Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես Ծառուկյանի ասած՝ մի հասարակ լրագրող կարողացավ «Երազ» թաղամասում տուն գնել ու ՔՊ պաշտոնյաներին հարեւան դառնալ

Մարտ 18,2023 15:20

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Հանրային հեռուստատեսության եթերում խոսելով Aravot.am-ի հրապարակած «Հարստացած հեղափոխականները» տեսանյութին մասին, հայտարարեց. «Առավոտի տեսանյութում լրագրողը՝ իմ կողմից շատ հարգված, շատ սիրված, ով ինքն անձամբ հիփոթեքով գնել է բնակարան «Երազ» թաղամասում, տագնապալի երաժշտության տակ պատմում է, թե ինչպես են պատգամավորները իր պես հիփոթեքով գնել բնակարան «Երազ» թաղամասում»:

Պատգամավորը ճիշտ է, ես բնակարան ձեռք եմ բերել այդ թաղամասում: Բայց մոռանում է մի քանի նրբություն: Ես 20 տարի աշխատելով լրագրող՝ կարողացել եմ լրագրողների համար նախատեսված հատուկ ծրագրով 40 հազար դոլարով ձեռք բերել 55.75քմ մակերեսով բնակարան՝ 240 ամիս, ասել է թե՝ 20 տարի մարման ժամկետով: Այսինքն, ես վարկը ձեւակերպելիս՝ պարտավորվել եմ այն մարել 2039 թվականին: Ավելի ուշ վարկը տեղափոխել եմ «Հայէկոնոմբանկ», որին անչափ շնորհակալ եմ՝ այդ պահին ինձ առավել հարմար մարման պայմաններ առաջարկելու համար:

Հաջորդ կարեւոր հանգամանքը՝ ես պետական պաշտոնյա չեմ, բյուջեից չեմ սնվում: Իսկ պատգամավորների ու նախարարների ունեցվածքը, ձեռքբերումները հանրության խոշորացույցի տակ են, որովհետեւ նրանք հանրային միջոցներ են օգտագործում: Ես հասկանում եմ, որ անհարմար ու տհաճ է, երբ լրագրողները արձանագրում ու նկարահանում են, թե ինչ է այս կամ այն նախարարը, պատգամավորը գնում, որ օբյեկտում ինչ հաշիվ է փակում, ինչ արժողությամբ անշարժ ու շարժական գույք է ձեռք բերում, ինչ նվերներ է ստանում, բայց դա պետական պաշտոնյա լինելու գինն է: Դուք բյուջեի ամեն կոպեկի համար հաշվետու եք հանրությանը:

Ինչպես տեսնում եք, չլինելով հայտարարատու անձ, ես հրապարակեցի իմ գույքի ձեռքբերման պայմանները, ինձ մոտ ամեն ինչ պարզ ու թափանցիկ է, իմ եկամուտը բաց է պետության համար: Ես ծրարով փող չեմ ստանում, աշխատավարձս ձեզ տեսանելի է, գրդոն չեմ արել, չեմ անում, պատվեր չեմ կատարում: Առնվազն նույնպիսի հաշվետվողականություն, որպես ՀՀ քաղաքացի, ակնկալում եմ ձեզանից:

Լա՞վ է, որ մեր քաղաքացիները իրենց հայրենիքում բնակարաններ են ձեռք բերում, իմ կարծիքով, լավ է, ես այդտեղ պախարակելի ոչինչ չեմ տեսնում: Բայց տեսանյութն այն մասին էր, որ իշխանական նախարարներ, պատգամավորներ, որոնք պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել են, օրինակ, 41.600 դրամ եկամուտ, գրպանում ունենալով 55 հազար դրամ եկել են իշխանության, այս կարճ ժամանակում՝ մի քանի տարում հասցրել են մի քանի անշարժ գույք ձեռք բերել: Փաստն եմ արձանագրել, հետեւությունները թողնում եմ ձեզ:

Վահագն Ալեքսանյանը նաեւ Հանրայինի եթերում ասում է. «Մի ուրիշ պատգամավորի հարցում էին արել, ասել էին՝ դուք հող եք նվեր ստացել, գրել էր, որ ամուսնուս տատիկը, պապիկը 1940-50-ականներին գալով Հայաստան, գնել են հողեր, էդ թվից իրանցն է, նվիրել են ամուսնուս, որ մենք համատեղ բնակարան կարողանանք գնել, տեսանյութում չգիտես խի էդ 1950-ից ընտանիքին պատկանելու դրվագը չկա: Դրա մասին խոսք չկա»: Խոսքը ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի մասին է: Պարոն Ալեքսանյան, այդպես չէ, նորից դիտեք տեսանյութը, այնտեղ տեղադրված է պատգամավորի պատասխանն ամբողջությամբ եւ առանց խեղաթյուրման:

Այն պաշտոնյաները, որոնց մենք տեղեկատվության հարցում ենք արել, կամ մեզ այս օրերին պարզաբանումներ են ներկայացրել իրենց ձեռք բերած գույքի առնչությամբ ու այն չկա տեսանյութում, դրանց մենք անդրադառնալու ենք Aravot.am-ում հերթով, շարքով, կարգով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Varo says:

    Նիկոլականների լոգիկան սպանումա։ Եթե բացի իրենցից ուրիշ մարդիկ էլ են բնակարան գնել, ասենք լրագրողներ, ՏՏ մասնագետներ ուրեմն կոռուցպիա չկա։
    Նիկոլ Փաշինյանն էլ նախկինների օրոք լրագրողա եղել ու բնակարանա գնել Երևանում։ Իր թիմակից Հայկ Մարությանը հյուսիսային պողոտայումա բնակարան գնել նախկինների օրոք։
    Ուրեմն նախկիների օրոք էլ կոռուպցիա չի եղել։

  2. Varo says:

    Ի դեպ բանկերը որ հաստատում են 170-250հազարանոց բնակարանների վարկերը էտելա ակնհայտ կոռուպցիա։ Բանկը սովորաբար նայումա մարդու եկամուտը երկարաժամկետ, վերջին մի քանի տարում։
    Հիպոթեքը 15-20տարովա ոչ թե 1տարով։
    Հետևաբար չի կարա նայի, որ ասենք Միրզոյանը էսօր ԱԳՆ-ա բարձր աշխատավարձա ստանում ուրեմն ամեն ինչ լավա։
    Բա որ վաղը գործից հանեն, էլ չասած նոր իշխանություն գա ու Արարատը հայտնվի բանտում՞

    Նաև էտա պատճառը որ զարմանալի զուգադիպությամբ գրեթե բոլորի վարկերը գռզոյի բանկնա տալիս։
    Գռզոն էտ ռիսկը վերցնումա, քանի որ դիմացը միլիոնովոր դոլլարների պետական տենդերներա շահում։
    Եթե անգամ թտ վարկերը չվճարվեն կորած տեղ չի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031