով ձեւած»:

Որպես իշխանական պատգամավոր՝ Սիսակ Գաբրիելյանը նորմալ է վերաբերվում նաեւ քննադատություններին, եթե դրանք ուղղված չեն անձնական, ընտանեկան կյանքին, այլ կապված են պատգամավորի գործունեության հետ: Միայն գտնում է, որ քննադատելուց զատ պետք է լուծումներ առաջարկել. «Քննադատելը միշտ էլ հեշտ է, սխալվելը իշխանության դեպքում՝ ավելի հավանական: Եվ հետո գործ անող մարդն է սխալվում: Տվյալ դեպքում, քանի որ իշխանությունն «Իմ քայլն» է, մեզ մոտ սխալներն ավելի նկատելի են: Ես ընդունում եմ, որ մենք էլ ենք որոշ սխալներ ենք անում, եւ նորմալ է, որ ընդդիմությունը քննադատում է»:

Իսկ որպես նախկին լրագրող՝ ի՞նչ կարծիքի է մամուլը տեսակավորելու՝ յուրային եւ ոչ յուրային որակելու մասին:

«Այ դա լավ չէ… Մենք 88 հոգի ենք, եւ եթե 88-իցս ամեն մեկը օրական մի դրական նախաձեռնությամբ հանդես գա, ապա այսպես կոչված «վատ» մամուլն անելիք չի ունենա: Գուցե սյուռ բան եմ ասելու, բայց իմ կարծիքով հարյուր տոկոսանոց օբյեկտիվ լրագրություն չկա: Ռեպորտաժ պատրաստելիս լրագրողն է ընտրում, թե որ կադրը եւ որ կտորն օգտագործի, ստացվում ՝ սուբյեկտիվություն է ցուցաբերում:

Բայց միեւնույն է՝ մամուլը տեսակավորելը շատ վատ բան է: Ամեն դեպքում, եթե քո ամենօրյա աշխատանքի արդյունքում շարքային քաղաքացին իր կյանքում օր օրի փոփոխություն զգա, «վատաբանող» լրագրությունը պահանջված չի լինի: Մամուլը պետք է ազատ լինի, ու ընթերցողը պետք է ընտրի, թե ինչ է ուզում կարդալ, դիտել ու լսել»,-պատասխանեց պատգամավորը:

Հարցրինք՝ եթե գործադիրում աշխատելու առաջարկ լինի, կհամաձայնի՞: «Ինչո՞ւ չէ…Ընկերներս ասում են, որ իմ տեսակն ավելի շատ գործադիրի է, որովհետեւ ակտիվ եմ, վազվզող, իսկ պատգամավորի աշխատանքը մի քիչ ակադեմիական բնույթի է, պատգամավորը պետք է նստի աշխատասենյակում, օրենքներ մշակի: Նման առաջարկ չեմ ստացել, ինքս էլ եմ նկատում, որ կազմակերպչական ձիրքով գուցե գործադիրում ավելի հաջողեմ, բայց դա արդեն քաղաքական թիմը պետք է որոշի»,-հայտնեց մեր զրուցակիցը:

 

Բոլոր լավ մարդիկ ինձ նվեր են ճակատագրի կողմից

Իր եւ Հովհաննես Մովսիսյանի ընկերությանն էլ անդրադարձ եղավ: Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ իր կյանքում հանդիպած բոլոր լավ մարդկանց հետ պատահականության սկզբունքով է ծանոթացել, նույնն էլ՝ Հովհաննեսի: Եղել են նույն կուրսում, նույն աշխատավայրում, հիմա էլ՝ նույն իշխանության մեջ:

Հովհաննես Մովսիսյանի հետ

«Երջանիկ պատահականությամբ եմ բոլոր լավ մարդկանց հանդիպում: Այդ բոլոր մարդիկ ինձ նվեր են ճակատագրի կողմից՝ սկսած իմ կնոջից, վերջացրած ընկերներով: Կյանքը պատահականություններից է բաղկացած: Մենք երեք միլիոն ենք Հայաստանում… Հետաքրքիր է ինչո՞ւ երեք միլիոնի միջից հենց իմ կնոջը պետք է հանդիպեի, հետո պետք է հանդիպեի Հովհաննեսին, ինքն էլ որոշակի առումով ինձ օգներ «Ազատություն» ռադիոկայանի հարցում: Ի դեպ, այնտեղ էլ լավ ընկերներ ունեմ՝ Կառլենը, Նարինեն, Նանեն, Հեղինեն, Սիրանուշը: Բոլորի հետ հաճելի է»,-ասում է Սիսակ Գաբրիելյանը:

«Ազատության» սիրելի թիմի հետ

Նա շատ կարեւորում է հետեւողականությունը, նպատակասլացությունը. «Մարդիկ երբեք չպետք է հանձնվեն: Միշտ այդպես եմ մտածել ու նախընտրել եմ ցանկացած գործ չթողնել հետոյի: Երբ բանակից եկել էի, անգամ հեռախոս չունեի, աշխատանք չունեի… Գնացի սովորական խանութում աշխատելու, շարքային աշխատող էի՝ էն որ դարակներում պայուսակներ են տեղավորում: Մոտ երկու ամիս աշխատեցի, ապա դարձա նույն խանութի տնօրենը, հեռախոս գնեցի, հետո դարձա առեւտրային կենտրոնի մենեջեր, ընդունվեցի համալսարան: Սկզբական շրջանում մոտ 40 000 դրամ էի ստանում լրագրության ոլորտում աշխատելով, բայց այդ աշխատանքի ընթացքում նոր ծանոթություններ, շրջապատ ձեռք բերեցի, հայտնվեցի «Ազատությունում»՝ լավ աշխատավարձով: Երկրորդ անգամ համալսարան ընդունվեցի, իսկ այսօր արդեն ԱԺ պատգամավոր եմ դարձել:

Հինգ-վեց տարի առաջ ես հեռախոս չունեի, իսկ հիմա պատգամավոր եմ: Շատ կարեւոր է, որ մարդիկ հասկանան, թե իրենց ինչ է պետք, գիշերը քնելուց վերլուծեն, թե ինչն է սխալ: Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ կարող է գտնել հաջողության հասնելու բանաձեւը, անհնարին ոչինչ չկա: Պատկերավոր ասած՝ եթե մարդ շատ ուզենա, կարող է ջրի վրայով էլ քայլել: Ընդ որում, երբեք ուշ չէ առաջ գնալու համար»:

Որպես պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը կարծում է, որ մարդիկ կարիք ունեն աշխատավարձերի բարձրացման. «Շատերի հետ եմ շփվում, բոլորն ընդունում են, որ հսկայական փոփոխություն է տեղի ունեցել հեղափոխությունից հետո, ավելի ազատ են, անվախ են, երկրում չկան մականունավոր թայֆաներ: Բայց մարդիկ նաեւ կարեւորում են, որ փոփոխությունների հետ միասին սառնարանն էլ լիքը լինի, դրա համար որդեգրվել է տնտեսական հեղափոխությունը»

Դերասան ընկերների հետ

Ինչպես արդեն նշել էինք, Սիսակ Գաբրիելյանի ժամանակը չի բավարարում գեղարվեստական գրքեր կարդալու համար, եւ նա այդ բացը լրացնում է թատրոն հաճախելով: Ասում է` դերասան ընկերներ ունի, հաճախ է լինում Մհեր Մկրտչյան, Սունդուկյան, համազգային թատրոններում, սիրում է նաեւ ֆիլմեր դիտել: Թեեւ կնոջ սրտով չէ, բայց մեծ էկրանին նախընտրում է «բոյեւիկ» նայել: Ասում է՝ միշտ երազել է փոքրիկ դրվագ խաղալ որեւէ ներկայացման մեջ, հիմա էլ կխաղա, եթե առաջարկ լինի, միայն թե պատգամավորի չմարմնավորի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930