Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Խզմալյանը` ընկերության, թանկ նվերների ու պաշտոնի անցողիկության մասին (Տեսանյութ)

Օգոստոս 08,2019 23:00

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի զրույցը Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո բավականին անկեղծ էր:

Մանկության մասին խոսելիս, պարոն Խզմալյանն այն բնորոշեց որպես վառ տպավորությունների շղթա, որտեղ ամեն ինչ լրացվում է երեւակայությամբ: «Հիվանդագին հավատ եմ ունեցել Ձմեռ պապի հանդեպ: Նոր տարին եղել է իմ ամենասիրելի տոնը: Երբ գիշերը 12-ին Նոր տարին «թակում» էր դուռը, ես բացում էի այն, ցատկում նվերի վրայով, իջնում 4 հարկ ներքեւ, որ բակում գտնեմ Ձմեռ պապին…Եվ իմ կյանքի ամենամեծ դրամատիկ պահերից մեկն այն էր, երբ ինձ ասացին, որ Ձմեռ պապ գոյություն չունի: Սա մոտավորապես նույնն էր, որ Նիցշեն ասում էր՝ Աստված մահացել է»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Արա Խզմալյանը: Հավելեց, որ մանկության լավագույն հիշողությունները կապված են նաեւ գյուղի հետ, որտեղ անց էր կացնում ամռան ամիսները` տատիկի հետ: Մեր զրուցակիցը վստահ է` մարդասիրության մեջ մեծ դեր ունի գյուղական միջավայրում լինելու հանգամանքը:

Արա Խզմալյանը` տիկնոջ հետ

Մայրիկի հետ:

Որդին` հյուրախաղերից վերադարձող տատիկին սպասելիս:

Մատենադարանում:

Արա Խզմալյանն ասում է, որ հումորի զգացողությունն անչափ կարեւոր է աշխատանքի ընթացքում եւ ստեղծագործական կյանքում. «Եթե հումորը չլինի, կյանքն ուղղակի անտանելի կդառնա… Բոլոր մարդիկ բարդ են, ունեն չիրականացած ցանկություններ, դրա հետեւանքով առաջացած ամբիցիաներ եւ բարդույթներ, եթե դու ղեկավար անձնակազմից ես եւ չունես ունակություն մարդկանց ընդունելու, այնպիսին, ինչպիսին իրենք կան, ավելի լավ է չլինես ղեկավար, որովհետեւ դա ավելի կարեւոր է, քան հաճախ մասնագիտական պատրաստվածությունը…Հումորը կարեւոր է նաեւ սեփական անձի հանդեպ, ինչն ավելի բարդ է, քան այլոց հանդեպ հումորը…Հումորը հեռու չէ հանդուրժողականությունից, հավասարակշռությունից…Ողջամիտ կեցվածք ունենալու համար անհրաժեշտ է հումորը»:

Ռուբեն Բաբայանի հետ:

Հենրիկ Հովհաննիսյանի հետ

Նարինե Թուխիկյանի, Դավիթ Դավթյանի եւ Արայիկ Հարությունյանի հետ:

Ընկերությանն էլ անդրադարձ եղավ: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը, որ մարդկանց հետ շփումների առումով ոչ մի խնդիր չունի, ասաց, որ սիրում է, երբ ընկերը չի լինում պահանջկոտ. «Ես սիրում եմ այն մարդկանց, որոնք հարգում են դիմացինի տարածքը, որոնք անկախ մտերմության աստիճանից, իրենց թույլ չեն տա մտնել քո տարածք, եթե դու թույլ չես տալիս…Չափի զգացում եւ հեռավորություն պահելու ունակություն ունեցող մարդիկ իմ աչքի լույսն են: Ցավոք սրտի, մեր միջավայրում հաճախ հենց այս կուլտուրային չենք տիրապետում գերազանցապես: Մենք շատ հեշտ ենք խորհուրդ տալիս մարդկանց, սովորեցնում ապրելու ձեւը, ասում` ճիշտ ես, թե սխալ ես: Մի խոսքով` շատ հեշտ ենք խմբագրում մարդու կյանքը:

Ես սիրում եմ այն մարդկանց եւ պատրաստ եմ շփվելու այն մարդկանց հետ, եթե ունեն վստահություն եւ հարգանք` դիստանցիան պահելու: Որքան էլ ես կողքից թվամ շփման խնդիր չունեցող, միեւնույն է` ես ունեմ իմ թաքուն շերտերը, իմ աշխարհը, որի դռները շատ դժվար ու շատ զգույշ եմ բացում եւ բացելուց առաջ պետք է վստահ լինեմ, որ անպատեհ ներս չեն փորձի մտնել»:

Գոռ Սուջյանի հետ

Վահագն Հայրապետյանի հետ

Տատիկի հետ

Արա Խզմալյանի հետ թանկ նվերներից էլ խոսեցինք: «Նվերի արժեքը որոշվում է այն հանգամանքներով ու իրավիճակով, որտեղ տրվում է այդ նվերը…Նվերը գնային արժեք չունի…Օրինակ, երբ նոր էի սկսել շփվել եւ ընկերություն անել իմ ապագա կնոջ հետ, իր նվիրած Վիսոցկու բանաստեղծությունների փոքրիկ գրքույկը կամ ժապավենը շատ ավելի թանկ են, քան այլ հնարավոր արժեքավոր բաներ…Այսինքն, նվերն իմաստավորվում է իրավիճակով` ով է տվել նվերը, ինչ իրավիճակում եւ այդ նվերի միջոցով մարդկային հոգեւոր ինչ շփում է տեղի ունեցել»,-ասաց մեր զրուցակիցը: Հավելեց, որ ինքը սիրում է հատկապես գեղարվեստական գրքեր նվեր ստանալ:

«Իմ կյանքում շատ միստիկ կերպով միշտ կոնկրետ գրքեր ընթերցել եմ այն պահին, երբ դրանք ինձ հարկավոր են եղել…Երբ այդ գիրքն անհրաժեշտ է եղել ինձ համար կարեւոր մի խնդիր կարգավորելու տեսանկյունից: Կարծես մի անտես ձեռք ինձ հասցրել է հենց այդ գրքին, որովհետեւ հետո այդ գիրքը նույն խորությամբ չէի կարող ընկալել, քանի որ հետո ես էի փոխվելու…»,- ասաց փոխնախարարը: Ընթերցած գեղարվեստական վերջին գիրքն էլ Միլլերի «Խեցգետնի արեւադարձն» է` Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ, որը եզակի որակեց:

Իր կյանքում կարեւոր դերակատարություն ունեցած անհատներից էլ խոսեցինք: Նրանց թվում են` պապը, Հենրիկ Հովհաննիսյանը, Հրաչյա Թամրազյանը եւ Ռուբեն Բաբայանը:

Ինչ վերաբերում է պաշտոնյա լինելուն, ասաց, որ բոլոր պաշտոններն ունեն ժամանակավոր բնույթ. «Բայց երանի, երբ պաշտոնը երբեւէ ընդհատվեց, քայլենք փողոցով, չամաչենք նայել մեր գործընկերների աչքերին, եւ միջավայրը մեզ ասի, որ այս լավ գործերը, այս բարեփոխումներն արվել են այս մարդկանց նախաձեռնությամբ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութով

Լուսանկարները` Արա Խզմալյանի արխիվից:

 Գլխավոր լուսանկարը` Նարեկ Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031