Լրահոս
Օրվա լրահոսը

Նա մի մարդ էր, ում մեջ կար ամեն ինչ․ Նաիրա Զոհրաբյան

Նոյեմբեր 23,2019 21:42

Նոյեմբերի 23-ին գրքի երևանյան փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ՝ «Թարգմանչի կինը» խորագրով։

Հանդիպման ընթացքում  Նաիրա Զոհրաբյանը խոսեց իր ամուսնու՝ թարգմանիչ Սամվել Մկրտչյանի կյանքի և գործունեության մասին։

«Ես ինձ ամենաերջանիկ կինն եմ համարում, որ ունեցել եմ իմ կյանքում Սամվելի նման մարդու։ Նա մարդ էր, ում մեջ կար ամեն ինչ։ Նրա կողքին ես ասես մի հրաբխի վրա լինեի»։

Թարգմանչի կինը խոսեց Սամվել Մկրտչյանի ամենակարևոր գործի՝ «Ուլիսեսի» մասին, սակայն ցավով նշեց նաև, որ պետությունը այդպես էլ չգնահատեց այդ աշխատանքը․

«Ուլիսեսը թարգմանվել է ընդամենը 23 լեզուներով, քանի որ շատ լեզուներ չունեն այնպիսի բառեր, որոնցով հնարավոր է ճշգրիտ թարգմանել գիրքը։ Երբ Սամվելը թարգմանում էր գիրքը, ես կարդալիս զարմանում էի, որ այսպիսի բառեր ունենք հայերենում։ Գիրքը ավարտելուց հետո նա ինձ ասաց, որ իր կյանքի ամենակարևոր գործը արդեն արել է և կարող է հանգիստ մահանալ»։

Նաիրա Զոհրաբյանին հարցրեցին իր ոճային կտրուկ փոփոխության մասին, թե արդյո՞ք ամուսինը իրեն արգելում էր հագնել այնպես, ինչպես ուզում է, քաղաքական գործիչը անկեղծացավ և պատասխանեց․

«Չեմ ժխտի և կասեմ, որ այո, կա այդպիսի բան։ Ես տանից դուրս էի գալիս տափակ կոշիկներով, բայց պայուսակիս մեջ պահում էի բարձրակրունկներս և «Հայկական ժամանակի» խմբագրությունում փոխվում էի և գնում էի Ազգային ժողով»։

Հանդիպման ժամանակ Զոհրաբյանը խոսեց ամուսնու հիվանդության մասին․

«Հիվանդությունը բավականին արագ զարգացավ, մեկ ու կես ամիս տևեց այդ ամենը։ Մինչ նրա մահը ես վախենում  էի մահվանից։ Այդ շրջանում ես հարցազրույցներ էի անում «մորգի» աշխատողների հետ, որպեսզի կարողանայի հաղթահարել իմ վախը։ Նրա մահվանից հետո իմ վախը կարծես անհետացավ»։

Սամվել Մկրտչյանին, երբ տեղափոխեցին Լիոն, նրան ընդամենը մի քանի օրվա կյանք էր մնացել։ Նաիրա Զոհրաբյանը պատմեց, թե ինչպես այդ լուրը իմանալուց հետո թարգմանիչը միացրեց հեռուստացույցը և սկսեց ֆուտբոլ դիտել․

«Երբ բժիշկը նրան ասաց, որ մի քանի օրվա կյանք է մնացել, ես երկար ժամանակ չէի կարողանում մտնել հիվանդասենյակ, որովհետև չգիտեի, թե ինչ պետք է ասեմ։ Մտա հիվանդասենյակ՝ տեսա, որ Սամվելը միացրել է հեռուստացույցը և գարեջուր խմելով՝ ֆուտբոլ է նայում։ Ես ապշած էի, թե ինչպես մարդ կարող է այսքան ուժեղ լինել»։

ԱԺ պատգամավորը նշեց, որ պատրաստվում է թանգարան բացել, որտեղ տեղ կգտնեն իր ամուսնու աշխատանքները, իրերը․

«Ես այդ ամենը ցանկանում եմ անել իմ ուժերով և ո՛չ նախկին իշխանությունից, ո՛չ ներկայիս իշխանությունից օգնություն խնդրել։ Ես այդ ամենը անում եմ և անելու եմ իմ ուժերով»։

Հանդիպման ժամանակ Նաիրա Զոհրաբյանը ընթերցեց Սամվել Մկրտչյանի թարգմանած գրքերից հատվածներ ու վերջում խոստացավ, որ այս բոլոր հուշերը հավաքելու է մի գրքի մեջ և այն վերնագրելու է հենց հանդիպման՝ «Թարգմանչի կինը» խորագրով։

Գառնի ՄՈՒԹԱՖՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930