Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ». Գեղամ Մանուկյան

Մայիս 23,2019 22:03

Ազատության հրապարակում, ՀՅԴ-ի այսօր հրավիրած հանրահավաքում ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հիշեց իշխող ուժի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի հայտարարությունն այն մասին, որ թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է մեր ժողովրդի համար, քան Արցախյան ազատագրական պայքարը: Այս համատեքստում նա անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, որ եթե կան ուժեր, որոնք Արցախը փորձում են հակահեղափոխության հարթակի վերածել, ապա արցախցիներն այն հեղափոխության հարթակի կվերածեն: «Ի՞նչ հեղափոխություն, երբ որ Արցախում հեղափոխություն վաղուց՝ 1988-ին է եղել՝ ազգային-ազատագրական հեղափոխություն։ Հիմա խոսում են լոկ իշխանափոխության մասին, հիմա էլ Արցախից պահանջում են ինդուլգենցիա՝ մեղքերի քավություն, ենթակայության խոստում։ Խոսում են Արցախի հարցի չլուծվածության մասին, բեռը թողնում են ժողովրդի վրա։ 30 տարի առաջ լուծումը տրված է»:

Գեղամ Մանուկյանին դու չի գալիս նաեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու Նիկոլ Փաշինյանի որոշումը: Ըստ նրա, ամբողջ բանակին, բանակի հրամանատարությանն ուզում են տանել քավարան՝ ապրիլյանի հետաքննություն անվան տակ. «Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ, Ռոբերտ Աբաջյանի պապիկի շոու մի արեք: Մի′ արեք, ձեզ չեն ներելու»:

«Դաշնակցությունը կբռնի այն մարդու ձեռքը, որը կփորձի մեր պետությունը հանել ուղեծրից և այլ ուղղությամբ տանել: Փորձում են Արցախը դարձնել առևտրի առարկա, շոուի առարկա, փորձում են ապրիլյան պատերազմի նահատակների թափված արյունը կասկածի տակ դնել, թե դա դավադրության հետևանք է: Ինչպե՞ս ենք այդ մայրերին պատասխան տալու: Մենք կողմ ենք` հանցագործների տեղը բանտում է, դավաճանների տեղը կախաղանն է: Բայց պետք է արդարությունը բոլորի համար հավասար լինի: Եթե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է դավադրություն, ուրեմն արդեն անլուրջ է այդ մասին հայտարարություն անելը. նախ` դավադիրները պետք է արդեն հայտնվեին բանտում, հետո` նոր հրապարակվեր այդ մասին: Այդ ի՞նչ հանձնաժողով պետք է լինի ԱԺ-ում, որ քննարկի ապրիլյան պատերազմը: Այն մարդիկ, որոնք հայկական բանակում մեկ օր շարք չեն կանգնել, չեն ծառայել, նրա՞նք պետք է քննեն ապրիլյան դեպքերը, ովքեր բանակի մասին տարրական գիտելիքներ չունեն, մեկ անգամ վառոդի հոտ չեն շնչել»,- այդ թեմային անդրադառնալով ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանն էլ անդրադարձավ ՀՀ իշխանությունների գծած բաժանարար գծերին, «այլամերժության» մթնոլորտին, ինչը փորձ է արվում տարածվել նաեւ Սփյուռքի տարբեր հատվածներում. «Սեւ ու սպիտակ, հեղափոխական ու հակահեղափոխական պիտակավորումները պառակտում ու ջլատում են մեր ուժերը։ Համահայկական օրակարգերը՝ Հայ դատ, Արցախ, Հայոց պետականության ամրապնդում եւ զարգացում՝ սրանք են, որ մեզ կարող են միավորել։ Այս օրակարգերի շուրջ միավորումն է, որ անցնող տարիներին հաղթանակներ եւ ձեռքբերումներ է պարգեւել մեզ։ Այդ միավորումն է, որ մեզ ավելի ուժեղ է դարձրել, ավելի ինքնավստահ՝ մեծացնելով մեր համազգային դիմադրողականությունը։ Իբրեւ արդյունք այսօր ունենք զույգ հայկական պետականություններ, հզոր ու մարտունակ բանակ»։

Բանախոսը դեմ չէ բաժանարար գծերին, բայց իր պատկերացմամբ, դա այսպես պետք է լինի. «Սեւերը նրանք են, ովքեր փորձում են անհանդուրժողականություն սերմանել, միասնականը տրոհել, երկփեղկել, տարբերությունների վրա շեշտադրելով ընդհանրությունները անտեսել։ Սեւ են նրանք, ովքեր փորձում են խաթարել մեր արժեհամակարգը, հայության ազգային նկարագրին անհարիր կեղծ արժեքներ ներմուծելով։ Սեւ են նրանք, ովքեր գիտակցաբար կամ անգիտակցաբար մեր սրբություններն ու համազգային ձեռքբերումները փորձում են նսեմացնել ու արժեզրկել։ Սեւ են նրանք, ովքեր ունակ են քանդելու, բայց ոչ արարելու ու կառուցելու։ Վերջապես սեւ են նրանք, ովքեր փորձում են սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջեւ»:

Նա անդրադարձավ նաեւ ներդրումների ներգրավվմանը Հայաստան, տնտեսության զարգացմանը եւ նկատեց, որ այդ ամենը նախապայման ունի`ներքաղաքական կայունությունն ու կանխատեսելի ու հստակ տնտեսական քաղաքականությունը: Ըստ նրա, պարբերական ցնցումները եւ լարված իրավիճակները վստահություն չեն ներշնչում ներդրողների համար։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031