Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ինքդ դատիր

Հոկտեմբեր 15,2020 22:00

«Առավոտ»-ի անգլալեզու էջում կարող եք գտնել իմ բաց նամակը միջազգային հանրությանը։ Ստորև կտեսնեք իմ բաց նամակի հայերեն թարգմանությունը։

 

Նամակ միջազգային հանրության ներկայացուցչին

Բարև, ես Էլլան եմ: Հայաստանցի եմ։

Քո երկրում երբևէ լսե՞լ ես իմ երկրի կամ հայերի մասին։ Չնայած, կարծում եմ, աշխարհի որ ծայրում էլ սովորելիս լինես, անհնար է, որ գոնե մեկ հայի հանդիպած չլինես։ Լավ, եկ ավելի հետաքրքիր ու կարևոր բաներ պատմեմ քեզ։ Հույս ունեմ՝ քո երկրում խաղաղ է, հույս ունեմ՝ երկրիդ սահմանակից պետությունը թշնամիդ չէ ու արգելված զինատեսակներից չի հրետակոծում քո քաղաքը կամ գյուղը։ Հույս ունեմ, որ ամեն օր հրապարակվող զոհերի ցուցակներում սրտի կսկիծով չես փնտրում հորդ, եղբորդ կամ ընկերոջդ անունը։ Հուսով եմ՝ այդպես չէ քեզ մոտ, որովհետև Արցախի Հանրապետությունում, որը պատմականորեն հայկական հող է և որտեղ ապրում են իմ ընկերները, հենց այդպես է։

Արի պատմեմ քեզ Արցախի, նրա պատմության ու քեզ գրելուս պատճառի մասին։

Կարո՞ղ ես գուշակել, թե որ թվականի կառույց է։ Արի օգնեմ քեզ:

17 դար հետ գնանք պատմության էջերով։ Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում հիմնադրել է այս եկեղեցին՝ Ամարասի վանքը՝ Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառում։

Սիրուն է, չէ՞։ Նմանօրինակ հինավուրց  կոթողները բազմաթիվ են Արցախում՝ Ծիծեռնավանք, Գտչավանք, Հակոբավանք, Ղազանչեցոց, Դադիվանք․․․ Սա կարող է միմիայն փաստել Արցախ աշխարհի՝ Հայաստանի կազմում լինելու ու, պատմության հին էջերից սկսած, հայերով բնակեցված լինելու մասին։

Դեռ հին ժամանակներից Արցախը համարվել է հսկայական միջնաբերդ, առանց որի անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը։ Հիրավի, հենց սա է պատճառը, որ Արցախ աշխարհն այդքան ցանկալի է եղել մեր բոլոր զավթիչների համար։

Իսկ այսօր Ադրբեջանի ու Թուրքիայի հանրապետությունները հարձակվել են Արցախի վրա ու «զավթիչ» են համարում հայերին։ Ինչո՞ւ։

Արի փորձենք ավելի մանրամասն ծանոթանալ պատմական մանրամասներին։

Սկսենք 1918 թ․-ից, երբ Բաթումի պայմանագրից հետո Անդրկովկասում անկախություն ստացան Հայաստանն ու Վրաստանը, ստեղծվեց նաև  մինչև այդ երբեք գոյություն չունեցած մի նոր պետություն՝ Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետություն (ավելի ուշ՝ Ադրբեջան)։ Բաթումի պայմանագրով հայերի ոչ բոլոր տարածքներն էին ընդգրկված Հայաստանի կազմում, ու այս առիթից սկսեց օգտվել նորաստեղծ Ադրբեջանը։ Հիմնական տարածքներն էին Արցախը, Զանգեզուրը, Նախիջևանը, որոնց սկսեց հավակնել մեր ապագա թշնամին։ 1921 թվականին՝ վերոնշյալ 3 պետությունների խորհրդայնացումից հետո Ռուսաստանի կառավարության որոշմամբ Արցախն անցավ Ադրբեջանի տիրապետության տակ՝ չնայած նրան, որ Արցախի բնակչության 80%-ը հայեր էին։ Ահա ստալինյան այս դավադիր որոշումից է այսօր կառչում Ադրբեջանը ու դրա հիման վրա է դրոշակում «Ղարաբաղի ազատումը օկուպանտներից (հայերից)» թեզը։

1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը՝ Խորհրդային Հայաստանին միանալու պահանջով։ Ադրբեջանը դրան պատասխանեց Սումգայիթի ու Բաքվի հայության ջարդերով ու տեղահանությամբ։

1991 թ․ դեկտեմբերին ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ, այսինքն՝ բոլոր իրավասությունները, ներառյալ Ադրբեջանի՝ Արցախի հանդեպ ունեցած, դադարեցին օրենքի ուժ ունենալ։ Դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվեց համաժողովրդական հանրաքվե։  Քվեարկությանը մասնակցելու իրավունք ուներ ավելի քան 132 հազար քաղաքացի: «Համաձա՞յն եք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն» հարցին «այո» պատասխան տվեց ավելի քան 108 հազար արցախցի, իսկ դեմ քվեարկեց միայն 24 մարդ: Սակայն սա առ ոչինչ էր Ադրբեջանի համար։

Չորս տարի տևած պատերազմի արդյունքում Արցախն ամբողջապես ազատագրվում է։ 1994-ի մայիսի 12-ին կնքվում է զինադադար։ Զուգահեռ ընթացող մոտ երեսնամյա բանակցային գործընթացին զուգահեռ՝ Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է զինադադարը։ Իսկ չորս տարի առաջ Ալիևը փորձեց բլիցկրիգով լուծել Արցախի հարցը՝ հարձակվելով Արցախի վրա։ Այդ ժամանակը հարձակումը լայնածավալ  պատերազմի չվերածվեց։ Ադրբեջանն ուժերը փորձեց այս տարի ևս, սակայն կրկին բախվեց հայ զինվորի՝ գերմարդկային հերոսություն անելու հաստատակամությանը։ Այս մասին գուցե հետո կպատմեմ քեզ։

Հիմա ինքդ դատիր՝ ո՞վ է մեղավոր, ո՞վ է իրական ագրեսորը․․․

Գիտե՞ս, թե ինչու պատմեցի այս ամենը։ Որովհետև իմ երկրի հարևան Ադրբեջանում հայատյացությունը սերմանում են մանկապարտեզից, որովհետև այդ բռնատիրական երկրում ադրբեջանցի ժողովուրդն անգամ տեղեկատվական շրջափակման մեջ է հայտնվել, իսկ որոշ միջազգային «լրատվամիջոցներ» էլ, որոնց, հավանաբար, հետևում ես, կաշառվել են նավթադոլարներով և տալիս են աղճատված կամ միակողմանի տեղեկություններ։ Որովհետև Թուրքիան ու Ադրբեջանը, միասին 90 մլն-ից ավելի բնակչությամբ երկրներ լինելով, սանձազերծել են պատերազմ ընդամենը 150 հազար բնակչություն ունեցող, բայց ուժեղ մարդկանց երկրի՝ Արցախի դեմ, որն ընդամենը ցանկանում է իրացնել միջազգային իրավունքով սահմանված ինքնորոշման իր իրավունքը։ Որովհետև Ադրբեջանն այսօր արցախյան առաջնագիծ է ուղարկում Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին, իսկ մեր կողմից կռվում ու զոհվում են 18-20 տարեկան երիտասարդներ։ Որովհետև Ադրբեջանը նշանառության տակ է առել խաղաղ բնակչությանը և արգելված զենքերով հրետակոծում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու մշակութային կենտրոն Շուշին՝ ավերելով դպրոցներ ու մանկապարտեզներ, մշակութային կառույցներ։ Որովհետև ողջ աշխարհը լռում է։ Որովհետև Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ցեղասպանական նպատակները երևի պակաս կարևոր են, որպեսզի դրա մասին աշխարհը խոսի։ Գիտե՞ս ինչու։ Որովհետև քաղաքակիրթ աշխարհն այդպես պահեց իրեն նաև 1915-ին, երբ Օսմանյան Թուրքիան ցեղասպանեց Արևմտյան Հայաստանի ավելի քան 1,5 մլն հայերի ու խլեց իմ պապերի հայրենիքի կեսից ավելին։ Հենց սա հանդուրժելու պատճառով տեղի ունեցավ հրեական Հոլոքոստը։

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարող Հայաստանի Հանրապետության ու Արցախի թեման շատ չի շահարկվում աշխարհում ու այլ շարժումներից քիչ հայտնիություն ունի միանշանակ։  Սակայն, իմ հարազատներն ու ընկերները հիմա առաջնագծում են ու պաշտպանում են ինձ, իմ ժողովրդին ու իրենց հայրենի հողը։ Ահա թե ինչո՛ւ մենք կհաղթենք։

Ուղղակի ցանկացա գրել քեզ, որ իմանաս նաև այս կարևոր իրադարձությունների մասին, որ պահես մարդկությունը քո տարածաշրջանում, որ պայքարես․․․ Գրեցի, որ գոնե գնահատես քո խաղաղ կյանքը։

Սիրով՝

Էլլա Ավագյան, 17 տարեկան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031