Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինագծով ոստիկանությանը թույլ ենք տալիս՝ ունենա իր սեփական սարքերը, որ վերահսկի հեռախոսային խոսակցությունները. Սիփան Փաշինյան

Դեկտեմբեր 12,2019 17:34

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի համոզմամբ՝ օպերատիվ հետախուզական մարմինները պետք է լինեն մեկը մյուսից անկախ:

«Հոդված 3» մամուլի ակումբում հրավիրված քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց խորհրդարանում դեկտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Պատգամավորներն առաջարկում են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը:

Արմեն Խաչատրյանը փաստեց, որ երկրի հանցավորության ութսուն տոկոսի պատասխանատուն ՀՀ ոստիկանությունն է, մնացած 20 տոկոսը բաժին է ընկնում այլ իրավապահ մարմինների. «Ոստիկանությունը հեռախոսային խոսակցությունների ամենամեծ ծավալով վերահսկում է իրականացնում: Դա այն օպերատիվ հետախուզական միջոցառումն է, որը թույլ է տրվում իրականացնել միայն ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերում, դատարանի որոշմամբ: Սակայն ոստիկանությունը չունի այդ տեխնիկական միջոցը, որով ինքնուրույն պետք է իրականացնի այդ միջոցառումը: Ոստիկանությունն այդ ծառայությունն իրականացնում է այլ ծառայության՝ ԱԱԾ-ի տեխնիկական միջոցով: ԱԱԾ-ի ծանրաբեռնվածությունը դրանով ավելանում է՝ ավելորդ փաստաթղթաշրջանառություն, ժամանակի կորուստ: Խոսում ենք օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին, իսկ օպերատիվ նշանակում է հրատապ: Եթե ոստիկանությունը չունի այդ սարքը՝ կորչում է հրատապությունը: Երբեմն արդեն հանցագործությունը ավարտված է լինում, հանցագործն էլ փախած»:

Արմեն Խաչատրյանի վստահեցմամբ՝ պիտի ոստիկանությանը, ընդհանրապես պետական կառավարման մարմիններին տրամադրվի այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրենց գործառույթները կատարելու համար, որ հնարավորություն ունենանք պահանջել: Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի՝ օպերատիվ հետախուզական մարմինները պետք է լինեն մեկը մյուսից անկախ. նույն կարգավիճակ ունեցող մարմիններն իրավունք չպետք է ունենան մեկը մյուսին վերահսկելու: Ուստի ոստիկանության՝ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու սարքն ունենալու դեպքում կսկսվի առողջ մրցակցություն, ԱԱԾ-ի ծանրաբեռնվածությունն էլ կնվազի:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը, փորձելով պարզաբանել այն մտահոգությունները, թե այս օրինագիծը ոստիկանությանը թույլ կտա երբ ուզի ում ուզի գաղտնալսել, վստահեցրեց, որ առանց այս օրենքի նախագծի ընդունման էլ ոստիկանությունն ունի հնարավորություն սահմանելու հեռախոսային խոսակցությունների վերահսկողություն մոտ 12 տարի և այդքան ժամանակահատվածում դա արել է:

Այնուհետև մանրամասնեց. «Այս օրենքում նշված է, որ ոստիկանության՝ վերահսկողություն իրականացնելու համար դատարանի որոշումն ունենալուց հետո ոստիկանությունը դիմում է ԱԱԾ, որ նրանք այդ տեխնիկական միջոցները տրամադրեն, որ ոստիկանությունն իրականացնի այդ վերահսկողությունը: Բայց ենթադրենք՝ ծանր, առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրյալին հանցագործության գիշերը չորսին կարիք է առաջացել, որ անհապաղ գաղտնալսեն և հեռախոսային վերահսկողություն իրականացնեն: Օրենքը նախատեսում է դեպքեր, որ անհապաղ ոստիկանությունը կարող է վերահսկողություն սահմանել: Որտե՞ղ է տրամաբանությունը, որ դատարանի որոշումն ունենալով մտնում են վարչարարության մեջ, հետևաբար դա առաջացնում է ժամանակի կորուստ, որը կարող է առաջացնել անդառնալի հետևանքներ: Այս օրենքի նախագծով ընդամենն ասում ենք, որ թույլ ենք տալիս՝ ոստիկանությունն ունենա իր սեփական սարքերը, որի միջոցով կիրականացնի իր վրա դրված օպերատիվ հետախուզական միջոցառումներից 12-րդ հոդվածը, որը հեռախոսային խոսակցությունների մասին է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» մամուլի ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031