Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ-ի նախագծերում պահպանված չեն թե՛ պատմագիտական, թե՛ մանկավարժական-մեթոդական սկզբունքներն ու նորմերը. ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի հայտարարությունը

Հուլիս 28,2020 23:33

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնը ներկայացրել է հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների ուսումնառության հայեցակարգի նախագծի վերաբերյալ ամբիոնի նիստի որոշումը՝ ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի ստորագրությամբ:

«Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգի մշակումն ու ուսումնական գործընթացի մեջ ներառումն այսօր իսկապես կարևոր խնդիր է, որն անհրաժեշտ է իրականացնել պատմական հավաստի սկզբնաղբյուրների, նորահայտ փաստերի, դրանց հիման վրա տասնամյակներ շարունակ հայ և այլազգի առաջատար ու մեծանուն պատմաբանների, արևելագետների, լեզվաբանների, հնագետների և ազգաբանների մշակած գիտական հիմնարար աշխատությունների, թեզերի ու հիմնադրույթների օգտագործումով` ներառելով նաև առարկայի դասավանդման արդի մեթոդներ՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային առանձնահատկությունները:

Ուզում ենք կարծել, որ հենց այդպիսի նպատակ են փորձել որդեգրել նաև «Հայոց պատմություն» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների ուսումնառության հայեցակարգի քննարկման ներկայացված նախագծերի հեղինակները: Միևնույն ժամանակ գտնում ենք, որ հապշտապ, մեկուսի, հավակնոտ, ինչ-որ տեղ ինքնագլուխ կերպով կազմված նման «հայեցակարգի» բացթողումներն այնքան ակնհայտ են, որ խնդիրն իրականացնելու համար մասնագիտական խորը գիտելիքներ, երկարամյա մանկավարժական աշխատանքի փորձ և պատմական իրադարձություններն ու անցքերը հաջորդաբար հայեցի շարադրելու հմտություններ ունեցող մասնագետների ներգրավման ու խորհրդատվության առաջնահերթ կարիք ունեն: Հայեցակարգերում, հատկապես «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի պարագայում, բացարձակապես հաշվի առնված չեն սովորողների տարիքային առանձնահատկությունները: Տպավորություն է ստեղծվում, որ հեղինակները բազմաթիվ անհասկանալի և խրթին ձևակերպումներով, փորձել են ստեղծել մի խառնաշփոթ՝ նպատակ ունենալով հակակրանք ստեղծել առարկաների նկատմամբ: Այնինչ՝ պետք է լիներ հակառակը:

Չխորանալով և չկենտրոնանալով սույն «հայեցակարգերում»-ում ներկայացված վիճելի և/կամ անստույգ յուրաքանչյուր արտահայտության, եզրույթի, մեկնաբանության և ձևակերպման վրա, ինչը մի-քանի տասնյակ (իսկ մանրամասն ու հիմնավոր քննարկման պարագայում նաև մի-քանի հարյուր) էջ տեքստ կներառեր, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի աշխատակիցները (այդ թվում՝ 2 ակադեմիկոսներ, պատմական գիտությունների 6 դոկտորներ և 10 թեկնածուներ) միաձայն գտնում են, որ ներկայացված նախագիծը կազմված է հապճեպ, միակողմանի և մասնագիտական լուրջ վերամշակման ու հիմնովին վերաշարադրման կարիք ունի: Այն չի համապատասխանում իր գլխավոր նպատակին, ապագայում այս չափորոշիչների հիման վրա գրվելիք դպրոցական դասագրքերը չեն կարող սեր առաջացնել առարկայի նկատմամբ և աշակերտին տալ համակողմանի գիտելիքներ: Քննության ներկայացվող նախագծերում պահպանված չեն թե՛ պատմագիտական և թե՛ մանկավարժական-մեթոդական սկզբունքներն ու նորմերը, որոնց հաշվի չառնելու դեպքում անհնար է ստեղծել հաջողված դպրոցական դասագիրք: Ըստ որում` առաջնահերթ պահանջ է, որ նախագիծն իրականացնող խումբը համալրվի Հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանների պատմաբան-մեթոդիստներով և ազգաբաններով, ինչպես նաև փորձառու մանկավարժներով:

ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ՝ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031