Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՌԴ-ին բարեկամ երկրների վարկանիշում Հայաստանը զիջել է դիրքերը․ Արամ Սաֆարյան

Մարտ 19,2024 18:27

Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը մտավախություններ ունի, որ հայ-ռուսական հարաբերություններն է՛լ ավելի կվատթարանան, ինչի արդյունքում Հայաստանը կարող է դուրս մնալ ՌԴ բարեկամ երկրների ցանկից։

Իր մտավախությունները նա բարձրաձայնեց այսօր կայացած՝ «Ռուսաստանի հանդեպ հետխորհրդային երկրների բարեկամության վարկանիշ-2023․ Հայաստանի հաղորդակցային ռեժիմը» թեմայով առցանց կլոր սեղանի ժամանակ՝ հավելելով, որ որեւէ պարագայում չպետք է թույլ տալ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացում։

Հիշեցնենք, ըստ ամենամյա մոնիտորինգի արդյունքների, Հայաստանն այս տարի զիջել է իր դիրքերը՝ Ռուսաստանի նկատմամբ հետխորհրդային երկրների «բարյացակամության» վարկանիշում զբաղեցնելով 10-րդ տեղը։ Հետազոտությունն իրականացվել է Ազգային հետազոտական ​​ինստիտուտի կողմից։

«Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների ողջ համալիրի վերագործարկում։ Պետք է գտնել երկուստեք ընդունելի կետեր, որոնք պետք է ամրապնդվեն, ինչն էլ կհանգեցնի Հայաստանի՝ ՌԴ բարեկամ երկրի վարկանիշի բարձրացմանը 2025 թվականին»,- ասաց Արամ Սաֆարյանը։

Բանախոսը կարծում է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը՝ հանուն այլ աշխարհաքաղաքական ուղղությունների հետ հարաբերությունների բարելավման, որոնք նույնիսկ չեն ապացուցել իրենց արդյունավետությունը, ցավալի և ճակատագրական սխալ կլինի Հայաստանի համար. «Ես իսկապես չէի ցանկանա, որ հայ հասարակությունը բաժանվեր խմբերի` արևմտամետ, ռուսամետ, եվրոպամետ և այլն, որոնք կվիճեն միմյանց հետ և կթուլացնեն Հայաստանը։ Սա չի կարելի թույլ տալ»։

Հիշեցնենք, օրերս ԵԽ-ն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու ՀՀ թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձեւը:

Արամ Սաֆարյանը կարծում է, որ հարաբերությունները կարգավորելու նպատակով թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում պետք է օգտագործեն երկու երկրների փորձագիտական ​​համայնքների ներուժը՝ ստեղծված իրավիճակից համատեղ ելքեր գտնելու համար։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031