Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ջուլիետա Թադեւոսյան. «Տնտեսական զարգացումները հուսադրող են, բայց փոքրիկ հնարավորության դեպքում շատերը պատրաստ են արտագաղթել»

Դեկտեմբեր 28,2019 20:35

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2009-2018 թվականներին դրսեւորել է աճի միտումներ: Այսօր այսպիսի տեսակետ հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի «Հայաստանի տնտեսությունը 2019թ. ձեռքբերումներ եւ սպասումներ» խորագրով քննարկման ժամանակ ինստիտուտի ասոցացված փորձագետ Ջուլիետա Թադեւոսյանը: Նա ներկայացնելով իր վերլուծությունը, նշեց՝ 10 տարիներին ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է գրեթե 2 անգամ, արտահանման ծավալներն ավելացել են 1,700 մլն դոլարով, իսկ ներմուծման ծավալները՝ 1,64մլն դոլարով:

Թադեւոսյանի ներկայացմամբ՝ չնայած արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում դրական զարգացումներին, Հայաստանից դեռեւս արտահանվող խոշոր ապրանքային խմբերի կառուցվածքում առաջին հնգյակում տեղ են գտնում հանքահումքային արտադրանքը, պատրաստի սննդի արտադրանքը, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները եւ դրանցից պատրաստված իրերը, ոչ թանկարժեք մետաղները եւ դրանցից պատրաստված իրերը, մանածագործական իրերը:

Վերջին տարիներին, ինչպես նկատեց փորձագետը, որոշակիորեն ակտիվացել է մեքենաների, սարքավորումների եւ մեխանիզմների արտահանումը:

Տնտեսագետը նշեց՝ մեր երկիր ներմուծվող խոշոր ապրանքային խմբերի առաջին հնգյակում եւս էական փոփոխություններ նկատելի չեն.«Ներմուծվում են հանքահումքային արտադրանք, պատրաստի սննդի արտադրանք, քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերական ճյուղերի արտադրանք, վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտային միջոցներ: Ողջունելի է հատկապես բարձր տեխնոլոգիաների արտահանման մասնաբաժինը արդյունաբերական ապրանքների արտահանման մեջ: Ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է, 2009-ին արտահանվել են 21մլն դոլարի մեքենա, սարքավորումներ, իսկ 2018-ին՝ 44 մլն դոլարի»:

Պաշտոնական վիճակագրական տվյալները ներկայացնելով, Թադեւոսյանն ասաց՝

ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը 2019-ի հունվար–նոյեմբերին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,4%-ով, ընդ որում, արտահանումը՝ 9,0%-ով, իսկ ներմուծումը՝ 6,6%-ով. «ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության զարգացումը բնութագրող միտումներն հիմնականում պահպանվում են, ուստի Հայաստանը խոցելի է դեռեւս արտահանվող ապրանքների համաշխարհային գների, ՌԴ, Եվրամիության անդամ երկրներում մակրոտնտեսական ցուցանիշների տատանումների հանդեպ: Ներմուծման պարագայում էլ զարգացումները պայմանավորված են տարածաշրջանային ինտեգրման իրավիճակային խնդիրներով: Արտաքին առեւտրի անվտանգային ռիսկերն առավել շոշափելի են, երբ դիտարկում ենք այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ՀՀ արտահանման մասնաբաժինը՝ ՀՆԱ-ում, ՀՀ ներմուծման մասնաբաժինը՝ ՀՆԱ-ում ցուցանիշները:

ՀՀ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում, 2009-2018 թվականների ցուցանիշը դիտարկելիս նկատում ենք, որ 10 տարիների ընթացքում այն դրսեւորել է աճի միտումներ, այն կրկնապատկվել է, 2009-ին 15,5%- ի համեմատությամբ՝ 2018թ.-ին կազմել է 37,8%: 2019-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա՝ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները շարունակել են աճել եւ այս տարի այն հատել է 199,4 մլն դոլարը, որը հիմնականում պայմանավորված է դեպի Կանադա եւ Չինաստան պղնձի հանքաքարի խտանյութի արտահանման ծավալներով: Իսկ ներմուծման ծավալները դիտարկվող ժամանակահատվածում ավելացել են 371,7մլն դոլարով, ինչի հիմնական պատճառը 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսատուրքերի դրույքաչափերին անցնելու հետ կապված փոփոխություններն են»:

Օտարերկրյա ուղղակի ներդրումներն, ինչպես վիճակագրությունը ներկայացնելով ասաց տնտեսագետը, կրճատվել են 46,8%-ով: Թադեւոսյանն ասաց՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների հետ կապված իրավիճակն առավել անհանգստացնող է, երբ դրանք դիտարկում ենք ոլորտային ներդրումների բաղադրիչի տեսանկյունից: Օրինակ՝ դրանք գերազանցապես իրականացվում են հանքարդյունաբերության, էլեկտրականության, գազի եւ գոլորշու, նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտներում:

Անդրադառնալով աշխատավարձի եւ կենսաթոշակի բարձրացմանը, փորձագետն ասաց՝ դա այն գումարը չէ բարեկեցիկ ապրելու համար, բայց դա դրական քայլ է եւ պետք է դրանք շարունակական լինեն.«2019-ը տնտեսական զարգացման առումով հուսադրող է, կան դրական տեղաշարժեր: Բնակչության սպասումները կարող են արդարացվել: Բայց մի վտանգ կա՝ եթե եկող տարի էլ այսպես դանդաղ ու նույն սկզբունքներով շարունակվեն զարգացումները՝ ռազմավարական երկարաժամկետ զարգացումների առումով կարող են լուրջ սպառնալիքներ ստեղծել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Փորձագետը նկատեց՝ հարկավոր է հնարավորինս արագ ինտեգրվել միջազգային զարգացած շուկաներին եւ որքան հնարավոր է՝ բազմավեկտոր:

Արտագաղթի մասին էլ փորձագետը նկատեց՝ վտանգ կա՝ մեկնումները դեռ գերազանցում են ժամանումները. «Դեռ չկա այն գիտակցումը, որ չպիտի արտագաղթել: Շատերը փոքրիկ հնարավորության դեպքում պատրաստ են արտագաղթել: Տնտեսական արտագաղթի բաղադրիչն ակտիվ աշխատում է: Եւ որպեսզի այս միտումը նվազեցի, պետության միգրացիոն քաղաքականությունը համակարգային պետք է լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031