Լրահոս
Օրվա լրահոսը

Պանդեմիան շատ երկրներում խաթարել է հոգեկան առողջության բարելավմանը միտված ծառայությունների ոլորտը․ ԱՀԿ

Հոկտեմբեր 10,2020 22:15

1992 թ․-ից հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր։ Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հոգեկան առողջության հետ կապված մի շարք դիտարկումներին։

Հիմնական դրույթներ

  • Հոգեկան առողջությունը սոսկ հոգեկան խանգարումների բացակայությունը չէ։
  • Հոգեկան առողջությունն առողջության անբաժան մասն է․ իրականում առանց հոգեկան առողջության առողջության մասին խոսք գնալ չի կարող։
  • Հոգեկան առողջությունը սահմանվում է մի շարք սոցիալ-տնտեսական, կենսաբանական ու շրջակա միջավայրին վերաբերող գործոններով։
  • Հոգեկան առողջության պահպանման համար կիրառվում են միջոլորտային արդյունավետ ռազմավարություններ ու հանրային առողջապահական միջոցառումներ։

Հոգեկան առողջությունն առողջության անքակտելի ու կարևորագույն բաղադրամասն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնադրությունում ասվում է․ «Առողջությունը ֆիզիկական, հոգեկան ու սոցիալական լիարժեք վիճակն է, այլ ոչ միայն հիվանդությունների ու ֆիզիկական թերությունների բացակայությունը»։ Այս բնորոշումից կարևոր հետևությունը՝ հոգեկան առողջությունը միայն հոգեկան խանգարումների ու հաշմանդամության ձևերի բացակայությունը չէ:

Հոգեկան առողջությունը բարեկեցության վիճակ է, որի շրջանակներում մարդն իրացնում է իր ունակությունները, կարողանում է դիմակայել առօրյա սովորական սթրեսներին, աշխատում է արդյունավետորեն՝ իր ներդրումն ունենալով միջավայրում։ Այդ իմաստով հոգեկան առողջությունը մարդու բարեկեցության ու հասարակության արդյունավետ կենսագործունեության հիմքն է։
Հոգեկան առողջությունը կարևորագույն ազդեցություն ունի մեր՝ որպես բանական էակների՝ մտածելու, զգացմունքներն արտահայտելու, հաղորդակցվելու, գումար վաստակելու ու կյանքից հաճույք ստանալու կոլեկտիվ ու անհատական ընդունակությունների վրա։

Հաշվի առնելով այդ փաստը՝ հոգեկան առողջության ամրապնդմանը, պաշտպանությանն ու վերականգնմանն ուղղված գործողություններն ամբողջ աշխարհում կենսական նշանակություն են ձեռք բերում։

Հոգեկան առողջության վրա ազդող գործոնները

Մարդու հեգեկան առողջության մակարդակը յուրաքանչյուր ժամանակահատվածում որոշվում է սոցիալական, հոգեբանական ու կենսաբանական բազմաթիվ գործոններով։ Այսպես՝ բռնությունն ու սոցիալ-տնտեսական կայուն ճնշումը համարվում են հոգեկան առողջությունը վտանգող գործոններ։ Նաև ակնհայտ փաստեր կան՝ սեռական բռնության հետ կապված։
Հոգեկան առողջության ոչ բարվոք վիճակը նաև կապվում է սոցիալական արագ փոփոխությունների, աշխատանքային սթրեսային պայմանների, սեռական խտրականության, սոցիալական օտարման, անառողջ կենսակերպի, ֆիզիկական անառողջության, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների հետ։

Ինչպես նաև կան հոգեկան ու անձնական հատուկ գործոններ, որոնց պատճառով մարդիկ խոցելի են դառնում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների նկատմամբ։

Կենսաբանական ռիսկերը ներառում են գենետիկ գործոնները։

Հոգեկան առողջության ամրապնդումն ու պաշտպանությունը

Հոգեկան առողջության ամրապնդումը ենթադրում է գործողություններ, որոնք ուղղված են հոգեբանական առողջության ամրապնդմանը։ Դրանք կարող են ներառել հոգեկան առողջությանը նպաստող շրջակա միջավայրի ստեղծումը։
Հոգեկան առողջության առանցք է համարվում այն միջավայրը, որտեղ հարգանքի են արժանանում ու պաշտպանվում են քաղաքական, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները։ Այդ իրավունքներից բխող ազատության ու անվտանգության բացակայության պայմաններում շատ դժվար է պահպանել հոգեկան առողջության բարձր մակարդակը։

Հոգեկան առողջության պահպանության ազգային քաղաքականությունը պետք է կենտրոնանա հոգեկան խանգարումների և ավելի լայն ասպեկտների վրա, որոնք նպաստում են հոգեկան առողջության ամրապնդմանը։  Հոգեկան առողջության ամրապնդումը պետք է ներառել ազգային ծրագրերում ու ռազմավարություններում։ Առողջապահության ոլորտից բացի այդ հարցերի լուծման համար պետք է ներգրավել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կրթական, աշխատանքի տեղավորման, արդարադատության, շրջակա միջավայրի, տրանսպորտի, սոցիալական ապահովության, բնակարանաշինության ոլորտները։

Հոգեկան առողջության ամրապնդմանն ուղղված կոնկրետ գործողություններ են․

  • Վաղ մանկության շրջանում ձեռնարկված միջոցառումներ (օրինակ՝ ստեղծել կայուն միջավայր, որը բավարարում է երեխաների առողջության և սննդի կարիքները, ապահովում է պաշտպանություն վտանգավոր գործոններից և շփման ու կրթության հնարավորություն է ստեղծում՝ հիմնված կարեկցանքի, հուզական աջակցության և զարգացման խթանման վրա)։
  • Աջակցություն երեխաներին (օրինակ՝ հմտությունների ձեռքբերման ծրագրեր, երեխաների ու երիտասարդների զարգացման ծրագրեր)։՛
  • Կանանց սոցիալ-տնտեսական հնարավորությունների ընձեռում (օրինակ՝ կրթության հասանելիության բարելավում, միկրովարկավորման սխեմաների մշակում)։
  • Տարեց մարդկանց սոցիալական աջակցություն (օրինակ՝ ծանոթությունների կազմակերպման նախաձեռնություն, տարեց մարդկանց ցերեկային կենտրոնների ստեղծում)։
  • Ծրագրեր, որոնք ուղղված են խոցելի խմբերին՝ ներառյալ փոքրամասնություններին, ներգաղթյալներին, ինչպես նաև մարդկանց, որոնք տուժել են կոնֆլիկտներից կամ տարերային աղետներից (օրինակ՝ հոգեբանական-սոցիալական միջոցառումների անցկացում տարերային աղետներից հետո)։
  • Դպրոցներում հոգեկան առողջության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ (օրինակ՝ դպրոցնելում էկոլոգիական փոփոխություններին աջակցող ծրագրեր)։
  • Աշխատավայրերում հոգեկան առողջության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ (օրինակ՝ սթրեսի կանխարգելմանն ուղղված ծրագրեր)։
  • Բնակարանային պայմանների ռազմավարություն (օրինակ՝ բնակարանային պայմանների բարելավում)։
  • Բռնության կանխարգելմանը միտված միջոցառումներ (օրինակ՝ ոգելից խմիչքի ու զենքի ձեռքբերման սահմանափակումներ)։
  • Առանձին համայնքների զարգացման ծրագրեր (օրինակ՝ «Համայնք, որը հոգ ե տանում․․․», գյուղատնտեսական համալիր զարգացում)։
  • Աղքատության ծավալների նվազեցում և աղքատների սոցիալական պաշտպանություն։
  • Հակախտրական օրենքներ և արշավներ։
  • Հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց իրավունքների և հնարավորությունների, նրանց մասին հոգածության ամրապնդում։

Հոգեկան առողջության ոլորտի ազգային քաղաքականության մշակման և կիրառման համատեքստում չափազանց կարևոր է ոչ միայն ամրապնդել ու պաշտպանել քաղաքացիների հոգեկան առողջությունը, այլև լուծել այն խնդիրները, որոնք կապված են որոշակի հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց կարիքների հետ։
Նախորդ տասնամյակի ընթացքում նշանակալիորեն լրացվել են այն գիտելիքները, թե ինչ է պետք անել հոգեկան խանգարումների աճող դեպքերի հետ։
Ավելի շատ են այն տեղեկությունները, որոնք վկայում են հոգեկան խանգարումների դեմ պայքարի մի շարք կարևորագույն գործողությունների արդյունավետությունն ու ծախսարդյունավետությունը տնտեսական զարգացվածության տարբեր մակարդակ ունեցող երկրներում։

Այդպիսիք են՝

  • դեպրեսիայի բուժումը հոգեթերապիայի միջոցով, իսկ միջին ու ծանր դեպրեսիայի դեպքում՝ հակադեպրեսանտներով։
  • Փսիխոզի բուժումը հակափսիխոտիկ միջոցներով՝ հոգեսոցիալական աջակցության հետ համատեղ։
  • Ալկոհոլային ըմպելիքների հարկումը և դրանց վաճառքի ու գովազդի սահմանափակումները:

Հոգեկան առողջությունն ու պանդեմիան

ԱՀԿ նոր հետազոտության համաձայն՝ ԿՈՎԻԴ-19 պանդեմիան աշխարհի երկրների մեծամասնությունում (93 %) խաթարել կամ դադարեցրել է հոգեկան առողջության ոլորտում կարևորագույն ծառայությունների մատուցումը։ 130 երկրներում անցկացված ուսումնասիրությունը թույլ է տվել համընդհանուր տվյալներ ստանալ, որոնք վկայում են ԿՈՎԻԴ-19-ի կործանարար ազդեցությունը հոգեկան առողջության ծառայությունների ոլորտում և ընդգծում ոլորտի ֆինանսավորման ավելացման անհրաժեշտությունը։

Պանդեմիան մեծացրել է հոգեկան առողջության ոլորտում ծառայությունների պահանջարկը։ Ծանր կորուստները, մեկուսացումը, եկամուտների կորուստն ու վախը հանգեցնում են հոգեկան առողջության խանգարումների կամ բարդացնում արդեն առկա խնդիրները։ Շատերն են բախվում այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ալկոհոլի ու թմրանյութերի չարաշահումը, անքնությունն ու տագնապային վիճակները։ Դրանից բացի ԿՈՎԻԴ 19-ն ինքնին կարող է նյարդաբանական ու հոգեկան խնդիրներ առաջացնել, ինչպիսիք են զառանցանքը, նյարդային գրգռվածությունը, կաթվածը։ Ընդ որում, հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ ավելի խոցելի են նոր կորոնավիրուսային վարակի նկատմամբ։

«Հոգեկան առողջության լավ վիճակը հիմնարար նշանակություն ունի ընդհանուր առողջության և բարեկեցության համար,-հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը ,-ԿՈՎԻԴ-19-ը ողջ աշխարհում խաթարեց հոգեկան առողջության հիմնական ծառայությունների ոլորտը հենց այն ժամանակ, երբ դրանք ծայրահեղ անհրաժեշտ էին։ Համաշխարհային առաջնորդները պետք է արագ ու վճռականորեն գործեն՝ ավելի շատ միջոցներ ներդնելով հոգեկան առողջության պահպանմանն ուղղված կենսական կարևորության ծրագրերում՝ ինչպես պանդեմիայի ժամանակ, այնպես էլ հետագայում»։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031