Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կոնջորյան. «Տասնամյակներ շարունակ ժողովրդի զգալի հատվածը իրեն պառլամենտում ներկայացված չէր զգում»

Հունիս 05,2019 23:50

«Օրբելի» կենտրոնում այսօր ԱԺ պատգամավորներ Հայկ Կոնջորյանը՝ «Իմ քայլը» խմբակցություն, Տիգրան Ուրիխանյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն եւ Տարոն Սիմոնյանը՝  «Լուսավոր Հայաստան» խմբակցություն, ներկայացրին Հայաստանում  խորհրդարանական կառավարման համակարգի կայացման վերաբերյալ իրենց մոտեցումները, անդրադարձան առկա խնդիրներին եւ առաջնահերթություններին:

Հայկ Կոնջորյանն իր ելույթներից մեկում միտք էր արտահայտել, թե հասարակական-քաղաքական քննարկումները փողոցից այլեւս պիտի տեղափոխվեն պառլամենտ: Խոսելով մեկ տարվա ընթացքում դրա դինամիկայի մասին՝ հաշվի առնելով նաեւ, որ երբեմն  արտախորհրդարանական ընդդիմությունը քաղաքական կարծիք արտահայտելու այլ հարթակ, ըստ էության, չունի. ասաց. «Այդ գաղափարը գալիս է նախորդ տարիներին վերաբերող պարզ արձանագրումից: Մենք տասնամյակներ շարունակ գտնվում էինք մի իրավիճակում, երբ պառլամենտի զգալի հատվածը չէր ներկայացնում հանրային տրամադրությունները, եւ մեր ժողովրդի մի շատ մեծ հատված իրեն ներկայացված չէր համարում եւ չէր զգում ԱԺ-ում: Եվ այն գործիչները, որ ԱԺ-ում էին, ըստ էության պատվիրակված չէին քաղաքացիների կողմից՝ իրենց խնդիրները պառլամենտական ամբիոնից հնչեցնելու եւ խորհրդարանական գործիքակազմով դրանց լուծում տալու:

Դա շատ մեծ անջրպետ էր առաջացրել հանրության եւ այդ ժամանակի քաղաքական խորհրդարանական էլիտայի միջեւ: Ավելին, այդ ստատուս քվոն, որ կար համենայն դեպս, մինչեւ վերջին ընտրությունները, ձեւավորվում էր ոչ թե քաղաքական ուժեր-հանրություն հանրային դաշինքի միջոցով, այլ քաղաքական որոշակի նեղ էլիտայի, կամ նեղ կլանի միջեւ գոյություն ունեցող ստվերային դաշինքի միջոցով: Գործում էին այլ խաղի կանոններ եւ առաջնորդություններ եւ քաղաքական մեծամասնությունն ու կառավարող էլիտան հիմնվում էր բոլորովին այլ պայմանավորվածությունների վրա: Այդ դեպքում հանրության զգալի հատվածի խնդիրների բարձրաձայնման, լուծման հիմնական դաշտը մնում էր փողոցում: Որովհետեւ, եթե պետական ինստիտուտները չեն արտահայտում մարդկանց ճնշող մեծամասնության կարծիքը եւ չունեն այդ մանդատը, ստացվում է՝ նրանց միակ գործիքը փողոցում իրենց կամքն արտահայտելն է:

Ցանկացած ժողովրդավարական հասարակության մեջ, որտեղ պետական ինստիտուտները գործում են եւ առողջ են, փողոցը եւս շարունակում է մնալ ժողովրդավարության կոնտեքստում շատ տրամաբանական լեգիտիմ հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են յուրաքանչյուր պահի իրենց բողոքը արտահայտել: Հիմա եւ այսուհետ էլի դա լինելու է եւ պետք է լինի: Հիմա ես հույս ունեմ՝ առողջ բանականությունն ու ժողովրդավարության կանոնն է հուշում դա, որ արդեն քաղաքացիների մանդատը ստացած խորհրդարանը քաղաքացիների դժգոհությունների, կարծիքների արտահայտման հիմնական ներկայացուցչական մարմինն է, որտեղ օրենսդրական, քաղաքական տարբեր գործիքակազմերով հանրության ցանկությունները, երազանքները եւ նպատակները ստանում են որոշակի տեսք: Այս իմաստով, անցած տարվա ընտրությունները փաստորեն արձանագրեցին, որ մենք արդեն փողոցից բացի ունենք այլ լծակներ եւ պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը մեծացավ: Այսօր փողոցը շարունակում է լինել ակտուալ, բայց բազմաթիվ խմբեր ու քաղաքացիներ շարունակում են գալ պառլամենտ եւ իրենց բողոքի ձայնը արտահայտել: ԱԺ պրոֆիլային հանձնաժողովները հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ: Կարծում եմ, որ ամենակարեւոր, ճակատագրական հարցերի հիմնական հարթակը պիտի տեղափոխենք պառլամենտ, ինչը շատ կարեւոր է պառլամենտարիզմի հետագա զարգացման համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930