ՀՀ վիճակագրական կոմիտեն հունիսի 5-ին հրապարակել է այս տարվա հունվար–ապրիլի սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները։ Նեկայացնում ենք, թե ինչ ցուցանիշներ են գրանցվել ՀՀ տնտեսությունում այս տարվա առաջին 4 ամիսներին։
Արդյունաբերական արտադրանքի ծավալներն այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 13․0 տոկոսով։ Այդ թվում՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում գրանցվել է 35․4 տոկոս աճ։ Մշակվող արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 8․9 տոկոս։
Շինարարության ծավալներն այս տարվա հունվար-ապրիլին 2025-ի նույն ժամանակահատածի համեմատ աճել են 22.9 տոկոսով։ Առեւտրի շրջանառությունն աճել է 1․5 տոկոսով։ Այդ թվում՝ մանրածախ առեւտրի շրջանառությունն աճել է 7․5, ավտոմեքենաների առեւտուրը՝ 9․5 տոկոսով, իսկ մեծածախ առետրի ծավալները նվազել են 1․7 տոկոսով։
Ապրիլի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 134 մլրդ 827.6 մլն դրամ՝ մարտ ամսվա համեմատ նվազելով 179 մլրդ 855.0 մլն դրամով։ Այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 5 տրիլիոն 131 մլրդ 722.2 մլն դրամ։ ՀՀ արտաքին պարտքը 2 տրիլիոն 479 մլրդ 485.4 մլն դրամ է, իսկ ներքին պարտքը՝ 2 տրիլիոն 652 մլրդ 236.8 մլն դրամ։
Կարդացեք նաև
Դոլարով ՀՀ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 833.42 մլն դոլար, որից արտաքին պարտքը 6 մլրդ 679.828 մլն դոլար է։ Արտաքին պարտքը մարտ ամսվա համեմատ ապրիլին դոլարով աճել է 7.222 դոլարով, իսկ դրամով նվազել է 39 մլրդ 690.4 մլն դրամով։
Արտաքին եւ փոխադարձ առեւտրաշրջանառության ծավալները հունվար-ապրիլին աճել են 0․3 տոկոսով։ ԱՊՀ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալները նվազել են 17․2 տոկոսով, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետ՝ 19․2 տոկոսով։ ՌԴ հետ՝ 20․7 տոկոսով։ ԵՄ երկրների հետ նույն ժամանակահատվածում առեւտրաշրջանառությունն աճել է 45.2 տոկոսով։ ԱՄՆ հետ առեւտրաշրջանառությունն աճել է 31.8 տոկոսով, Իրանի հետ՝ 6,7 տոկոսով, Չինաստանի հետ՝ 19.4 տոկոսով։
Նույն ժամանակահատվածում արտահանման ծավալները նվազել են 3,3 տոկոսով, ներմուծման ծավաներն աճել են 2,5 տոկոսով։ ԵԱՏՄ երկրների հետ արտահանման ծավալները նվազել են 4,7 տոկոսով, իսկ ԵՄ անդամ երկրների հետ՝ աճել 97.3 տոկոսով։ Ներմուծման ծավալները ԵԱՏՄ երկրներից նվազել են 28,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրներից աճել են 27.3 տոկոսով։
Ինչ վերաբերում է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին, ապա, ըստ Վիճակագրական կոմիտեի, հունվարի 1-ի համեմատ ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակն աճել է։ Եթե այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել էր 3 մլն 096.9 հազար մարդ, ապա ապրիլի 1-ի դրությամբ այն կազմել է 3 մլն 100.1 հազար մարդ։ Այդ թվում՝ քաղաքային բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 980.9 հազար, իսկ գյուղականը՝ 1 մլն 119.2 հազար մարդ։ Երեւանում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 148.4 հազար մարդ։
ՀՀ պետական սահմանի անցակետերով իրականացված մուտքերի եւ ելքերի վճակագրությունն այս տարվա առաջին 4 ամիսներին հետեւյալն է՝ մուտք 1 349 862, ելք 1 349 127։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.06.2026


















































