Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղուն՝ բնության, մեղրը՝ մարդու համար․ այն ամենն, ինչ հարկավոր է «քաղցր կյանքի» համար

Օգոստոս 08,2020 23:00

Բնագետները վաղուց են ապացուցել, որ եթե մեղուն չլիներ, 100 հազարավոր տեսակի բույսեր կվերանային երկրի երեսից։ Ինչպես գրում է Չարլզ Դարվինը․ «Չկա մեղու, չկա սերմ, չկա սերմ՝ չկա ծաղիկների տարածում, որքան շատ սերմ ծաղիկներից, այնքան շատ ծաղիկ սերմերից․․․»։

Բուսական աշխարհի այս չքնաղ բազմազանությամբ մենք մեծամասամբ պարտական ենք մեղուներին․ այդ փոքրիկ միջատների դերը բուսական աշխարհի զարգացման գործում ուղղակի անգնահատելի է․ որքան նրանք նեկտար ու ծաղկափոշի են հավաքում, նույնքան էլ բույս են փոշոտում՝ նպաստելով խաչաձևմանը։

Մեղվի փեթակներ

Մեղուն որքան օգտակար է բնության, նույնքան օգտակար է մարդու համար։ Մեղվաբուծական բոլոր մթերքները՝ մեղրը, մեղվամոմը, ակնամոմը, մեղվակաթը, ծաղկափոշին, մեղվաթույնը և այլն հազարամյակներ ի վեր լայնորեն օգտագործվել են մարդու կողմից՝ մինչ օրս պահպանելով իրենց սննդային, ինչպես նաև բուժական բարձր արժեքը։

Մեղվի ամենաքաղցր պարգևը՝ մեղրը, միակ սնունդն է աշխարհում, որն անմնացորդ անցնում է արյան մեջ՝ օրգանիզմին փոխանցելով իր բոլոր օգտակար հատկությունները։

Ապացուցված է, որ մեկ գրամ մեղր պատրաստելու համար մեղուն պետք է այցելի մոտավորապես 10 հազար ծաղկի, 120-150 անգամ ծաղկադաշտից նեկտար պիտի կրի մեղվափեթակ՝ այդ ընթացքում կատարելով 100-ավոր կիլոմետրերի թռիչք։

 Մեղրաքամին պատրաստվելիս

1 գրամ մեղր պատրաստելու համար մեղուն պետք է բերի ու վերամշակի 4-5 գրամ նեկտար։ Իսկ նեկտարի ամեն մի կաթիլը 120-240 անգամ պիտի անցնի մեղվի ստամոքսով՝ մինչև որ պատրաստի մեղրը լցվի շրջանակի վեցանկյուն մոմակերտ բջջի մեջ ու սերեկվի մոմե բարակ շերտով։ Ահա այսպիսի քրտնաջան աշխատանքի արդյունքում է մեղրը հարստանում բուժիչ այն անգնահատելի հատկություններով, որոնց մասին շատ լավ գիտեին մեր նախնիները. նրանք մեղրն օգտագործում էին որպես սպեղանի վերքերի, ստամոքսի, շնչառական խնդիրների և տասնյակ այլ հիվանդությունների բուժման ժամանակ։

Մատենադարանում պահվող ձեռագիր բժշկարաններում բազմաթիվ հիշատակություններ կան մեղվամթերքի բուժիչ հատկությունների վերաբերյալ․ Մխիթար Հերացու «Ջերմաց մխիթարութիւն» գրքում (12-րդ դար) զետեղված 1200 դեղատոմսերի մի զգալի մասի բաղադրությունում առաջարկվում են մեղրը, մոմն ու ակնամոմը։

Մեղրն ամփոփող շրջանակները

Մեղրի բաղադրությունը

Մեղրը պարունակում է մոտ 20 տոկոս ջուր, խաղողաշաքար (գլյուկոզա), որն  առանց վերամշակման ու մնացորդի յուրացվում է մարդու օրգանիզմում, մրգաշաքար (ֆրուկտոզա), որն ավելի քաղցր է, քան խաղողաշաքարը։ Մեղրի բաղադրությունում 2-6 տոկոս է կազմում եղեգնաշաքարը, որը տրոհվում է խաղողաշաքարի ու մրգաշաքարի։

Մեղրի բաղադրության մեջ կա օսլա, ինչպես նաև երկու տեսակի սպիտակուցներ՝ բուսական ծագման, որոնք ստացվում են նեկտարից ու կենդանական ծագման, որոնք մեղրին են փոխանցվում մեղվի մարսողական օրգանների ֆերմենտներից։

Մեղրը պարունակում է թթուներ՝ խնձորաթթու, կաթնաթթու, գինեթթու, թրթնջուկաթթու, կիտրոնաթթու, ֆոսֆորական թթու, աղաթթու, մրջնաթթու և այլն։

Մեղրը հարուստ է հանքանյութերով՝ կալիում, նատրիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, պղինձ, մանգան, ցինկ, կապար։

B խմբի վիտամինների, C, K վիտամինի, կարոտինի՝ A նախավիտամինի աղբյուր է։

Մեղրին գույն, համ ու հոտ տալիս են այն բույսերը, որոնցից ստացվում է մեղրը․ ըստ այդմ կարող է լինել միայն մեկ տեսակի բույսից ստացվող մեղր (լորենու, կորնգանի, հնդկացորենի, արևածաղկի և այլն) և  բազմատեսակ մեղր, որը հավաքվում է մարգագետինների, խառն անտառների, արոտավայրերի, խառը ծաղիկների նեկտարից։

Մոմասերեկով կնքված շրջանակը

Հայաստանում հանդիպում է նաև արբեցնող մեղր, որը մեղուները հավաքում են մրգավարդից, նազվարդից, օշինդրից, ձարխոտից ու այլ դառնահամ բույսերից։

Այդպիսի մեղրի օգտագործումը կարող է առաջացնել սրտխառնոց, գլխապտույտ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում։ Սակայն հարբեցնող մեղրի թունավոր հատկությունները վերանում են այն 1 տարի պահելուց հետո։

Ի դեպ, անարատ մեղրը որքան հնանում է, այնքան բարձրանում է վերջինիս որակը։

Մեղրի բուժիչ հատկությունները

Մեղրն օժտված է հակասեպտիկ, հակասնկային, հակաբակտերիալ ուժեղ ազդեցությամբ։

Այն արդյունավետորեն ոչնչացնում է գրեթե բոլոր տեսակի բակտերիաները և մինչև XX դարի սկիզբը լայնորեն օգտագործվում էր որպես վարակների դեմ պայքարող միջոց։ Սակայն այսօր էր մեղրն իր բակտերիասպան ազդեցությամբ կարող է կարևոր դեր կատարել մարդու առողջության պահպանման գործում։

Մեղվաբույծներին քաջ հայտնի է, որ եթե մարմնի որևէ մասը կտրվում կամ ծակվում է, պետք է վնասված հատվածին մեղր քսել․ այդպիսով վերքը մեկուսացվում և ախտահանվում է, այնուհետև չի թարախակալվում։

Մեղր քամող մեքենան

Մեղրն օժտված է իմունային համակարգն ամրապնդող ազդեցությամբ։

Այս փաստի լավագույն վկայությունը մեղվապահներն են, որոնք, սովորաբար, առանձնանում են կենսուրախությամբ, քաջ առողջությամբ ու երկարակեցությամբ։

Մեղրն ունի արյունաստեղծ, երիտասարդացնող ազդեցություն։

Այն կարգավորում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը, ինչպես նաև հարստացնում արյունը անհրաժեշտ հանքանյութերով ու վիտամիններով: Բարենպաստ է անդրադառնում սրտի աշխատանքի վրա, բարձրացնում է օրգանիզմի տոնուսն ու էներգիան, կարգավորում ստամոքսում թթվայնության մակարդակը, նպաստում է մարսողական համակարգի կանոնավոր աշխատանքին։

Մեղրը բարենպաստ է անդրադառնում կանանց ու տղամարդկանց վերարտադրողական առողջության բարելավման ու պահպանման վրա․ այդ մասին գիտեին հնագույն ժամանակներից։

«Մեղրամիս» բառը զուտ փոխաբերություն չէ, որը խորհրդանշում է նորապսակների քաղցր կյանքն ամուսնությունից հետո։ Ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում  նորահարսին ու փեսային մեղր ու մեղրաջուր են հրամցրել (ավանդույթը պահպանվել է նաև այսօր), ինչպես նաև երիտասարդներին  մեղրի 5-10կգ-անոց փոքրիկ տակառիկ են տվել, որը նրանք պետք է դատարկեին մեկ ամսվա ընթացքում։

Բուժում ենք մեղրով

  • Ուրցի թուրմի մեջ լուծված մեղրը (10-20 գ․ ուրցը թրմել 200 գ․ եռացրած ջրի մեջ) փափկեցնում է հազը, խորխաբեր է, քրտնաբեր ու ախորժակաբեր, միզամուղ է ու ցավազրկող։
  • Մասուրի թուրմի մեջ լուծված մեղրը օգնում է ստամոքսի, նյարդերի, երիկամների, լյարդի, սրտի հետ կապված հիվանդությունների բուժմանը։
  • Գրգռված նյարդերը հանգստացնելու համար անհրաժեշտ է խառնել վարդի թարմ ծաղկի թերթիկներն ու մեղրը՝ հավասար չափաբաժիններով, երկու օր պահել մութ տեղում, ապա մաեն օր առավոտյան քաղցած ժամանակ ուտել այդ խառնուրդից մեկակակն ճաշի գդալ։
  • Մեղրի, կոճապղպեղի ու լիմոնի հյութի խառնուրդն ազատում է սրտխառնոցից, կարգավորում է ստամոքսի աշխատանքն ու ամրացնում իմունիտետը։
  • Թոքերի հիվանդությունների, դժվարահազի ու խորխի դեպքում օգնում է եզան լեզվի հյութի ու մեղրի խառնուրդը՝ հավասար չափաբաժիններով։ Այն անհրաժեշտ է խմել վաղ առավոտյան՝ անոթի վիճակում՝ օրական մեկ ճաշի գդալ։ Իսկ ճաշին անհրաժեշտ է ուտել ջեռոցում խաշած եզան լեզու։ Երկու շաբաթից թոքերը կմաքրվեն։
  • Մեղրը լայնորեն օգտագործվում է կոսմետոլոգիայում։ Համարվում է, որ մեղրի ու ձիթայուղի կամ նշի յուղի խառնուրդից ստացված դիմակը մի քանի օրում մաշկին թարմություն ու երիտասարդություն է հաղորդում՝ բարելավելով մաշկի գույնն ու բարձրացնելով առաձգականությունը։

Ի դեպ, մուգ գույնի մեղրի բաղադրակազմում գերակշռում են պղինձը, երկաթն ու մանգանը, ուստի այդպիսի մեղրն ավելի օգտակար է սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Իսկ բաց գույնի մեղրն առանձնանում է ճարպերը քայքայող և ստամոքսում թթվայնությունը կարգավորող հատկությամբ, ուստի այն ավելի նախընտրելի է այն մարդկանց համար, որոնք ունեն մարսողական համակարգի խնդիրներ կամ դիետա են պահում։

Իհարկե, մեղրի օգտագործումը հակացուցված է մեղրից ու մեղվամթերքից ալերգիա ունեցող մարդկանց, ինչպես նաև մեղր խորհուրդ չի տրվում տալ մինչև 1 տ․ երեխաներին, մեղրը չի կարելի եռացնել, քանի որ այդ դեպքում այն ոչ միայն կորցնում է իր օգտակար հատկությունները, այլև վնասակար նյութեր է արտադրում։

Որքան էլ շատ են մեղրի ու մեղուների վերաբերյալ ուսումնասիրությունները, այնուամենայնիվ գիտությանը դեռևս հետաքրքրող շատ հարցեր կան, որոնք առնչվում են այդ զարմանալի միջատների ու իրենց արտադրանքի բացառիկ հատկություններին, և մինչ գիտնականները կփորձեն գտնել այդ հարցերի պատասխանները, մեզ մնում է պահել ու պահպանել այն, ինչ այնքան շռայլորեն շնորհել է մեզ բնությունը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31