Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Յուրատեսակ հաշվետվություն Լուսինե Զաքարյանին եւ Խորեն Պալյանին

Հունիս 15,2023 12:30

Վերջերս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներն իրենց դասախոսների հետ այցելեցին Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի հյուրընկալ օջախը, որը տուն-թանգարան է դարձել 2019 թ. հունիսի 1-ին՝ անվանի երգչուհու ծննդյան օրը։ Թանգարանը գտնվում է Կողբացի փողոցի 42/3 հասցեում, այն 2 սենյականոց բնակարան է, որտեղ ապրել են արվեստագետները: Այն կահավորված է այնպես, ինչպես նրանց կենդանության օրոք։

Բնակարանը, որտեղ արվեստագետներն ապրել են 1968-2007 թվականներին, տուն-թանգարանի վերածելու՝ Խորեն Պալյանի ցանկությունն իրագործել է նրա եղբորորդին՝ բժիշկ Րաֆֆի Պալյանը, որի ֆինանսավորմամբ էլ 2018 թվականին իրականացվել են վերանորոգման աշխատանքները։ 2019 թվականին Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ֆինանսական աջակցությամբ սկսվել են տուն-թանգարանի ցուցադրությունների աշխատանքները։
Ցուցադրության համակարգման եւ ձեւավորման աշխատանքներն իրականացվել են «Քվադրում» ճարտարապետական արվեստանոցի աջակցությամբ։ Հյուրասենյակը վերստեղծվել է այնպես, ինչպես եղել է Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի կենդանության օրոք։ Թանգարանի հավաքածուի համալրման, հաշվառման, վերականգնման, թվայնացման եւ այլ աշխատանքներին աջակցել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի, Հայաստանի պատմության թանգարանները, Հայաստանի ազգային արխիվը, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը եւ Ճարտարապետության եւ շինարարարության Հայաստանի ազգային համալսարանը։

Թանգարանում ներկայացված են Լուսինե Զաքարյանի եւ բանասեր, շարականագետ, մանկավարժ, ԵՊՀ երկարամյա եւ ԵՊԿ գրաբարի դասախոս, ծիսագետ, երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, գեղանկարներն ու նամակները, գրադարանը, ամուսնական համատեղ կյանքի ընթացքում գործածած իրերը, Լուսինե Զաքարյանի բեմական հագուստները, անձնական պարագաներ, ափսեներ, բաժակներ, կահույքը եւ այլն։ Հուշային սրահից բացի՝ նրանց ննջասենյակը ծառայում է որպես հանդիպումներ, կամերային համերգներ եւ միջոցառումներ կազմակերպելու վայր, խոհանոցը լրացված է մոնիտորներով, որոնք ցուցադրում են նրանց համերգային կյանքն ու գործունեությունը։ Այս ջերմ մթնոլորտը պահպանում է թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը, որը եղել է Լուսինե Զաքարյանի կոնցերտմայստերը։

Առաջին համերգը 2019-ին այստեղ իրականացրել է Խորեն Պայլյանի սան (գրաբարի դասընթացի) «ԵՊԿ հրատարակչության» հիմնադիր-հրատարակիչ, երաժշտագետ Գոհար Շագոյանը՝ միջազգային մրցույթների դափնեկիր Մարգարիտ Սարգսյանի հետ։

Օրերս էլ այստեղ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն իրենց դասախոսների հետ էին հանդես գալիս՝ դարձյալ Շագոյանի նախաձեռնությամբ։ Գողտրիկ այս անկյունն անմասն չէր մնացել նաեւ Թանգարանային օրվանից: Թանգարանում ելույթներով հանդես եկան կոնսերվատորիայի պրոֆեսորներ Մարգարիտ Սարգսյանի ու Կարինե Մկրտչյանի ուսանողները: Բոլորը ցանկանում էին իրենց կատարողական արվեստն ամենայն գեղեցկությամբ ներկայացնել, կարծես հաշվետու էին տան տերերի, հատկապես՝ աստվածային, աստվածային Լուսինե Զաքարյանի առջեւ։

Լարիաննա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երգչուհի, լրագրող

«Առավոտ» օրաթերթ
14.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930