Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ասել է նյութափոխանակություն, և կարո՞ղ ենք արդյոք մենք ազդել այդ գործընթացի վրա

Օգոստոս 25,2019 23:00

Մարդու օրգանիզմում ամեն վայրկյան տեղի են ունենում հազարավոր գործընթացներ, որոնցից յուրաքանչյուրի ուսումնասիրութան շնորհիվ մարդը ոչ միայն ավելի լավ է ճանաչում ինքն իրեն,  այլև ավելի ու ավելի շատ է զարմանում իր ներսում ընթացող գործընթացների կատարելությունից։

Այդպիսի մի զարմանալի գործընթաց է նյութափոխանակությունը կամ մետաբոլիզմը (հունարեն՝ μεταβολή metabolē նշանակում է փոփոխություն),  որը օրգանիզմի համար կենսականորեն անհրաժեշտ կենսապահովման քիմիական փոխարկումների ամբողջությունն է: Նյութափոխանակությունն ընթանում է 3 հիմնական ուղղություններով․

  • սննդանյութերը փոխակերպում  է էներգիայի, որն անհրաժեշտ է բջջային գործընթացների իրականացման համար,
  • սննդանյութերը վերածում է սպիտակուցների, լիպիդների, նուկլեինաթթուների և որոշ ածխաջրերի կառուցվածքային միավորների,
  • հեռացնում է ազոտային արգասիքները:

Մետաբոլիզմը սովորաբար բաժանում են 2 կատեգորիայի. կատաբոլիզմ՝ օրգանական միացությունների ճեղքումն է, օրինակ՝ բջջային շնչառության ընթացքում գլյուկոզի ճեղքումը մինչև պիրուվատ (պիրոխաղողաթթու), և անաբոլիզմ՝ բջջի կառուցվածքային բաղադրիչների սինթեզն է, որոնցից են սպիտակուցներն ու նուկլեինաթթուները:

Ընդ որում ճեղքմամբ  էներգիան անջատվում է, սինթեզի ժամանակ՝ ծախսվում է:

Շատերը սխալմամբ կարծում են, որ կարող են ազդել նյութափոխանակության արագության վրա՝ այդպիսով վերահսկելով իրենց քաշը։ Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ․ նյութափոխանակության հետ կապված թյուրըմբռնումներ կան, որոնց էլ կանդրադառնանք ստորև։

Ընդունված է կարծել, որ նիհար մարդիկ ավելի արագ նյութափոխանակություն ունեն, իսկ գիրության հակում ունեցող մարդիկ՝ դանդաղ։ Եվ նիհարելու համար պետք է արագացնել մետաբոլիզմը։

Սակայն տարբեր մարդկանց մոտ նյութափոխանակությունը կարող է տարբեր լինել։ Այն կախված է․

  • մարմնի կառուցվածքից (մկաններն ավելի շատ էներգիայի կարիք ունեն),
  • սեռից (տղամարդկանց սովորաբար ավելի շատ կալորիաներ են հարկավոր, քան կանանց),
  • տարիքից (տարիքի հետ հիմնական փոխանակությունը դանդաղում է)։

Նյութափոխանակության վրա ազդում է նաև գենետիկան, թեև գիտնականները դեռևս չեն կարող ասել, թե որքան սերտ է այդ կապը։ Սակայն գենետիկան միանշանակ կարևոր դեր ունի մկանային ծավալի մեծացման հնարավորության հետ կապված (ինչն էլ ազդում է նյութափոխանակության վրա)։

Նյութափոխանակությունը հաճախ է համարվում «քաշի» ավելացման մեղավորը։ Սակայն նյութափոխանակությունը մեծամասամբ «հոգ է տանում» մեր կենսագործունեության պահպանման, այլ ոչ թե քաշի կարգավորման մասին։ 5 տոկոսից ոչ ավելի են դեպքերը, երբ մարմնի ավելորդ քաշը կապված է էնդոկրին համակարգի հիվանդությունների հետ, քանի որ քաշի կարգավորումը, դրա ավելացումը կամ պակասեցումը բարդ գործընթաց է, որի վրա մի շարք գործոններ են ազդում, ինչպիսիք են գենետիկան, սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, քունը, սթրեսը, հորմոնները։
Գիտնականները մի հարցում համակարծիք են՝ մարդը քաշ է հավաքում, երբ ավելի շատ կալորիա է ստանում, քան այրում է։ Նիհարելու համար էներգիայի դեֆիցիտ է հարկավոր։ Եվ այն, որ նիհար մարդն ուտում ու չի գիրանում, պարզապես միֆ է։ Եթե հաշվենք կալորիաները, որոնք նա ստանում և այրում է, ապա կտեսնենք, որ օգտագործումը չի գերազանցում ծախսը։ Եթե սկսել եք քաշ հավաքել, ապա ինչ-որ բան սխալ եք անում, օրինակ՝ սկսել եք ավելի քիչ շարժվել, փոխվել է ձեր կողմից ընդունվող սննդի որակը կամ քանակը և այլն։

Խնդիրը կարելի է հասկանալ սննդակարգին հետևելով և այստեղ այնքան էլ կարևոր չէ կալորիաները հաշվելը, որքան հասկանալը, թե հատկապես ի՞նչ եք ուտում, ներառվա՞ծ են արդյոք սննդակարգում մրգեր ու բանջարեղեն, աշխաջրերն օգտագործո՞ւմ եք ամբողջական հատիկավորների տեսքով, թե՞ ոչ օգտակար պատառների, ստանո՞ւմ եք արդյոք բավարար չափով սպիտակուցներ։ Մի՛ մոռացեք ձեր դիտարկումներով կիսվել բժշկի հետ․ համատեղ ջանքերով դուք կկարողանաք լուծել խնդիրը։

Անխոս, կան գեներ, որոնք նույնականացվում են մետաբոլիկ գործընթացների հետ, սակայն «ճարպակալման գենը» չի մեծացնի ձեր հագուստի չափսը, եթե դուք հետևում եք ձեր կենսակերպին։ Իհարկե, այդ գեները ժամանակին մեր նախնիներին օգնել են գոյատևել սովի տարիներին և նրանցից էլ փոխանցվել են մեզնից շատերին։ Սակայն հիմա իրավիճակը բոլորովին այլ է, և եթե ձեր սառնարանը գիշերվա ընթացքում մի քանի անգամ հասցնում է բացվել ու փակվել, այդ դեպքում գեներին մեղադրելն այնքան էլ նպատակահարմար չէ։

Ընդունված է համարել, որ ջուրն արագացնում է նյութափոխանակությունը։

Հաճախ նիհարելու համար խորհուրդ են տալիս ջուր խմել, քանի որ այն օգնում է արագացնել նյութափոխանակությունը։ Գիտնականները բազմիցս փորձել են գտնել այդ կապը, սակայն պարզվել է, որ նյութափոխանակության վրա ջուրն ազդում է այնքանով, որքանով որ փոխարինում է կալորիական, քաղցր ըմպելիքներին՝ այդպիսով թույլ տալով կարգավորել քաշը։ Ցավոք, գիտական հիմնավորում չունեն այն պնդումները, որ մաքուր ջուրն օգնում է նվազեցնել խոլեսթերինը կամ զարկերակային ճնշումը։

Կա նաև կարծիք, որ օրվա ընթացքում պետք է սնվել քիչ-քիչ և հաճախ, իբր այդպիսով նյութափոխանակությունն արագանում է։

Դիետիկ մի շարք ծրագրեր խորհուրդ են տալիս սնվել 3 ժամը մեկ՝ հավաստիացնելով, որ դա օգնում է վերահսկել քաշն ու արագացնել մետաբոլիզմը։

Սննդի ընդունման այդ տարբերակը հոգեբանական տեսանկյունից թույլ է տալիս շրջանցել սննդի հետ կապված սահմանափակումների զգացողությունը, բացի դա, այդպես քաղցի զգացում չի առաջանում։ Իրականում չկան հիմնավոր ապացույցներ, որ այդպիսով մետաբոլիզմն արագանում է, թեեւ կա որոշակի դրական ազդեցություն, պայմանով, որ ընդունված սննդի կալորիաները չեն գերազանցում էներգիայի ծախսը։

Գիտնականները կարևորում են սննդի ընդունման կանոնավորությունն  ու ֆիզիկական ծանրաբեռնվածության հավասարակշռությունը։

Համարվում է, որ որոշ մթերքներ կարող են արագացնել նյութափոխանակությունը, օրինակ՝ սուրճը, կանաչ թեյը կամ կծու պղպեղը։ Այդ մթերքները կարող են աննշան կերպով և կարճ ժամկետով արագացնել նյութափոխանակությունը, սակայն դա բավարար չէ քաշը կորցնելու համար։

Հայտնի է, որ կծու պղպեղի մեջ պարունակվող կապսաիցին նյութը թույլ է տալիս վերահսկել ախորժակը, քանի որ շատ արագ հագեցածության զգացում է առաջանում այդ նյութի շնորհիվ։ Սակայն հայտնի է նաև, որ շատերի ախորժակը կծու սնունդն ավելի է բացում՝ այդպիսով թույլ տալով ավելի շատ ու կալորիական կերակուրներ ուտել։

Սուրճը նվազեցնում է հսկայական թվով հիվանդություններով հիվանդանալու վտանգը, հատկապես՝ նեյրոդեգեներատիվ, սիրտ-անոթային, լյարդի և այլն։ Սակայն այստեղ էլ պետք է հիշել չափավորության մասին՝ փորձելով օրական բավարարվել մինչև 3 բաժակ սուրճով։

Եվս մեկ համոզմունք կա, որ տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է։

Ցավոք, այդպես է։ Տարիքն իրապես ազդում է նյութափոխանակության արագության վրա։ Էներգիայի ծախսը պակասում է տարիքի հետ, այդպիսով նաև՝ մկանային ծավալը։ Ահա թե ինչու է այդքան կարևոր ֆիզիկական ակտիվությունը պահպանել 65 տարեկանից հետո՝ չմոռանալով հանգիստ քայլքի, մարմնամարզության, լողի մասին։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031