Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե շարունակություն լինի, սիրով կխոսենք նաև, թե ինչու է հանրապետության առաջին նախագահն իր վերջին ելույթում դատապարտված համարում «ամենաինքնաբավին». Աղվան Վարդանյան

Ապրիլ 12,2020 18:53

Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Օրեր առաջ, ֆեյսբուքյան գրառմամբ, որոշ դիտարկումներ էի արել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային վերջին ելույթի վերաբերյալ: Օրեր հետո, Տեր-Պետրոսյանի «ilur.am» կայքի անանուն հեղինակը, խորին երախտագիտություն հայտնելով ինձ առիթ ընծայելու համար, անդրադարձել է իմ մեկ արտահայտությանը. «Լևոն Տեր-Պետրոսյանը հույս է հայտնում, որ երկրորդ և երրորդ նախագահները պետական այրին վայել վարք կդրսևորեն: Ինչն ինքը գրեթե երբեք չի արել»:

Հեղինակը թվարկել է 6 «հանրահայտ» փաստ, թե երբ է Տեր-Պետրոսյանը պետական այրին վայել վարք դրսևորել:
Առանձին ու խմբավորված անդրադառնամ:

Առաջինը 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անմիջապես հետո Տեր-Պետրոսյանի հայտարարությունն է. «Դրությունը հասարակական բոլոր ուժերից և կառավարման բոլոր մարմիններից պահանջում է մեկ մարդու նման համախմբվել հանրապետության նախագահի շուրջ և կատարյալ համերաշխությամբ ու արժանապատվությամբ դիմագրավել մեր պետականությանը նետված մարտահրավերը»:
Միանգամից ասեմ՝ սա հենց այն «գրեթե»-ն է, որ նկատի եմ ունեցել: Այդ կոչը, իրոք, պետական այրին վայել արարք էր: Բայց այստեղ կա բայց․․․

Հոկտեմբերի 27-ին հաջորդած վեց ամիսների ընթացքում, երբ հայտնի ուժերն ու առաջին նախագահի անմիջական շրջապատի մարդիկ կատաղորեն ճոճում էին մեր ընդհանուր նավը (դրանք այսօր էլ ասպարեզում են), Տեր-Պետրոսյանը ծպտուն չհանեց: Չասաց՝ սադրիչներ ու չարակամներ են, ատելություն, թշմանանք են սերմանում, երկրորդ ճակատ են բացել, արածները պետական դավաճանություն է: Հետո, երբ իրավիճակը հանդարտվեց, լռեց ընդհանրապես:

Անանուն հեղինակի հաջորդ կետն արդեն մեջբերում է Տեր-Պետրոսյանի 2008թ. մայիսի 2-ի ելույթից: Ուշադրություն. Ռոբերտ Քոչարյանի նախագահության ամբողջ շրջանում պետական այրին վայել խոսքի ոչ մի հիշատակում այլևս չկա: Կրկին ուշադրություն. Տեր-Պետրոսյանը ակտիվացավ 2007թ. աշնանը, երբ գիտեր, որ երկրորդ նախագահը հեռանում է:

Ի՞նչ է ասվում երկրորդ կետում. «Մենք պարտավոր ենք նաև անել ամեն ինչ խուսափելու համար ներքաղաքական ցնցումներից և երկրի կայունությանը սպառնացող զարգացումներից, նկատի ունենալով առաջին հերթին այդպիսի իրավիճակից օգտվելուն միտված Ադրբեջանում արտահայտվող տրամադրությունները…»: Եվ սա ասում է մարդը, ով ինքն էր ամիսներ շարունակ ներքաղաքական ցնցումներ հրահրել, մարդկանց տարել բախման, հանգեցրել մարտիմեկյան ողբերգության, որից պետությունն առայսօր ուշքի չի գալիս:

Անանուն հեղինակի հաջորդ 3 մեջբերումները վերաբերում են 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտություններին: Գլխավոր միտքը հետևյալն է. անկախ քաղաքական տարաձայնություններից, արտաքին վտանգի դեպքում մենք կանգնած ենք լինելու երկրի ներքաղաքական կայունության պահպանման և անվտանգության պաշտպանության դիրքերում:

Բնականաբար համաձայն եմ 2-րդ կետի վերջում և 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերում արտահայտված մոտեցմանը: Բայց կարո՞ղ էր այլ կերպ լինել: Ի՞նչ է՝ երկրի առաջին նախագահը կարող էր ասել․ եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի ու Հայաստանի վրա, մենք էլ մեր կողմից պարտավոր ենք երկրորդ ճակատ բացել ու կազմաքանդե՞լ պետությունը: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ այդպես կարող էր վարվել միայն դավաճանը: Այնպես որ արդար ու ճիշտ չէ այս կետերում պետական այրին վայել վարք գտնել ու հրամցնել: Դեռ չեմ խոսում արցախյան հիմնահարցի լուծման Տեր-Պետրոսյանի՝ «տղա եք, մի տվեք» մշտակայուն-տապալված «հայեցակարգի» մասին:

Վերջին՝ 6-րդ կետը մեջբերում է 2016թ. հուլիսի 22-ի խոսքից՝ ՊՊԾ գնդի գրավումից, պետության դեմ կատարված ահաբեկչությունից 5 օր անց միայն: Տեր-Պետրոսյանը դարձյալ խոսում է արտաքին վտանգի դեպքում համախմբվելու անհրաժեշտության մասին: Ոչ մի գնահատական ահաբեկչությանը, ոչ մի բառ պետական հաստատության վրա հարձակվելու անթույլատրելիության մասին, ոչ մի դատապարտում:
Պետական այրին վայե՞լ էր այս անատամ տարտամությունը: Թե այդ ժամանակ արդեն հայաստանյան վերջին զարգացումների սաղմերն էին դրվում:

Քսանմեկ տարում վեց, այն էլ՝ այսպիսի կետ: Շատ չէ, կարծում եմ:
Առայժմ այսքանը: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում անանուն բծախնդիր հեղինակին, որ միայն մեր մեկ տողին է անդրադարձել:
Եթե շարունակություն լինի, սիրով կխոսենք նաև, թե ինչու է հանրապետության առաջին նախագահն իր վերջին ելույթում դատապարտված համարում «ամենաինքնաբավին», ում անունը տալ չի ուզում և թե իր մտքում ինչպիսի հաջորդ իշխանություն է թաքուն պատկերացնում ու նախապատրաստում:

ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԻՆ ՎԱՅԵԼ ՎԱՐՔԻ ՄԱՍԻՆ: ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ Օրեր առաջ, ֆեյսբուքյան գրառմամբ, որոշ դիտարկումներ էի արել ՀՀ առաջին…

Gepostet von Aghvan Vardanyan am Sonntag, 12. April 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930