Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային երգչուհու՝ Ալեքսանդր Հարությունյանի հոբելյանին նվիրված համերգաշարի վերջին ակորդը Վանաձորում էր

Սեպտեմբեր 26,2020 12:30

Համավարակով պայմանավորված՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշվում է համեստ, ոչ իր մեծությանն ու ճանաչմանը արժանի։ Միջոցառումներից առանձնացնենք «Ինչ են պատմում լուսանկարները» գիրք-ալբոմը, որ կազմել եւ խմբագրել են Նարինե Հարությունյանը եւ Ռուզաննա Եսայանը («Կոմիտաս» հրատարակչություն)։

«Առավոտի» հետ զրույցում (2012թ.) կեսկատակ-կեսլուրջ մեր դիտարկմանը, թե 1950-ականներին գրված շեփորի կոնցերտը միայն բավական էր, որ իր անունը գրանցվեր համաշխարհային երաժշտության գանձարանում, մաեստրոն նախ հիշեցրել էր, որ այդ ստեղծագործությունն անպակաս է աշխարհահռչակ շեփորահարների նվագացանկից, ընդգրկված է նաեւ երաժշտական հեղինակավոր հաստատությունների ուսումնական ծրագրում, հետո էլ ասաց, թե մի անկատար ցանկություն ունի. «Թեեւ աշխարհում փողային գործիքների (շեփոր, վալթորն, հոբոյ, ֆլեյտա, տրոմբոն, տուբա) 9 կոնցերտներիս կատարման առիթով դժգոհություն չեմ կարող հայտնել, սակայն կուզենայի, որ դրանք հասանելի լինեին նաեւ հայաստանցի ունկնդրին, էլ չեմ խոսում փողային գործիքների կամերային տարբեր կազմերի համար գրված մյուս գործերիս մասին»։

Ելենա Վարդազարյանը, Վարսենիկ Ավանյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Ներսիսյանը եւ Գեորգի Առաքելովը

Իսկ ստացած բազմաթիվ մրցանակներից ու պարգեւներից առանձնացրեց 1970-ականների սկզբում ԱՄՆ-ում իրեն շնորհված «Օրփեոսը», նշելով, որ այդ պարգեւը տրվում է աշխարհի հռչակավոր երաժշտական համալսարաններում արված հարցման արդյունքում։ Կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունները որոշ բացառություններով (խոսքը փողային գործիքների համար գրված երկերի մասին է) մշտապես իրենց տեղն ունեն նվագախմբերի, երգչախմբերի, երաժիշտների երկացանկում, առանձնակի նշենք «Սայաթ-Նովա» քնարական-դրամատիկական օպերան, որը Ազգային օպերային թատրոնի խաղացանկում է։ Ի դեպ, Արամ Խաչատրյանի հորդորով է Հարությունյանը ձեռնամուխ եղել իր միակ օպերայի ստեղծմանը։

Անդրադառնանք կոմպոզիտորի հազվադեպ հնչող «Ալագյազ» եւ «Դլե յաման» ժողովրդական երգերի բարձրարվեստ մշակումներին։ Ընդ որում, առաջինը նվիրված է Զառա Դոլուխանյանին, երկրորդը՝ Լուսինե Զաքարյանին։ Օրերս Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի ճեմասրահում այլ ստեղծագործությունների թվում այդ երգերը հնչեցրել է Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը։ Երեկոյին մասնակցում էին նաեւ երգչուհու ամուսինը՝ Վահագն Հայրապետյանը եւ կոնցերտմայստեր Ելենա Վարդազարյանը։ «Ըստ էության սեպտեմբերի 23-ին՝ Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրը, Վանաձորում կայացած իմ նախաձեռնությամբ եւ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համերգը օգոստոսի 30-ին Գյումրիում մեկնարկած, կոմպոզիտորի հոբելյանին նվիրված համերգաշարի վերջին ակորդն էր։ Հոբելյարին նվիրված համերգով հանդես ենք եկել նաեւ Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի բացօթյա գրադարանում»։

Հավելեց նաեւ, որ վանաձորյան համերգին ներկա է գտնվել եւ ելույթ ունեցել ծնունդով Վանաձորից, Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Գեորգի Առաքելովը։ «Իսպանական «Բոլերոյի» կատարման ժամանակ ոչ միայն հանդիսատեսը, ես էլ անակնկալի եկա, իմ կատարմանը միացավ Ազնավուրի անվան մշակույթի պալատի տնօրեն Արմեն Ներսիսյանը, ով մասնագիտությամբ երգիչ է։ Հետո պարզվեց, որ «Բոլերոյի» առաջին հնչյուններից հետո ամուսինս՝ Վահագնը, լսել է, թե ինչպես է կուլիսներում տնօրենը ձայնակցում եւ նրան պարզապես «հրել» է բեմ։ Պետք է տեսնեիք, թե ինչ ուշադրությամբ էին ունկնդրում վանաձորցի հանդիսականները։ Նրանց համար մի տեսակ հպարտություն էր բեմում տեսնել իրենց համերկրացիներին։ Եվ քանի որ պանդեմիայի շրջանում սա իմ առաջին մարզային ուղեւորությունը չէ, վերջնական համոզվեցի, որ մարզերում մարդիկ իսկապես մշակույթի ծարավ են։ Սեպտեմբերի 29-ին էլ կոնցերտմայստերիս հետ հանդես եմ գալու Աշտարակի երաժշտական դպրոցում, բայց այլ ձեւաչափով. կներկայացնեմ համերգ-դասախոսություն՝ «Ճամփորդություն ռոմանսի հետ»։

Վարսենիկ Ավանյանի հետ զրուցելիս կատակեցինք, թե համավարակի շրջանում, բացի օպերային թատրոնի տանիքում կայացած համերգներից, կարծես իրեն նվիրել է մարզային շրջագայություններին եւ առաջինն էր հայ արվեստագետներից, որ ԿԳՄՍ նախարարության «Թիկունքը՝ մշակույթ» նախագծի շրջանակներում Տավուշի Բերդ քաղաքում հանդես գալով հնչեցրեց դասական ստեղծագործություններ։ Այս առիթով երգչուհին հայտնեց հետեւյալը. «Վանաձորից վերադարձի ճանապարհին ինքս ինձ մեղադրում էի՝ ախր ինչո՞ւ ժամանակին ավելի շատ չեմ հանդես եկել մարզերում։ Թեեւ մարզերում գործում են պետական երաժշտական կոլեկտիվներ, բայց նրանց եւ մայրաքաղաքի մշակութային փոխհաղորդակցությունը հաճախ պետք է լինի։ Դա նույնն է, թե մայրաքաղաքում արվեստագետները պարփակվեն եւ շփում չունենան արտերկրի իրենց գործընկերների հետ»։ Երգչուհին, ով Վանաձոր մեկնելիս իր հետ վերցրել էր Ալեքսանդր Հարությունյանին նվիրված գիրք-ալբոմի երկու օրինակ ու նվիրել երաժշտական դպրոցին ու քաղաքապետարանին, ափսոսում է, որ հետդարձի ճանապարհին է նկատել, որ ավտոմեքենայում ուներ գիրք-ալբոմի սեփական օրինակը, որը սիրով կնվիրեր ու կերջանկացներ դասական երաժշտության սիրահար մեկ վանաձորցու։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930