Լրահոս
Օրվա լրահոսը

««Չաստ» նայողին կարգում է հրամանատարը». իրավապաշտպանը հակադարձում է Փաշինյանին

Փետրվար 21,2020 18:50

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անընդունելի է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն վարկածը, թե բանակում զինվորների մահերի պատճառ կարող է լինել ֆինանսական միջոցների վերահսկողության սրվելը:

Փաշինյանը երեկ Հանրային հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ բանակում մահերի պատճառների մասին խոսելիս նշեց քրեական ենթամշակույթը, նա ասաց , որ նախկինում ժամկետային զինծառայողները ստանում էին 3000 դրամ, հիմա՝ 4500. «Ես իմ կենսագրության հայտնի էջերից գիտեմ, առնչվել եմ այդ ենթամշակույթի հետ, երբ դրամական միջոցները շատանում են, շատանում են նաեւ «բազարները»:

Ֆինանսական միջոցների վրա հսկողություն սահմանելու պայքարը սրվում է, նկատի ունեմ քրեական ենթամշակույթը ներկայացնող շարքային զինվորների կազմը: Ես եկել եմ այսպիսի վարկածի, որը դեռ պետք է ուսումնասիրվի: Մենք զինվորների փողն ավելացրել ենք լավ նկատառումով, բայց քանի որ քրեական ենթամշակույթի  նկատմամբ պայքարը այս ընթացքում չի եղել այնպիսին, ինչպիսին ես հանձնարարել եմ, որ պետք է լինի, դրա համար այդ ուղղությամբ երկու պատասխանատուներ ազատվել են աշխատանքից»:

Ժաննա Ալեքսանյանը համամիտ չէ վարչապետի վարկածի հետ: Իրավապաշտպանը հակադարձում է. «Եթե Փաշինյանն ամեն ինչր՝ զինվորներից սկսած, կապում  է քրեական ենթամշակույթի հետ, որ զինվորները գնում են բանակ, կրում են այդ ենթամշակույթը եւ այլն, հիմա նաեւ ֆինանսների հարցով է դա ասում, ապա այդ քրեական ենթամշակույթը վերացնելու մասին ո՞վ պետք է մտածի: Թող առաջինը դրանով զբաղվեն, եթե դրա հետ է կապված, որ ասում է՝ երբ դրամական միջոցները շատանում են, շատանում են նաեւ բազարները: Ինձ համար անընդունելի է այդ տրամաբանությունը: Ուրեմն սկսեք հենց այնտեղից, որը կարող է վնասել ձեր արած գործը»:

Իրավապաշտպանի կարծիքով՝ իհարկե, զինվորներին տրամադրվող գումարը բարձրացնելը կարեւոր է, չնայած, որ մեծ գումար չէ, բայց ամեն դեպքում զինվորը դրա կարիքն ունի՝ փոքրիկ ծախսեր անելու համար.«Ուրեմն ստեղծեք բարենպաստ պայմաններ, որ զինվորը կարողանա այդ գումարը ծախսել, եւ որպեսզի ոչ ոք իր ձեռքից չխլի: Այնպես չէ, որ այդ քրեական ենթամշակույթը՝ այդ մոդայիկ բառը, որ սիրում են ասել, հավերժ պետք է մնա բանակում»:

Ըստ Ալեքսանյանի, բանակում պետք է արմատախիլ անել, այդ «չաստ» նայողներին, կրիմինալ մթնոլորտը, այն ամենը, ինչը կապված է քրեական բարքերի հետ, պետք է փոխել, հետո նոր հանգիստ բարձրացնել այդ գումարները. «Սնունդ լավացվեց, հիմա գումար բարձրացվեց, բա ո՞վ պետք է զբաղվի քրեական հարցով: Պետք էր առաջնահերթ զբաղվել զինվորների անվտանգության  հարցերով, եւ ապա դրան զուգահեռ կամ հետո  մյուս հարցերով: Բայց իրենք դեռ չեն զբաղվում այդ խնդրով, լավ սնունդ են մատակարարում, երբ զինվորները զոհվում են քրեական  ենթամշակույթի պատճառով»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք բանակում շատ են դեպքերը, երբ  ֆինանսական «բազարների» պատճառով սպանություններ եւ ինքնասպանություններ լինեն, իրավապաշտպանը իր աշխատանքային փորձից օրինակներ բերեց, նշելով՝ Քննչական կոմիտեն ամենաանհավանական վարկածներն է առաջ քաշում. «Ես կարող եմ բերել սնիկերսի օրինակը. զինվոր Սարգիս Սահակյանի մահվան դեպքով քրեական գործում դրդապատճառը դրել էին, իբրեւ թե հայրը նրան սնիկերս էր ուղարկել, նա էլ մենակ է կերել, դրա համար զինվորների միջեւ վեճ է ծագել, ու վերջում նրան հասցրել են ինքնասպանության: Մինչդեռ Սարգիսի հայրը դատարանում ասել է՝ ինքը երբեք իր որդուն սնիկերս չի ուղարկել: Սա հորինված եւ սուտ վարկած է: Իհարկե, չեմ բացառում, որ գումարը կարող է պատճառ լինել: Իսկ ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի գործի հիմքում 100 դոլարն էր, իբր թե թղթախաղի արդյունքում է գոյացել:Բայց  դա եւս հորինված է, սուտ է: Քննչական կոմիտեն հիմնականում հորինում է վարկածները: Բայց եթե ամեն գործում  իրականությունը գրվեր՝ բանակում մենք այսքան զոհեր չէինք ունենա»:

Բացի այս, իրավապաշտպանը նաեւ նշեց՝ բանակում սպայական անձնակազմում էլ քրեական ենթամշակույթ կրողներ կան. «Անկասկած, «չաստ» նայողին կարգում է հրամանատարը, նա է թույլ տալիս, որ «չաստ» նայող լինի: Քրեական ենթամշակույթ շատ տեղերում եմ տեսնում, եւ ոչ միայն  բանակում, նաեւ՝ իրավապահ մարմիններում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829