Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ թոքերս նկարեցին, բժիշկների մոտ ահ ու սարսափ էր». Սագո Արեանը՝ բուժման ընթացքի ու հաղթահարած խնդիրների մասին

Հունիս 06,2020 20:57

«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան, լրագրող Սագո Արեանն օրերս «ֆեյսբուքյան» էջով տեղեկացրել էր, որ ինքն ու ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով: Aravot.am-ը պարոն Արեանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է անցնում բուժումը եւ ի՞նչ խնդիրներ նա կարող է մատնանշել բուժօգնության դիմած ժամանակահատվածի համար: Մեր զրուցակիցը նախ պատմեց՝ առաջին անգամ սեփական փորձով արձանագրեցին, որ պոլիկլինիկայում իրավիճակի դիմաց անզոր են. «Որեւէ մեկին չենք ուզում մեղադրել, բայց իրենք լքված էին իրենց ճակատագրի առաջ: Սա այն դեպքն էր, որ մենք է, որ ճիշտ քայլեր ձեռնարկելով՝ կարողացանք դուրս գալ մտավախություններ հարուցող իրավիճակից, որը կամաց-կամաց կարող էր տագնապի վերածվել, եթե մենք ճիշտ քայլեր չանեինք: Պատկերացրեք, որ մարդը չգիտի, որ վարակված է կորոնավիրուսով, բայց մտավախություններ ունի, ջերմությունն էլ չի իջնում»:

Այս հանգամանքից ելնելով՝ Սագո Արեանը զանգահարել է տեղամասային պոլիկլինիկայի բժշկին, հայտնել՝ երկու օր է, որ 37,5 տաքություն ունի, իսկ բժիշկը պատասխանել է՝ «ոչինչ, երբ 38,5 կամ 39 լինի, այդ դեպքում կտեսնենք, թե ինչ կարող ենք անել»: Արեանի խոսքով. «Դրանից հետո հասկանում ենք, որ մեր հարցն ինքներս պետք է լուծենք: Իմ միջոցներով գնում եմ մասնավոր բժշկական կենտրոն եւ կատարում ամենակարեւոր քայլը, որը խորհուրդ կտամ ցանկացած հիվանդի՝ նկարում եմ թոքերս: Եվ դա արագ պետք է անել: Երբ թոքերս նկարեցին, բժիշկների մոտ ահ ու սարսափ էր, որովհետեւ իրավասություն չունեին կորոնավիրուսով հիվանդին բուժելու: Խորհուրդ տվեցին արագ գնալ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու: Այդտեղ էլ ամեն ինչ սկսվեց»:

Սագո Արեանը պատմեց. «Ինֆեկցիոնում մղձավանջային, անտեր վիճակ էր: Այդ դեմքերի մեջ իսկապես կար մտավախություն, թախիծ, վախ… հազար միջոցներով փորձել եմ, որ վերջիվերջո ինձ թեստավորեն: Միայն թեստավորում պետք է անեին, բայց այդ մարդիկ ասում էին՝ ոտքի վրա ես, գնա տանը բուժվի… Չառաջարկեցին անգամ հոսպիտալացվել, չհարցրին՝ ուզո՞ւմ եմ հիվանդանոցում բուժվել, թե ոչ: Դա արդեն հուշում է, որ այլեւս չունեն կարողություն, եւ ես դա լավ հասկանում եմ: Ի դեպ, մինչեւ ինֆեկցիոն գնալը պոլիկլինիկայի բժիշկը երկու տեսակի դեղ էր նշանակել՝ մեկը թոքաբորբի համար, մյուսը՝ հակավիրուսային: Նույն դեղերը հաստատվեց նաեւ այլ՝ անհատ բժշկի խորհրդատվությամբ: Ինֆեկցիոնից տուն եկա շատ թույլ եւ հիասթափված»:

Այնուհետեւ Սագո Արեանը շարունակել է դեղերն ընդունել տանը, իսկ պոլիկլինիկայի բժշկին տեղեկացրել է, որ թոքաբորբ ունի. «Նա դեղերս ավելացրեց: Երկու-երեք օր տանջվեցի ոչ միայն ջերմությունից, քունքերի ու գլխի ցավից, այլեւ ծանր դեղերից: Ժամանակ էր պետք, որովհետեւ դեղ օգտագործող չեմ, եւ խիստ անհրաժեշտության դեպքում կարող եմ գլխացավի դեղ ընդունել: Այդ երեք օրերին անորոշություն էր, ինչից հետո ասացին, որ թեստի պատասխանը դրական է: Իրենք ավելի վախվորած էին, քան ես, որովհետեւ ես գիտեի, որ ճիշտ հունի վրա եմ, չեմ թողել, որ թոքաբորբն աճի եւ մյուս թոքն էլ ախտահարի: Այդ պատճառով չվախեցա: Երբ դրական պատասխանն ասացին, արդեն գիտեի, որ ոչ միայն ես եմ վարակված, այլեւ երեխաներս՝ 11 եւ 17 տարեկան, կինս: Ուրբաթ երեկոն վատ անցավ փոքր տղայիս համար, ջերմությունը շատ էր բարձր, բայց շտապօգնությունը ոչ մի կերպ չէր արձագանքում: Դիմեցինք պոլիկլինիկայի մանկաբույժին, ով դեղամիջոց առաջարկեց, եւ երկու որդիներս այն ընդունում են: Շաբաթ օրը նրանց մոտ արդեն վատ ախտանշաններ չկային: Նրանք շատ արագ դուրս եկան տագնապալի իրավիճակից»:

Սագո Արեանը հիմա շարունակում է բուժումը. «Սա մոտ 15 օրվա պատմությունն էր: Հիմա դեղերիս թիվն ավելի պակաս է,  տաքություն չունեմ, միայն թեթեւ հազ ունեմ, ավելի լավ եմ զգում: Ի դեպ, ես շնչառական խնդիր չունեցա, իսկ արյան մեջ թթվածնի պակաս չարձանագրվեց: Դա շատ լավ էր: Տրամադրությունս լավ է, առաջվա հոգնածությունն ու ցավերը չկան: Կարծում եմ՝ բնականոն հունի վրա ենք»: Հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ առողջապահական համակարգն արդեն չի հասցնում իրավիճակը սպասարկել: Սագո Արեանը համաձայնեց. «Այո: Եթե ամեն քաղաքացի ճիգեր չգործադրի, կրակի բերանում կհայտնվի: Եթե մենք, օրինակ, չշտապեինք, գուցե երկկողմանի թոքաբորբ ունենայինք եւ բուժումը հիվանդանոցում շարունակեինք: Ես որեւէ մեկին չեմ վստահում: Ոչ թե համակարգը լավը չէ, այլ ճնշվածություն կա, ռեսուրսները… այսօր վարչապետն էլ ասաց, որ հիվանդներին էլ չեն հասցնում հոսպիտալացնել: Մենք վախենում էինք այս իրավիճակից, որը եղավ Իսպանիայում, Իտալիայում… Այդ երկրների փորձից չսովորեցինք, չկարեւորեցինք նրանց փորձը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930