Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Իմ չորրորդ արտակարգ դրությունը. հուշապատում՝ գուցե առանց զուգահեռների

Մարտ 21,2020 23:56

Ասում են, թե անեծք է փոփոխությունների ժամանակաշրջանում ապրելը: Բայց մարդու բախտն այդ ինչքան անիծված պետք է լինի, որ իր ապրած կյանքում, չհաշված պատերազմն ու ռազմական գործողությունները՝ 4 արտակարգ դրություն (լրացում. հետգրությունից կարող եք համոզվել, որ իրականում Հայաստանում ավելի շատ են եղել հայտարարված արտակարգ դրությունները, սակայն սա իմ անձնական «թվագրությունն» է. գրել եմ այն մասին, ինչ առանձնակի է տպավորվել.- Ա. Ի.) եւ երկու հեղափոխություն լինի: Ընդ որում՝ առաջինն իսկական, դասական հեղափոխություն էր՝ հասարակարգ փոխվեց ու տապալվեցին խորհրդային կարգերը:

Առաջին արտակարգ դրությունն այդ հեղափոխական 1988-ի նոյեմբերին էր: Արտակարգ դրության պայմանների հսկողությունն իրականացնում էր խորհրդային զորքը: Տանկեր էին օպերայի շրջակայքում, որ հնարավորություն չընձեռվեր Թատերական հրապարակում հավաքվելու՝ հանրահավաքներ ու ցույցեր անցկացնելու: Նաեւ պարետային ժամ էր հաստատված: Ու այդ օրերից մնացել է հիշողությունը, թե ինչպես էինք ձգտում ժամանակին տուն հասնել, որ պարետային ժամը խախտելու պատճառով անդուր պատմությունների մեջ չընկնեինք:

Երկրորդ արտակարգ դրությունն արդեն 1996-ի սեպտեմբերին էր՝ նախագահի ընտրությունից հետո: Եվ էլի տանկեր քաղաքի կենտրոնում՝ բոլոր այն վայրերում, որտեղ կարող էր հանրահավաք տեղի ունենալ: Մեկն էլ Մատենադարանն էր, որի կողքին էր այդ ժամանակ աշխատավայրս: Ու էլի մնացած նեղանձնական հիշողություն, թե երբ խաղալիք թութակին կեսկատակ սովորեցրի վանկարկել «Վազգեն, նախագահ»՝ ինչպես գործընկերներս նետվեցին կտուցը փակելու, որ ձայնը հանկարծ չհասնի զինվորներին:

Երրորդ արտակարգ դրության մասին, որն էլի մարտ ամսին էր, ինչպես եւ այս վերջինը՝ մի քիչ ավելի մանրամասն: 2008-ի մարտի 1-ից հետո արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով նույնպես «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները» կարող էին «իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»: Դե «Առավոտն» էլ որոշեց ի նշան բողոքի սպիտակ էջեր հրապարակել՝ նշելով, թե միակողմանի տեղեկատվության հրապարակումը դեմ է մեր մասնագիտական սկզբունքներին: Բայց տպարանում նստած ԱԱԾ գրաքննիչներն արգելեցին թերթի տպագրությունը: Չեմ հիշում արդեն, թե ինչպես էին հիմնավորել, որ սպիտակ էջեր հրապարակելը հակասում է նախագահի հրամանագրի այն կետին, որով արգելվում էին նաեւ «գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող» այլ միջոցառումները: Եվ սպիտակ էջերը գնահատել էին իբրեւ գործադուլի կոչ:

Արտակարգ դրության պայմաններում այդ օրերին զգացածս անզոր կատաղությունը չորս տարի անց փորձել էի փոխանցել «Մարտի 1. օր, որից հետո պատրաստ էի հեռանալ Հայաստանից» նոթագրությունում, որի տեղեկատվական առիթն այն էր, որ 2012-ին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խորհրդարանում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի առնչությամբ հայտարարել էր. «Իմ անունը դնում եմ որպես գրավ և հավաստում, որ չկա կառավարության կողմից որևէ դավ այս օրենքի ընդունման հետ կապված»: Այո, այո, հարգելի քաղաքական ներկայիս մեծամասնության ներկայացուցիչներ, հիմա արտակարգ դրությունն իրականացվում է մի օրենքով, որի նախաձեռնողը ձեր կողմից այդչափ ջերմորեն սիրված Հրայր Թովմասյանն է:

Սակայն վերադառնանք 2008-ի արտակարգ դրությանը: Մարտի 13-ին Ռոբերտ Քոչարյանը փոփոխություններ կատարեց մարտի 1-ի իր հրամանագրում. «Արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը. Հրամանագրի 4-րդ կետի 5-րդ ենթակետը ճանաչվում է ուժը կորցրած»:

Ասում էին, թե սա մեղմացում է, ու մարտի 14-ին աշխատանքի գնացինք՝ հուսով, որ թերթը լույս կտեսնի: Բայց էլի եկան ԱԱԾ-ի գրաքննիչները եւ պահանջեցին թերթից հանել մարտի 1-ին իր առանձնատանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսի մասին իմ հրապարակումը եւ Լուսինե Բուդաղյանի ռեպորտաժը հիվանդանոցներից, որտեղ նա զրուցել էր երկու կողմի վիրավորների հետ: Չհամաձայնեցինք, ու թերթը այդպես էլ լույս չտեսավ՝ մինչեւ արտակարգ դրության ավարտը:

… Ոչ մի զուգահեռ չեմ ուզում անել; Բայց եթե ոչ բարով՝ սա իմ վերջին արտակարգ դրությունը չլինի՝ ճակատագրով, այս մեկի մասին էլ գրելու եմ, թե համավարակի պատճառով մեկ Հայաստանում էր գրաքննություն հաստատվել, մեկ էլ Ռումինիայում ու Հոնդուրասում: Ու սոցիալական ցանցերից ու կայքերից մասնավորապես ջնջել էին պարտադրում ռուս փորձագետի հարցազրույցը՝ ՌԴ-ում համավարակի դեպքերը թաքցնելու մասին եւ Հոլիվուդի աստղի ենթադրությունը՝ իր վարակի աղբյուրների վերաբերյալ՝ պնդելով, թե դրանք խուճապ կառաջացնեն հայ հանրության մոտ:

Բայց մարտի 19-ին արտակարգ դրության մասին կառավարության որոշման մեջ փոփոխություններ արեցին, որոնցով արդեն կարելի էր մեջբերումներ անել միջազգային լրահոսից, սակայն բացառապես պաշտոնական աղբյուրներից: Ըստ այդմ՝ հայ հանրությունը շարունակում էր հուսալիորեն ապահովագրված մնալ խուճապի չմատնվելու հեռանկարից՝ կարդալով, թե Կանադայի վարչապետի կինն ինչպես կարող էր վարակած լինել հոլիվուդյան աստղին կամ ինչ են մտածում ռուս փորձագետներն իրենց երկրում կատարվողի մասին:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Հրապարակումից հետո գործընկերներիցս մեկը հիշեցրեց, որ 1990-ի օգոստոսին էլ է արտակարգ դրություն հայտարարված եղել: Բացարձակապես չի տպավորվել այն, թեեւ այդ ժամանակ էլ է պարետային ժամ հայտարարվել:

Սակայն գտա Գերագույն խորհրդի այդ որոշումը. «1990 թվականի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներն անցել են բացահայտ տեռորիստական գործողությունների: Առանց պետհամարանիշի մեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել և ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել պատգամավոր Ռ. Իշխանյանը: Գնդակոծվել է Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ: Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից: Դրա հետևանքով վիրավորվել են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գ. Միքայելյանը և պատգամավոր Վ. Այվազյանը, որոնք մի քանի ժամ հետո մահացել են:

Ելնելով շարադրված փաստերից և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու քաղաքացիների անվտանգության շահերից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. հանրապետության ողջ տարածքում մտցնել արտակարգ դրություն` սահմանելով պարետային ժամ` ժամը 24-ից մինչև 6-ը»:

Այս արտակարգ դրությունը կարճ տեւեց՝ սեպտեմբերի 5-ին արդեն ԳԽ-ն որոշման փոփոխություն կատարեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031