Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունը իմը չէր, բայց ժամանակը ցույց տվեց, որ տրոմբոնահար դառնալն իմ կոչումն է»

Հուլիս 26,2023 12:30

Հարցազրույց երիտասարդ երաժիշտ Վարդան Պապիկյանի հետ

– Վարդան, օրերս եք վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ Կալիֆոռնիայի նվագախմբային ակադեմիայի հրավերով մասնակցել եք տարբեր ազգերի երաժիշտներից կազմված նվագախմբի համերգներին։ Ի դեպ, դուք միակ հայն էիք։ Բայց մինչ մանրամասներին անցնելը, կխնդրեինք նախ ասել՝ տրոմբոնահար դառնալը ձեզ համար երազա՞նք է եղել, թեեւ գիտենք, որ ճանաչված երաժիշտների ընտանիքից եք. ձեր պապը հայտնի տրոմբոնահար, պրոֆեսոր Օմար Պապիկյանն է, որը տասնամյակներ աշխատել է Հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ, ապա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերում, հայրը՝ հոբոյահար, դոցենտ Հովհաննես Պապիկյանն է՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտ, մայրը՝ դիրիժոր, դաշնակահար, ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ասիստենտ Վարդուհի Մինասյանն է։

– Այո, սերում եմ երաժիշտների ընտանիքից եւ նորմալ է, որ պետք է ընտրեի հենց երաժշտի մասնագիտություն, բայց որ տրոմբոնահարի, անկեղծ ասած՝ իմ ցանկությունը չէր, ընտանիքինս էր։ Թեեւ իմ ընտրությունը չէր, բայց ժամանակը ցույց տվեց, որ տրոմբոնահար դառնալն իմ կոչումն է։ Հիմա համառոտ ներկայացնեմ այդ տարիները՝ հետեւությունը թողնելով ձեզ։ Ավարտել եմ Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի հարվածային գործիքների դասարանը, հետո՝ կոնսերվատորիա, հիմա երրորդ կուրսում եմ, ուսանում եմ  տրոմբոնի դասարանում (դոցենտ Պարգեւ Աղաբեկյանի ղեկավարությամբ)։ Գործիքն առաջին անգամ ձեռքս վերցրի տանը, 2014թ.՝ 13 տարեկանում, պապիկիս հորդորով։ Հետո, պարզ է՝ սկսվեցին  դասերը պապիկիս ղեկավարությամբ։ Դրանից երկու տարի անց՝ 2016-ին, սկսվեց իմ մասնակցությունը Հայաստանում անցկացվող մրցույթներին, որտեղ արժանանում էի բացառապես առաջին մրցանակի։ Թեեւ պետք է դարձյալ անկեղծանամ, որ այդ մրցանակները ստանալուց հետո էլ սերս դեպի տրոմբոնը մի տեսակ լիարժեք չէր։ Իսկ ամեն ինչ փոխվեց, երբ 2016-ին որպես մենակատար հանդես եկա Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ, մաեստրո Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ մեկնաբանելով Շչյոլոկովի շեփորի եւ նվագախմբի համար գրված Մանկական կոնցերտը՝ փոխադրած տրոմբոնի եւ նվագախմբի համար։ Հետո ընդգրկվեցի Սիլվա Մեքիյանի պատանի երաժիշտների «Նոր անուններ» ծրագրում, մասնակցեցի երեւանյան մի համերգի, իսկ 2008-ից մինչ օրս հանդիսանում եմ ֆիլհարմոնիկ նվագախմբի «ԵրազԱրտ» ծրագրի երաժիշտ, որի շրջանակներում ֆիլհարմոնիկի արտիստները մշտական դասեր են անցկացնում այնտեղ ընդգրկված երիտասարդ երաժիշտներիս հետ։ Կոնկրետ ինձ հետ վարպետության դասեր է անցկացրել  նվագախմբի լեգեոներ երաժիշտ, իսպանացի Խուան Պարդոն, հիմա էլ՝ հոլանդացի Մաթիաս Վարելան։ Մի բան էլ. 2022թ. Հայկական բարեգործական ընդհանուր միության մրցույթում՝ «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» արժանացել եմ Գրան պրիի։

Վարդան Պապիկյանը՝ Դանկո Դրուժկոյի հետ։

– Իսկ հիմա պատմեք, թե ինչպե՞ս հայտնվեցիք ԱՄՆ-ում։

– Կալիֆոռնիայի նվագախմբային ակադեմիայի հայտարարած մրցույթի մասին տեղեկացա սոցցանցերից։ Ինչպես դուք նշեցիք՝ կազմվում էր նվագախումբ տարբեր ազգերի երաժիշտներից։ Ուղարկեցի իմ կատարումներով տեսաձայնագրություններ եւ երկու ամիս հետո ստանալով հրավեր, հունիսի սկզբին մեկնեցի ԱՄՆ։ Անմիջապես սկսվեցին փորձերը։ Ասեմ, որ նվագախումբը լիարժեք կազմով էր, ժամանել էին երաժիշտներ վեց երկրից՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Պերու, Ռուսաստան եւ, իհարկե՝ Հայաստան։ Դիրիժորական վահանակի մոտ էր Դանկո Դրուժկոն, ով հանդիսանում է Լոս Անջելես ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, մաեստրո Գուստավո Դուդամելի ասիստենտներից մեկը։ Այս հավաքված նվագախմբի յուրաքանչյուր գործիքի երաժիշտ դասեր էր առնում  ճանաչված նվագախմբերի վաստակաշատ արտիստներից, այդ թվում՝ Լոս Անջելես ֆիլհարմոնիկի, Սան Ֆրանցիսկոյի, Դալլասի սիմֆոնիկ նվագախմբերի, Հյուսթոնի Գրանդ-օպերայի նվագախմբի եւ այլն։ Ինձ հետ պարապում էր ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Կանզասի կոնսերվատորիայի պրոֆեսոր ՋոԴի Դեյվիզը։ Ունեցանք երկու համերգ՝ Կալիֆոռնիայի նահանգի Կաբրիոլոյի քոլեջում եւ նույն նահանգի պետական համալսարանի Մոներեի մասնաճյուղում։ Եթե հետաքրքիր է՝ ասեմ, որ կայացած երեկոներին ներկայացրել ենք Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան եւ մեքսիկացի կոմպոզիտորներ Լորենցո Բարսելատայի եւ Արթուրո Մարկեսի գործերից։ Նշեմ նաեւ, որ մեկ չծրագրված համերգ էլ ունեցանք. ելույթ ունեցավ նվագախմբի կամերային կազմը։


– Սովորաբար նման նախագծերին հետեւում են հրավերներ։

– Եթե նկատի ունեք աշխատանքային հրավեր՝ ոչ։ Պարզապես կուզեի կրկին մասնակցել նման նախագծերի, որտեղ ձեռք ես բերում մասնագիտական նոր հմտություններ, ծանոթանում ոլորտի նորություններին, ձեռք ես բերում ընկերներ եւ վերջապես՝ չափազանց հետաքրքիր է մասնակցությունը քեզ անհայտ պրոֆեսորի կողմից անցկացվող վարպետության դասերին եւ այլն։

– Վարդան, մեր իրականությունում հազվադեպ են փողային գործիքների երաժիշտների համերգները, մենահամերգները, առավել եւս՝ պղնձյա-փողայինների (գալարափող, շեփոր, տրոմբոն, տուբա…

– Իհարկե, պատճառներ կան, բայց այս պահին պատրաստ չեմ դրանք թվարկել։ Գուցե շտապում եմ  բարձրաձայնել, բայց մտքովս անցնում է առաջիկայում հանդես գալ։

– Հայ կոմպոզիտորների՝ տրոմբոնի համար գրված ստեղծագործությունները, մեր դիտարկմամբ՝ մեծ թիվ չեն կազմում։ Հետաքրքիր է՝ կա՞ն ձեր գործիքի համար ստեղծագործող հայ ժամանակակից կոմպոզիտորներ։

– Միայն կարող եմ պատասխանել, որ ինձ համար լավագույն կոնցերտներից են Գրիգոր Հախինյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի՝ Տրոմբոնի եւ նվագախմբի համար գրված ստեղծագործությունները։ Ափսոս, որ նշածս անվանիները ընդամենը մեկական երկ ունեն տրոմբոնի համար։ Այսքանը։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Կա, նաև, Օմար Պապիկյանին նվիրված 3 մասանի Սոնատ, որը տարիներ առաջ կատարել էր ձեր պապիկի սանը … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31