Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեբախտաբար, թե ԱՄՆ-ը և թե Իրանը Հայաստանին ընտրության առջև չեն դնում». Արմեն Վարդանյանը` Ղասեմ Սոլեյմանիի սպանության առիթով Հայաստանում առաջացած աժիոտաժի մասին

Հունվար 06,2020 19:18

«Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները բավականին հավասարակշռված էին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը`պատասխանելով հարցին`գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը Հայաստանում տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց. շատ վերլուծաբաններ իրանցի գեներալի մահը սգացողներին, մասնավորաբար, «Արցախի որոշ ռազմաքաղաքական գործիչներին» հիշեցնում են, թե ի՞նչ է տվել ԱՄՆ-ը Հայաստանին ու Արցախին և ի՞նչ է տվել Իրանը մեզ։ Մասնավորաբար, նշվում է, որ ԱՄՆ-ն աշխարհի միակ երկիրն է, Հայաստանից բացի, որ բյուջեում հատուկ տողով գումար է հատկացնում Արցախին` արդեն երկար տարիներ։ Նաեւ ԱՄՆ-ի 9 նահանգներ պաշտոնապես ճանաչել են Արցախի անկախությունը: Անցած տարի Արցախի նախագահ Բակո Սահակյանը հյուրընկալվեց ԱՄՆ Կոնգրեսում, անցած տարի ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուն այցելեցին Արցախ ու դա ևս մեծ նշանակություն ունի Արցախի համար: Թե ի՞նչ է տվել Իրանը Արցախի հանրապետությանը, որոշ վերլուծաբաններ ասում են, հայտնի չէ:

Ի՞նչ է տվել Իրանը`Հայաստանին, Արցախին եւ արդյոք այս հարթությունում պետք է դիտարկել խնդիրը`մեր հարցին, իրանագետը պատասխանեց. «Իրանը և ԱՄՆ-ը Հայաստանի համար բարեկամ երկրներ են, հետևաբար Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և պետական պաշտոնյաները պետք է իրենց հայտարարություններում լինեն չեզոք, չպետք է արվեն հայտարարություններ, որոնք կարող են թեկուզ և տողատակերով դիտվել աջակցություն կողմերից մեկին: Բարեբախտաբար, թե ԱՄՆ-ը և թե Իրանը Հայաստանին ընտրության առջև չեն դնում, ճնշումներ չեն գործադրում մեզ վրա, որպեսզի մենք աջակցենք կողմերից մեկին»:

Սոցիալական ցանցերում քննադատություններ հնչեցին նաեւ իրանագետների հասցեին`այս պատմության մեջ հակաամերիկյան դիրքերից հանդես գալու և Իրանի շահերի պաշտպանությամբ զբաղվելու համար: «Դուք փորձագե՞տ եք, թե՞ հակամարտության կողմ: Այդպես որոշ քաղաքագետներ տարիներ շարունակ պաշտպանել են Ռուսաստանի շահերը Հայաստանում՝ դառնալով Երևանի ռուսագիծ քաղաքականության սպասարկուն: Իսկ Հայաստանի շահն ու՞ր մնաց: Երբեմն մեր երկրի շահերի մասին մտածեք»,- ֆեյսբուքյան գրառում է կատարել ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում`հարցին Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Դա Հայաստանի փորձագիտական դաշտի ամենամեծ խնդիրներից մեկն է: Շատ հաճախ փորձագետները տեսնում են այն, ինչ իրենք են ուզում կամ նրանց վերլուծությունների վրա ազդում է իրենց աշխարհայացքը, այս կամ այն երկրի հետ ունեցած կապերը: Կան նաև պատվիրակված փորձագետներ, որոնց վերլուծությունները կապված են այն բանի հետ, թե որտեղի՞ց են իրենք ֆինանսավորվում: Այդ իսկ պատճառով, մեր փորձագիտական դաշտում չեզոք, անաչառ փորձագետներ քիչ կան: Չնայած պետք է նշել նաև, որ հաճախ, նույնիսկ շատ աշխարհահռչակ վերլուծական կենտրոններում աշխատող փորձագետներ, իրենց վերլուծություններում բացարձակ չեզոք չեն և հաճախ արտահայտում են այս կամ այն ուժային կենտրոնի կամ հաստատության դիրքորոշումը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն Վարդանյանի ֆեսյբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031