Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ի հիշատակ հայ հոգեւոր երգի առաքյալներ Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի

Մարտ 03,2023 12:30

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.

Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:

Եվ ժամանակից առաջ են ընկնում,

Դրա համար էլ չեն ներում նրանց:

Պարույր Սեւակ

Խորեն Պալյանն ու Լուսինե Զաքարյանը ծնվեցին ճիշտ ժամանակին: Նրանք եկան եւ բերեցին այն, ինչը մենք ունեինք դարեր ի վեր, բայց նաեւ՝ չունեինք: Դա մեր ազգային հոգեւոր երգն էր, որը ճանաչելով՝ ազգը ճանաչեց ինքն իրեն: Խորենը մեր հոգեւոր ժառանգության գիտակն էր, գրաբարագետ, անգիր կարող էր արտասանել տասնյակ էջեր, գիտեր մոտ 2000 շարական, որոնցից 1700-ը երգում էր: Նրա մեջ մեր միջնադարյան վանականների ոգին էր: Իսկ Լուսինեն, որ ուներ ռուսական կրթություն, ամուսնու՝ Խորենի շնորհիվ կարողացավ մեր մշակույթի անդաստաններից վեր հանել հազարամյա գանձը՝ հոգեւոր երգը ու հասցնել աշխարհի չորս ծագերում ապրող մեր հայրենակիցներին: Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում, որտեղ ապրել են հայ հոգեւոր երգի նվիրյալները, այսօր գործում է Լուսինե Զաքարյան տուն-թանգարանը, որը ճիշտ կլիներ վերանվանել Խորեն Պալյան-Լուսինե Զաքարյան տուն -թանգարան: Այսօր էլ՝ շնորհիվ թանգարանի եւ նրա անխոնջ նվիրյալ տնօրեն Սուսաննա Դավթյանի, մշակութասեր հանրությունը մշտապես զգում է նրանց հոգեւոր ներկայությունը:

Օրերս Երեւանի Լուսինե Զաքարյան տուն-թանգարանում կայացավ հուշ-երեկո՝ նվիրված Խորեն Պալյանի եւ Լուսինե Զաքարյանի հիշատակին: Ներկա էին Խորեն Պալյանի եղբորորդին՝ բժիշկ Րաֆֆի Պալյանը՝ Լոս Անջելեսից, Լուսինե Զաքարյանի քույրը՝ տիկին Լյուդմիլան (Լենան), նրա դուստրը՝ Իրինա Ասլանյանը, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, «Լուսինե Զաքարյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ արեւելագետ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, բանասիրական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Արծրուն Ավագյանը, Սամվել Մուրադյանը, իրավաբան Էդիկ Ավետիսյանը, «Հայ Կանանց միջազգային միության» նախագահ Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, գինեկոլոգ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը եւ այլք։ Թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը, ողջունելով ներկաներին, ասաց. «Հայտնի խոսք է՝ ա՛յն, ինչ տալիս ես, քո՛նն է հավիտյան: Ա՛յն, ինչ պահում ես, կորցրա՛ծ է հավետ: Խորենն ու Լուսինեն իրենց հոգու լույսը տվեցին անհատույց, տվեցին շռա՜յլ… Տվեցին ոչ միայն մեր ազգին, այլեւ ամբողջ աշխարհին, քաղաքակիրթ մարդկությանը ցուցադրեցին ու նրա հոգուն հասցրեցին մեր հոգեւոր երգերի համաքրիստոնեական բովանդակությւնն ու եզակի, բացառիկ հմայքը… Ահա թե որն էր նրանց հերոսությունը: Էդվարդ Միրզոյանի ջանքերով Կոմպոզիտորների միության դահլիճում տեղադրվել էր երգեհոն, եւ 1964 թվականից Վահագն Ստամբոլցյանը Լուսինեի ու Խորենի հետ միասին՝ այդ շենքի դահլիճում ներկայացնում էին միջնադարյան տաղեր, շարականներ, տոհմիկ երգեր… Մարդիկ ապշահար էին մնում, զարմանում էին, որ նման արժեքներ ունենք, բայց տեղյակ չենք:

Խորենը մտքի հսկա էր. հրաշալի գիտեր հայ բանահյուսություն, հայոց պատմություն, միջնադարյան հոգեւոր երաժշտություն. 1700 շարական բերանացի, անգիր գիտեր… Ինչպես ինքն էր պատմում՝ «Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում ուսանելիս, առավոտյան ժամը հինգի՜ն էի արթնանում եւ վանքի պատերի տակով քայլելով՝ սերտում էի դասերս, մինչեւ մյուս սաները կարթնանան»: Ահա թե ինչու ելույթ ունենալիս նա երբեւէ չօգտվեց տեքստից, տիրապետում էր հռետորական արվեստին հիանալիորեն: Խորենը ահավոր աշխատասեր էր, պարտաճանաչ, հանրագիտարանային մտքի տեր անձնավորություն էր՝ հումորի հսկայական պաշարով»:

«Խորեն Պալյան եւ Լուսինե Զաքարյան՝ հայ ազգի երկու մեծեր, որոնք իրենց գիտակցական կյանքը նվիրեցին այն երկրին, որուն անունն է Հայաստան: Իրենք որպես միասնական, ամբողջական ուժ՝ կարողացան գործունեություն ծավալել եւ իրենց ներդրումը կարծեք փոքր վերածնունդ դարձավ հայ հոգեւոր երաժշտության, միջնադարյան տաղերի …Լուսինեն աստվածատուր ձայն ուներ… Երբ կերգեր, կարծես կաղոթեր… Ավա՜ղ, Լուսինեն շուտ մեկնեցավ, անավարտ մնաց իր գործը…Խորեն Պալյան՝ դարձյալ մեծ հայ, երեւույթ էր պատմության մեջ, դասախոս…Նրանց բազմաթիվ գործեր մնացին անավարտ: Եվ այդ անավարտ գործերից մեկն էլ թանգարանի ստեղծումն էր, որ Խորեն Պալյանը չհասցրեց իրագործել իր կյանքի օրոք: Աննկարագրելի դժվարությունների արդյունքում մենք իրականություն դարձրեցրինք Խորեն Պալյանի երազանքը. հունիսի 1-ին այս թանգարանը կբոլորի իր չորս տարին: Թանգարանի նպատակն է հիմնադրամի միջոցով օգնել այն պատանիներին, ովքեր խոստումնալից ապագա ունեն …

Ինչպես իրավացիորեն նշում են բոլոր այցելուները, այսօր այս թանգարանը դարձել է վերնատուն՝ կայացած, լուրջ, ազնիվ մտավորականների հավաքատեղի:

Կուզեմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել տնօրենին՝ մեր սիրելի տիկին Սուսաննային, ով ի հեճուկս բոլոր խոչընդոտների՝ իր անձնվեր գործն է կատարում այս չորս տարիների ընթացքում. նա կարողանում է այս փոքր տուն-թանգարանը կանգուն պահել, ծաղկեցնել, կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ ներգրավելով ոչ միայն մտավորականներին, այլեւ ուսանողներին, առավել եւս՝ դպրոցականներին»,-նշեց Րաֆֆի Պալյանը։

Թանգարանի տնօրենի հրավերով ներկաների համար իր գեղեցիկ կատարումով ելույթ ունեցավ նաեւ քանոնահարուհի, բազմաթիվ միջազգային մրցույթ-փառատոների դափնեկիր Մարիաննա Գեւորգյանը։ Ուշագրավ էր Մեսրոպ Մաշտոցի անվան լեզվի եւ խոսքի մշակույթի կենտրոնի նախագահ Նադյա Անտոնյանի խոսքը. «Ես մեկն եմ այն երջանիկ սերնդից, որը ցմահ բախտավորվեց Լուսինեին եւ Խորենին մոտիկից ճանաչելու, նրանց կենդանի սրբախորհուրդ երգարվեստը մոտիկից ճանաչելու եւ վայելելու բացառիկ հնարավորության համար…նրանց բարձրարվեստ կատարումները վեհացնում էին մեզ՝ խորհրդային երիտասարդներիս հոգիները եւ մեր մեջ ձեւավորում ազգային ինքնության զգացողություն եւ գիտակցություն…նրանց երգարվեստը սերունդների համար դարձավ բարձր ճաշակի, հայեցի դաստիարակության եւ կրթության յուրահատուկ կաճառ…Իրենց աստվածատուր առաքելությամբ նրանք ստեղծեցին մեծ մշակույթ, որով հիացանք, հարստացանք մենք՝ ժամանակակիցներս եւ հետո եկող սերունդները…Նրանց արվեստով սքանչացան ու հարստացան հայն ու Հայաստանը: Ժամանակի հրամայականն էր Լուսինեի ու Խորենի մեծ մշակույթը փոխանցել սերունդներին»,-նշեց նա:

Հիշատակման է արժանի ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի խոսքը։ Ակադեմիկոսը նշեց, որ Լուսինե Զաքարյանի ձայնն առաջին անգամ եկեղեցում է լսել` 1967 թվականին, երբ կատարում էր «Սուրբ Սուրբ»-ը. «Ես այդ կատարումը մինչեւ հիմա չեմ մոռանում: Լուսինեի ձայնագրությունները ես մինչեւ հիմա ունեմ եւ եկեղեցական տոների ժամանակ ամբողջ օրը դա եմ ըմբոշխնում, որովհետեւ Լուսինեի ձայնը լսելիս ինձ թվում է՝ մոտենում եմ Աստծուն…»։

Ի թիվս այլոց, խոսեց նաեւ արեւելագետ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ Նրա ձեւակերպմամբ, իր կյանքի ամենաերջանիկ օրն է եղել Խորեն Պալյանի հետ ծանոթանալը։ Նա մի հետաքրքիր դրվագ պատմեց. «Երբ նախագահ Սերժ Սարգսյանն իմացավ, որ մահացել է Խորեն Պալյանը, եւ ես զբաղված եմ հրաժեշտի արարողությունները կազմակերպելու հարցերով, ասաց.

-Ինչո՞ւ ինձ տեղյակ չես պահել:

– Խորենն ընդդիմադիրների շարքում էր…

Նա այլեւս չթողեց շարունակեմ ու պատասխանեց.

-Խորենն իմ ուսուցի՛չն է եղել…

Եվ այդպիսով պետության ֆինանսական աջակցությամբ հնարավոր եղավ կազմակերպել Խորենի հուղարկավորությունը Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում…»։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031