Լրահոս
Օրվա լրահոսը

Ենթամշակույթը օրենքով հնարավոր չէ արգելել

Նոյեմբեր 13,2019 10:00

Քրեական ենթամշակույթի մասին քննարկումը վեճ է իդեալիստների եւ ռեալիստների (իրապաշտների) միջեւ։ Իդեալիստները (ես էլ՝ նրանց թվում) ասում են, որ ամեն ինչ պետք է լինի օրենքով, ոչ մի անձ չի կարող ունենալ օրենքով չնախատեսված արտոնություններ՝ լինի նա «զոն նայող», «օրենքով գող», թե պարզապես «թաղի լավ տղա»։ Ռեալիստներն էլ համոզված են, որ քրեական ենթամշակույթը ձեւավորվում է ընտանիքից, մանկապարտեզից, բակից, դպրոցից, եւ այդ մշակույթը տղաների ինքնահաստատման ձեւերից մեկն է:

Իրապաշտները պնդում են նաեւ, որ որոշ փակ միջավայրերում, հատկապես քրեակատարողական հիմնարկներում հնարավոր չէ կարգուկանոն հաստատել զուտ պաշտոնական վարչակազմի միջոցով, անհրաժեշտ են ոչ ֆորմալ լիդերներ, որոնք կկարողանան սահմանափակել, «հանգցնել» այլոց ինքնահաստատման հավակնությունները: Ավելին՝ ըստ այդ տեսակետի, այն ՔԿՀ-ներում, որտեղ «զոն նայողը» արդարամիտ, խելացի մարդ է, այնտեղ դատապարտյալների վիճակը քիչ թե շատ տանելի է, իսկ եթե «զոն նայողը» չարաշահում է իր իշխանությունը, բարքերը շատ ավելի դաժան են: Օրինակ, պատմում են, որ «օրինակելի զոներում», երբ մտնում ես «նայողի» խուց, պետք է ձեռքերդ մեջքի հետեւում պահես՝ հավանաբար, այդ տեսակի «շեֆերին» դուր չի գալիս չափից դուրս ակտիվ «ժեստերի լեզուն»: Այդպիսի «զոներում» արգելված է, որ սովորական դատապարտյալներն իրար ապտակեն, իսկ ահա «զոն նայողը» կարող է ցանկացած «մեղավորի» ապտակել, եւ վերջինս իրավունք չունի վիրավորվելու, առավել եւս՝ պատասխանելու: Եթե այդ բոլոր կարգավորումները հանձնվեն ՔԿՀ-ի վարչակազմին, ասում են իրապաշտները, բռնությունը խցերում կհասնի վտանգավոր չափերի:

«Զոնը», իհարկե, օրենքը շրջանցող «կարգավորումների» ամենավառ օրինակն է, կարելի է ասել՝ քրեական ենթամշակույթի մանրակերտն է, որը, որոշակի ձեւափոխումներով, գործում է նաեւ զորամասի, դասարանի, հանրակացարանի հարկաբաժնի, բակային միջավայրի դեպքերում: Պե՞տք է արդյոք պայքարել նման երեւույթների դեմ: Ինձ թվում է՝ պետք է: Բայց արդյո՞ք դա հնարավոր է անել օրենսդրական կարգավորումներով: Կարծում եմ՝ ոչ: Դա մշակույթի, բարքերի, դաստիարակության, լավ իմաստով՝ քարոզչության խնդիր է, երբ երեխաներին մանկուց սովորեցնում են չհարգել զոռբայությունը, լկտիությունը, բռիությունը եւ հարգել հակառակ դրսեւորումները:
…Ասում են, մարդկությունը բաժանվում է երկու մասի: Եթե դուք անցնում եք փողոցով եւ ուսով դիպչում եք դիմացից եկողին, կա երկու տարբերակ. 1/ դուք ներողություն եք խնդրում, 2/ դուք բացականչում եք՝ «դիմացդ նայիր, այ…»: Երկրորդ դեպքում քրեական ենթամշակույթի պոտենցիալ կրող եք:
Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930