Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայրենիին, ռուսերեն ու անգլերեն լեզուներին տիրապետելը 21-րդ դարի թելադրանք է». Արամ Սաֆարյան

Նոյեմբեր 20,2019 16:32

Եթե մենք ուզում ենք լինել մրցունակ աշխարհի մեծ ու փոքր ազգերի հետ, ապա նախ պետք է ընդունենք, որ մեր երկրում շատ ֆորմալ, ձևական բաներ են եղել, որոնց վրա մենք աչք ենք փակել եւ դրանից մեկը լեզուների իմացությունն է: Այս կարծիքն այսօր, «Այսօրվա Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հիմնական խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը: ԵՊՀ դոցենտը ցավով է նշում. «Մեր ուսանողներից շատերը, չեմ ասում, ռուսերեն, անգլերեն՝ անգամ հայերեն գրագետ գրել չեն կարողանում: Այս պայմաններում մենք մրցունակ լինել չենք կարող, եւ վաղուց ժամանակն է, որ մտածենք`ի՞նչ անենք, որ այս խնդիրը լուծում ստանա»:

Մայրենիին, ռուսերեն ու անգլերեն լեզուներին տիրապետելը, Արամ Սաֆարյանի կարծիքով, 21-րդ դարի թելադրանք է եւ անհրաժեշտություն` մրցունակ պետություն կառուցելու համար: Նրա խոսքով, Հայաստանը չունի միլիարդներ ու տարբեր ռեսուրսներ, մեր միակ ռեսուրսը ինտելեկտուալ լինելն է, հայերն էլ բնականից լեզուներ սովորելու շնորհ ունեն:

Արամ Սաֆարյանը հատուկ ընդգծեց նաեւ, որ ռուսերենի իմացությունը, որը դեռ մի քանի տասնամյակ առաջ մեզանում եղել է սովորական մի բան՝ այսօր նույնպես խնդրահարույց է: Մինչդեռ թե տարածաշրջանային, թե իր հետաքրքրությունների տեսանկյունից, Հայաստանն այն վիճակում է, որ ռուսերենի լավ իմացությունը պարտադիր է զարգացման համար. «Ռուսերեն իմանալը մեր մրցակցային առավելությունն է, սա այն կապիտալն է, որը մեզ պետք է երկրի զարգացման համար: Անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին՝ ռուսերենն իմանալը ուղղակի անհրաժեշտություն է»:

Բանախոսը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանում վաղուց գործում են ամերիկյան լեզվական կենտրոններ, ԵՄ-ն նույնպես ակտիվ է` ուսանողներին կրթական ծրագրեր առաջարկելու տեսանկյունից, մի քանի օր առաջ էլ ԵՊՀ-ում ստեղծվեց ամերիկյան հետազոտությունների կենտրոն: Այս ամենի արդյունքում Արամ Սաֆարյանի հետեւությունը հետեւյալն է`թե ԱՄՆ-ն, թե ԵՄ-ն գումարներ են ծախսում, միջոցներ ձեռնարկում, որպեսզի Հայաստանի ուսանողները մեկնեն արտերկիր. «Ես դրան դեմ չեմ, ամենևին՝ դա հրաշալի հնարավորություն է մեր երիտասարդության համար: Առավել ևս, որ մեր արտաքին քաղաքականությունը թելադրում է մեզ բաց հարաբերություններ ունենալ բոլորի հետ՝ ի դեմս դաշնակից Ռուսաստանի: Բայց լինելով ՀԱՊԿ անդամակցությամբ շատ շահագրգիռ երկիր, ԱՊՀ շրջանակներում կառուցողական մասնակցություն ունեցող երկիր ինչո՞ւ ՀՀ-ում մի հատ հետխորհրդային հետազոտությունների կամ ԱՊՀ հետազոտությունների կենտրոն չկա: Ի՞նչ է, դա պահանջարկվա՞ծ չէ: Ոչ, շատ պահանջարկված է, և դա է վկայում այն, որ մեր բազմաթիվ ուսանողներ մեզ են դիմում, որպեսզի եվրասիականության մասին գիտելիքներ ստանան, գրականություն ունենան»:

Արամ Սաֆարյանը հարց է հնչեցնում`ինչո՞ւ ՀՀ իշխանությունները եվրասիական հետազոտությունների կենտրոն չստեղծեցին այս հինգ տարիների ընթացքում`ՀՀ-ի`ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր: Խոսքը պետական մակարդակի մասին է. «Եվ սա չի կարող չանհանգստացնել Հայաստանի դաշնակիցներին՝ ի դեմս ռազմավարական դաշնակից Ռուսաստանի: Մեր շահերը, մեր հետաքրքրությունները հենց այս տարածաշրջանում են, այս տնտեսական միության շրջանակում են և մեր ապագան էլ այստեղ է»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930