Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը և դրա անդրադարձն Իրանի Մերձավոր Արևելյան քաղաքականության վրա

Հունվար 05,2020 12:00

Հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների և ԱԹՍ-ների իրականացրած օպերատիվ հարձակման հետևանքով, սպանվել է Իրանի իսլամալան հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին և Իրանի կողմից հովանավորվող Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական շիա աշխարհազորային կազմակերպության ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մուհանդեսը:

Հաշվի առնելով, Իրանից հետո Մերձավոր Արևելքի երկրներում Իրաքն ունի ամենամեծ շիա համայնքը և իհարկե Սաուդյան Արաբիայից հետո նավթային պաշարներով հարուստ երկրորդ երկիրն է համարվում, այդ երկրում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, կրոնական և ռազմական զարգացումներն ուղղակիորեն ազդում են ոչ միայն Իրանի իսլամական համակարգի ներքին ու արտաքին քաղաքականության, այլ ողջ Մերձավոր Արևելքի և հարակից տարածքների զարգացումների վրա։

Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական ուժերի կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մուհանդեսի սպանությունից ընդամենը մի քանի ժամ անց՝ ԻԻՀ առաջնորդը ուղերձ է հղել Ղասեմ Սուլեյմանի և Աբու Մեհդի Ալ Մուհանդեսի սպանության կապակցությամբ: Այաթոլլահ Ալի Խամենիի ուղերձում, մասնավորապես ասվում է. «Ղասեմ Սուլեյմանիի բացակայությունից հետո նույնպես, Աստծու կամոք նրա ճանապարհն ու գործը կշարունակվեն: Սակայն հանցագործներին սպասվում է խիստ պատասխան»: Անկասկած՝ այաթոլլահ Խամենեիի ակնարկը վերաբերում է իսլամական համակարգի թշնամիներ համարվող ԱՄՆ-ին և նրա տարածաշրջանային դաշնակիցներին՝ Իսրայելը և Սաուդյան Արաբիան։

Դեպքին արձագանքելով՝ Իրանի անվտանգության նախարարությունը գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության առիթով հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ ամերիկացի ահաբեկիչները պատժվելու են:

Այնուամենայնիվ, վերջին 24 ժամերի ընթացքում Իրանի իսլամական համակարգի բարձրագույն պաշտոնյաները և անվտանգության ու ռազմական հրամանատարները համահունչ և միաբերան արձագանքելով ԻՀՊԿ-ի ազդեցիկ հրամանատարի սպանության ցնցիչ դեպքին, հայտարարել են, որ Իրանը պատրաստ է վրեժ լուծել լեգենդար դարձած հրամանատարի սպանության համար։ Այս հայտարարություններն, ըստ էության, ներքին քաղաքականության ուժերի դասավորման տեսակետից, ցույց են տալիս, որ Իրանի իսլամական համակարգում չկա այսպես ասած՝ չափավոր քաղաքական հոսանքների և արդեն պաշտոնական իշխող ծայրահեղական խմբերի միջև որևէ տարբերություն։ Այս առումով հատկանշական է՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի հղած ուղերձը Ղասեմ Սուլեյմանիի սպանության վերաբերյալ։ Մուհամեդ Ջավադ Զարիֆը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումը, նշելով. «ԱՄՆ-ի ահաբեկիչ ուժերի կողմից հերոս և ահաբեկչության ու ծայրահեղության դեմ պայքարի առաջամարտիկ գեներալ Սուլայմանիի սպանությունն, անկասկած, ավելի կամրացնի տարածաշրջանում ու աշխարհում դիմադրության արմատները»: Սա այն դեպքում, երբ անցած տարի ԻԻՀ ԱԳՆ հետ չհամադրված Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի Թեհրան կատարած անսպասելի այցի և այաթոլլահ Խամենիի և Ղասեմ Սուլեյմանիի հետ Ասադի մասնավոր հանդիպման պատճառով՝ ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը հրաժարական ներկայացրեց իր պաշտոնից երկրի գերագույն առաջնորդին, որն իհարկե մերժվեց նրա և նախագահ Ռուհանիի կողմից։

Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը Իրաքում ինքնըստինքյան Իրան-ԱՄՆ 40 ամյա առճակատման կուտակված իներցիոն էներգիայի շղթայական ռեակցիայի առիթ է ստեղծել, որի հետևանքներն, անկասկած, կլինեն շատ ծանր ու անկանխատեսելի տարածաշրջանի համար։ Իրանցիների քաղաքական մշակույթի և շիա կրոնական ակնթարթային զգացմունքների պոռթկման հոգեբանության հիման վրա, յուրաքանչյուր անակնկալ դեպք ընկալվում է հուզումների և վրեժխնդրության էներգիայի անզսպելի ազատումով։ Սակայն, երբ հույզերի ժայթքումն նվազում է՝ կրկին իրանցիների մոտ գերակայում է սեփական շահերի և անվտանգության պահպանման ռացիոնալ տրամադրությունը։

Իհարկե, չպետք է անտեսել, որ այս գործողությունը անկյունադարձային նշանակություն կարող է ունենալ Մերձավոր Արևելքի հետագա գեպոլիտիկ և քաղաքական նոր դասավորումների և ռազմական ու հասարակական տեղաշարժերի վրա։

Անկասկած, այժմ Իրանը պատրաստվում է վրեժ լուծել ԱՄՆ-ից Իրանի գերագույն առաջնորդի ամենամոտ և ամենավստահելի հրամանատարի սպանության համար։ Կասկած չկա, որ այժմ իրանցիների տեսակետից նահատակ համարվող բրիգադային գեներալ Ղասեմ Սուլեյմանին վերջին 20 տարիների ընթացքում առանցքային դերակատարում ուներ Սիրիայում, Լիբանանում, Իրաքում և Աֆղանստանում և վերջերս Եմենում Իրանի կողմից ԱՄՆ-ի և նրա արաբական, հիմնականում սուննի դաշնակիցների դեմ պրոքսի պատերազմների ղեկավարման և շիա զինված խմբավորումների կազմակերպման և մարտավարական կռիվների հրահրման գործում։

Այս առումով հունվարի 3-ին, CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչին նշել է. «Գեներալ Սուլեյմանիի սպանությունն ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդի դեմ արված պատերազմական քայլ էր և Ղասեմ Սուլեյմանիի սպանության պատասխանն անկասկած, կլինի ռազմական»: Իհարկե, իրանցիների այս ոճի հռետորաբանությունը չպետք է շատ լուրջ ընկալել։ Թախթ Ռավանչիի նման հայտարարությունն այն էլ ՄԱԿ-ի ամբիոնից միայն պարունակում է քարոզչական բովանդակություն այն իմաստով, որ միջազգային հանրության առջև Իրանի համար ապահովի պատասխան հարվածի իրավունքը։ Ներկա պայմաններում Իրանը չունի տնտեսական և ռազմական բավարար ռեսուրսներ ԱՄՆ-ի նման գերուժի հետ ուղղակի ռազմական պատերազմ սկսելու համար։ Հաշվի առնելով, որ Թախթ Ռավանչիի ասելով «Ամերիկացիներն արդեն վաղուց են պատերազմում Իրանի հետ», պետք է հասկանալ, որ մինչ այժմ Իրանը երբեք չի փորձել ԱՄՆ-ի զորայիններին կամ տարածաշրջանային ռազմաբազաներին ուղղակի հարվածել և դա միշտ կատարվել է Իրանի կողմից ուղղակի կամ անուղղակի հովանավորվող շիա զինված խմբավորումների կողմից, այնպես որ հետագային այդ հարվածների հետևանքները կառավարելի են դարձել Իրանի ճկուն դիվանագիտության արդյունքում, ինչպես օրինակ գերիների փոխանակմամբ կամ երրորդ՝ միջնորդական երկրում՝ ինչպիսիք են Օմանում կամ Բահրեյնում ԱՄՆ-ի ու Արևմուտքի պատվիրակությունների հետ գաղտնի բանակցությունները և համաձայնությունները որևէ խնդրի լուծման շուրջ: Հետևաբար` այս պահի դրությամբ չպետք է ակնկալել, որ Իրանը կնախաձեռնի լայնածավալ պատերազմ հրահրել ԱՄՆ-ի դեմ, Իրաքում կամ ցանկացած այլ տարածքում, քանի որ դա կարող է հանգել նախ Իրաքի քաղաքա-ռազմական և տնտեսական ամբողջական քայքայմանը, ինչն, անկասկած, ձեռնտու չէ Իրանի հոգևոր համակարգի և ի մասնավորի այաթոլլահ Խամենեիի համար։ Թերևս, պահապանների կորպուսի բարձրաստիճան ծայրահեղական հրամանատարները կփորձեն ռազմական հարված հասցնել ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերին և տարածաշրջանային ավելի մատչելի թիրախներին, սակայն չպետք է մոռանալ, որ դեռ պահապանների կորպուսը գտնվում է հոգևոր իշխանության կառավարելի վերահսկողության տակ և Իրանն, անկասկած, կխուսափի արկածախնդրական լուրջ քայլերից։

Մյուս կողմից՝ չպետք է մոռանալ, որ վերջին ամիսներին Իրաքում ծայր է առել հակաիրանական բողոքների ժողովրդական լուրջ ակցիա, և ժողովրդական ցույցերը հիմնականում ճնշվել են հենց Իրանի կողմից հովանավորվող Ալ Հաշդ ալ-Շաբիի զինված խմբերի միջոցով, որի հրամանատարության հետ սերտ կապեր ուներ ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանին։ Իրաքում ժողովրդական բողոքի ցույցերը լուրջ սպառնալիք են Իրաքի ներկայիս իշխանության գոյատևման համար, այնպես որ Իրաքի պառլամենտն ու քաղաքական ուժերին դեռ չի հաջողել ձևավորել նոր կառավարություն և ընտրել ժողովդի համար ընդունելի վարչապետ։ Եվ այստեղ հարց է ձագում, որ ինչո՞ւ մինչ այժմ ԱՄՆ-ի ու Իսրայելի անվտանգության ուժերի կողմից հետապնդվող գեներալ Ղասեմ Սուլեյմանին մինչ այժմ չեր ձերբակալվում կամ դիրքավորվում Սիրիայում կամ Լիբանանում և դա կատարվեց Իրաքի ներքին քաղաքական և ռազմական զարգացումների ֆոնին, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով։ Սա վկայում է այն մասին, որ Իրաքի իշխանությունները զգալով իրենց ծանր վիճակը, Արևմուտքի և Իրանի միջև ընտրություն կատարելու երկընտրանքի առջև կանգնելով, որոշել են ԱՄՆ-ի օգնությամբ ազատվել Իրանի ծանր ու ճնշիչ ազդեցությունից երկրի ներքին գործերում, որի Իրանի հոգևոր իշխանության գործակատար ներկայացուցիչն էր համարվում Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանին։ Համենայն դեպս Մերձավոր Արևելքի իսլամական երկրներում, որտեղ քաղաքականությունը և կրոնը անքակտելի և սեղմ հարաբերության մեջ են, նման դավադրությունները և դավաճանությունը դարեր շարունակ դարձել են ավանդույթ և պետք է ասել այդ տարածաշրջանում ամեն անկանխատեսելի քայլ հնարավոր է տեսանելի համարել քաղաքական բարդ ու խառն խաղերի ֆոնին։

Այդուամենայնիվ, թվում է թե ԱՄՆ-Իրան առճակատումը կշարունակվի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և պրոքսի պատերազմի տեսքով ու բովանդակությամբ այն կդրսևորվի ավանդական ձևով՝ Իրաքի, Սիրիայի և Պարսից ծոցի տարածաշրջանում։ Անկասկած, Իրանը չի փորձի հատել պրոքսի պատերազմի սահմանները տարածաշրջանից դուրս և առաջիկա օրերին կտեսնենք, թե ինչպես ԻՀՊԿ-ը իր տարածած հաղորդագրությունում, հայտարարել է․ «Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և իսլամական դիմադրության մյուս քաջերի նահատակությունը նոր էջ բացեց հակասիոնիստական և տարածաշրջանում ամերիկյան ոտնձգիչների դեմ պայքարում», ինչպիսի հարված է հասցնելու ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային դաշնակիցներին Մերձավոր Արևելքում:

Նկատի առնելով, որ Հայաստանը ևս գտնվում է այս պայթյունավտանգ տարածաշրջանի ամենամոտ սահմանեզրում, Բաղդադում ԱՄՆ-ի կողմից Իրանի և նրա շիա դաշնակից ալ-Հաշդ Ալ Շաաբի խմբավորման հասցված հարվածը չափազանց լուրջ ու հատկանշական իրադարձություն է, մասնավորապես Հայաստանի համար։

Այս առումով ինչպես՝ lragir.am կայքում հրապարակած մեկնաբանությունում քաղաքագետ՝ Հակոբ Բադալյանն է նշել՝ Հայաստանի համար թե Իրանը, թե Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանը շարունակում են մնալ ռազմա-քաղաքական հարցերի կարեւորագույն գործընկերներ, եւ Հայաստանն էլ նրանց համար, թերևս, պահպանում է այդ կարեւորությունը՝ մասնավորապես Կովկասում ռեգիոնալ անվտանգության իր դերակատարման հանդեպ պատասխանատվությամբ, որ ընդգծվել է թավշյա հեղափոխությունից հետո:

Հետևաբար` Հայաստանը պետք է զգոն և չեզոք դիրքորոշմամբ շարունակի իր հավասարակշիռ քաղաքականությունը վարել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Հայաստանը պետք է պահպանի դրական չեզոքություն և փորձի մեղմել իրավիճակը տարածաշրջանում։

Վերջում պետք է ընդգծել, ինչպես քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն իր ֆեյսբուքյան գրառումում է նշել. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձությունների նկատմամբ պետք է լինի դրական չեզոքությունը եւ միակ բանը, որին Հայաստանը պետք է կողմ լինի՝ դա խնդիրների դիվանագիտական լուծման եւ բռնության մերժման ճանապարհն է։ Մենք ՄԵ՛Ր խնդիրներն ունենք։ Հայաստանի ԱԳՆ քայլերը, հայտարարությունները եւ գործողությունները լիովին համապատասխանում են նշածս տրամաբանությանը եւ ամբողջությամբ բխում են բացառապես Հայաստանի, Արցախի եւ հայության կենսական շահերից»։

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031