Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած ձայն արտացոլվելու է ընտրությունների արդյունքների վրա». «Հրապարակ»

Սեպտեմբեր 15,2023 10:46

Փորձեցինք պարզել, թե ինչ տրամադրություններով են ավարտում ուժերը քարոզարշավը, ինչ հույսեր ու ծրագրեր ունեն:

«Ապրելու երկիր» կուսակցության շտաբի պետ Մեսրոպ Առաքելյանը նախընտրական քարոզարշավը համարում է կայացած, իրենք հասցրել են շրջել քաղաքում ավելի քան 2 անգամ. «Արդյունավետ քարոզարշավ էր, անգամ բոլոր թաղամասերում հասցրել ենք լինել այս օրերին շուրջ երկու անգամ: Հանդիպումներ ենք ունեցել բնակիչների հետ: Վարչական շրջաններում լոկալ թիմեր ունենք, որոնք բնակիչների հետ ամեն օր շփումների մեջ են եղել: Մեր ծրագիրը գրված էր բնակիչների հետ շփումների հիման վրա, հետեւաբար՝ քարոզարշավի ընթացքում մենք արձանագրեցինք, թե ինչ խնդիրներ ունեն երեւանցիները: Մենք բոլորն արձանագրել ենք, ներկայացրել դրանց լուծման հստակ ծրագրերը՝ հստակ ժամկետներով: Հույս ունենք, որ կարժանանանք երեւանցիների վստահությանը»: Նա կարծում է, որ այսօրվա պայքարը թե՛ քաղաքային է եւ թե՛ քաղաքական. «Կուսակցությունները քաղաքական են, սակայն Երեւանը, մայրաքաղաք լինելով, ունի հսկայական խնդիրներ, կառավարման անհրաժեշտություն: Տարիներ շարունակ խնդիրներ են կուտակվել Երեւանում, որոնց վերաբերյալ մենք հստակ մեր ծրագրերն ենք ներկայացրել: Այս ընտրությունները շատ կարեւոր են մեզ համար, որովհետեւ մենք տեսնում ենք իշխանափոխությունն այս ընտրությունների միջոցով: Այն մարտահրավերները, որ այսօր ծառացել են մեր երկրի առջեւ, գործող իշխանությունները ոչ միայն լուծել չեն կարողանում, այլեւ խորացնում են դրանք: Հասարակության համար այսօր գերակշռում է քաղաքական օրակարգը, սակայն հաշվի առնելով, որ ամեն ընտրող կարող է ընտրությունների մասին իր ընկալումներն ունենալ, մենք ներկայացրել ենք թե՛ քաղաքային եւ թե՛ քաղաքական ծրագրեր»: Հարցին, թե ինչպես են վերահսկելու, որ ընտրակեղծարարություն չլինի, մեր զրուցակիցը նշեց. «Մեր վստահված անձինք լինելու են բոլոր ընտրատեղամասերում: ՔՊ-ի վարչական ռեսուրսի դեմ պայքարի փորձն ունեցել ենք մարզերում, ուստի մեր ձայներին տեր ենք կանգնելու: Երեւանցիներին վստահեցնում եմ, որ ցանկացած ձայն արտացոլվելու է ընտրությունների արդյունքների վրա, ուստի բոլոր երեւանցիներին կոչ եմ անում՝ մասնակցել ընտրություններին եւ ընտրել հենց մեզ: Մնացածն արդեն մենք գիտենք: Իշխանությունների պահվածքն այնքան բաց է, որ իրենց չարաշահումներն ու վարչական ռեսուրսների կիրառումը չեն էլ փորձում թաքցնել, բայց մենք չենք զարմանում: Մեզ համար դա անակնկալ չէ»:

Երեւանում լինելու է ավելի քան 475 ընտրատեղամաս: «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն այս ընտրությունները համարում է քաղաքային եւ քաղաքական պայքարի հիբրիդ. «Կան շատ կարեւոր քաղաքային ծրագրեր, որոնք հնչեցրել ենք, կա նաեւ քաղաքական կոնտեքստ, որը վերաբերում է քաղաքական համակարգի առողջացմանը: Այդ մասին եւս խոսել ենք: Եթե այսօրվա խորհրդարանի պատկերից դասեր քաղել ենք, որտեղ կա մեծամասնությունից կազմված իշխող ուժ եւ երկու ընդդիմադիր ֆրակցիաներ, որոնք ամեն բան անում են` իրենց պարտականություններից բացի, ապա Երեւանի ավագանին չպետք է նման լինի այսօրվա խորհրդարանին»: Իսկ ի՞նչ է ուզում այսօր երեւանցին։ «Երեւանցին այսօր ուզում է լուծել համատիրությունների խնդիրը, նաեւ ցանկանում է բեռնաթափված տեսնել քաղաքը, ինչպես նաեւ սեփական տների հարցն օրինականացված տեսնել»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930