Լրահոս
Օրվա լրահոսը

Գործազուրկների թիվը նվազում է արտագաղթի հետևանքով. Թադևոս Ավետիսյան

Հոկտեմբեր 10,2019 13:52 Share

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակեց ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակի հիմնական ցուցանիշները, որոնք բնութագրում են աշխատանքի շուկան (հղումը):

Մասնավորապես, 2019 թվականի 1-ին եռամսյակի համեմատ՝ 2-րդ եռամսյակում շուրջ 60 հազարով նվազել է աշխատուժից դուրս բնակչության թիվը, այսինքն` աշխատանքային տարիքի աշխատունակ բնակչության այն հատվածը, որոնք աշխատանք չեն փնտրում կամ պատրաստ չեն անցնել աշխատանքի կամ չեն ցանկանում աշխատել: Գրեթե նույն չափով էլ՝ շուրջ 60 հազարով, ավելացել է զբաղվածների թիվը: Այս ցուցանիշների փոփոխությունը հիմնականում բացատրվում է ստվերային զբաղվածության կրճատմամբ:

Առաջին հայացքից դրականորեն արձանագրում ենք, որ 2019 թվականի 2-րդ եռամսյակում շուրջ 46400-ով նվազել է գործազուրկների թիվը՝ նախորդ եռամսյակի համեմատ: Այս առումով հատկանշական է նաև, որ շուրջ 51500-ով նվազել են աշխատանքային ռեսուրսները: Այս ցուցանիշը կազմում է աշխատուժից դուրս բնակչության, զբաղվածների և գործազուրկների թվերի հանրագումարը:

Հետևաբար, եթե աշխատուժից դուրս բնակչության թվի նվազմանը համարժեք ավելացել է զբաղվածների թիվը, ապա ստացվում է՝ գործազուրկների թվի կրճատումն արձանագրվել է աշխատանքային ռեսուրսների (15-75 տարեկան առկա բնակչություն) նվազման հետևանքով:

Այլ կերպ ասած, 2019 թվականի 2-րդ եռամսյակում՝ 1-ին եռամսյակի համեմատ 51500-ով նվազել է 15-75 տարեկան առկա բնակչության թիվը, որոնցից 46400-ը գործազուրկներ են: Այսինքն, քննարկվող ժամանակահատվածում 253600 գործազուրկների 18,3 տոկոսը կամ 46400 գործազուրկներ արտագաղթել են Հայաստանից կամ մեկնել են արտագնա աշխատանքի՝ բնականաբար, հայրենիքում հարմար աշխատանք չգտնելու հետևանքով:

Սա մտահոգիչ էական փաստ է, որի արձանագրմամբ ստացվում է հետևյալ մոտեցումը. «չկա մարդը, չկա պրոբլեմը»:

Այս իմաստով մտահոգիչ է նաև, որ 2019 թվականի 1-ին եռամսյակին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազուրկների թիվն աճել էր 16 հազարով: Բացասական այս միտումների պարագայում՝ 2018 թվականին զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը եղել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս: Այսինքն՝ նույնիսկ եղած սուղ հնարավորությունների պայմաններում շուրջ 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարավոր պետական աջակցություն և չեն տեղավորվել աշխատանքի:

Կարևոր է նշել նաև, որ 2019 թվականին միջին ամսական կտրվածքով աշխատանք փնտրողների ընդամենը 1 տոկոսն է տեղավորվել աշխատանքի: Այսինքն՝ ամսական միջինը 1000 աշխատանք փնտրողներ են տեղավորվել աշխատանքի, իսկ նրանցից ընդամենը 140-ն են ընդգրկված եղել զբաղվածության պետական ծրագրերում:

Զբաղվածության պետական աջակցության փաստացի արդյունքի գնահատման տեսանկյունից անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ զբաղվածության պետական գործակալությունն ունի 51 տարածքային կենտրոններ՝ շուրջ 300 աշխատողներով, տարեկան շուրջ 1,2 միլիարդ դրամ պահպանման ծախսերով:

 

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031