Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն որոշումն այն է, որը հաշվի է առնում ոչ միայն իմ օգուտը

Մարտ 10,2023 09:40

Արդեն մի քանի օր է՝ կամա թե ակամա առաջին լուրը, որ փնտրում եմ, առողջապահության նախարարության՝ կարմրուկին վերաբերող վիճակագրությունն է․ «Լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի, 43 վարակվածներից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով․․․» և այսպես շարունակ․ մարդու կյանքին, առողջությանը վերաբերող վիճակագրությունը, չոր թվերը կորոնավիրուսից հետո դարձել են մեր կյանքի «նորման»։ 

Իսկ արդյո՞ք մեզ համար նորմա է դարձել սոցիալական պատասխանատվությունը. այն գիտակցումը, որ մեր ամենօրյա ընտրությունն ազդում է ոչ միայն մեր, այլ հասարակության կյանքի ու առողջության վրա։ Թվում է՝ սոսկ մեր գործն է՝ պատվաստել, թե՞ չպատվաստել մեր երեխաներին, հարբուխով երեխային ուղարկել դպրոց, թե՞ ոչ, գնալ հավաքույթին, եթե կասկածում ես, որ «մի փոքր մրսել ես», թե մնալ տանն ու սպասել մեկ այլ առիթի․․․

Իտալացի ֆիզիկոս և գրող Պաոլո Ջորդանոն իր «Համավարակ» գրքում, որը հրապարակվեց կորոնավիրուսի բռնկումից հետո, գրում է․ «Լավագույն որոշումն այն է, որը հաշվի է առնում իմ օգուտը և, միևնույն ժամանակ մնացած բոլորինը»։ Նա հիշեցնում է, որ վարակումն իր սառը մաթեմատիկական հաշվարկի մեջ մի մեծ խաղ է ընդամենը։ Խաղ, որը կարող ենք անվանել կարանտինի երկընտրանք։ 

Կանգնա՞ծ ենք մենք այսօր կարանտինի երկընտրանքի առջև, թե՞ ոչ, թերևս կպատասխանեն մասնագետները, բայց սոցիալական պատասխանատվության և «ում խելքին ինչ փչի՝ կանի»-ի ու դավադրությունների տեսությունների միջև ընտրութուն մենք, այնուամենայնիվ, ստիպված ենք անել։ Այսօր, երբ կարմրուկի մասին վիճակագրությունը ոչ միայն ինձ, այլև շատերին և հատկապես փոքրիկ երեխաների ծնողներին է հետաքրքրում, կարմրուկի դեմ պատվաստվել ցանկացողների թիվը կտրուկ մեծացել է, միայն թե այսպիսի սոցիալական պատասխանատվությունը մի փոքր ուշացած է թվում․ շատ ավելի պատասխանատու կլիներ չսպասելը մինչ կվերադառնա ժամանակի ամենածանր «երազներից» մեկը՝ գրեթե 100 տոկոս վարակելիություն ունեցող կարմրուկը, որի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը գոյություն ունի դեռ 1963 թ․-ից։

«Համավարակ» գրքում հեղինակը հիշեցնում է․ «Աշխարհը դեռևս մի հրաշալի ու վայրի տարածություն է։ Մենք կարծում ենք, թե ամբողջությամբ ուսումնասիրել ենք այն, բայց դեռ կան մանրէային աշխարհներ, որոնց մասին մենք գաղափար չունենք․․․ Շրջակա միջավայրի նկատմամբ մեր ագրեսիվ պահվածքն ավելի ու ավելի հավանական է դարձնում շփումն այս նոր պաթոգենների հետ, որոնք դեռ մինչև վերջերս հանգիստ ապրում էին իրենց բնական խորշերում»։ 

Այն, որ վաղ թե ուշ մեր առողջությունը նոր մարտահրավերների է բախվելու, կարծես թե կասկածի տեղիք չի տալիս, սակայն մենք կարող ենք ավելի մեղմորեն հաղթահարել այդ փորձությունները, եթե մեր հասարակությունում նորմա դառնա հենց այն համոզմունքը, որ «Լավագույն որոշումն այն է, որը հաշվի է առնում իմ օգուտը և, միևնույն ժամանակ մնացած բոլորինը»։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031