Լրահոս
Օրվա լրահոսը

Արենն ապրեց 18 տարի, 9 ամիս, 18 օր…

Դեկտեմբեր 05,2020 23:30

Արենի թռիչքն ընդհատվեց հոկտեմբերի 20-ին: Իսկ մի՞թե արծիվները դադարում են թռչել. ո՛չ: Իր պարզ ու խորունկ հայացքով նա հիմա երկնքից դեպի երկիր նայում է ընտանիքի անդամներին, ովքեր մինչև հիմա չեն համակերպվում անդառնալի կորստի հետ:

Ցավը սրտում ամբարած՝ Արենի հայրը՝ Կարեն Միրզոյանը, ցասումով է նշում, որ օրեր առաջ իր որդու քառասունքն էր: Փոքրամարմին հսկա մերօրյա հերոսը հավերժացավ՝ թողնելով միայն հպարտանալու բազում պահեր հարազատների համար:

2009 թվականից Արենը հաճախել է Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը և 2020-ին ավարտել Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը: Նրա խելացի լինելու փաստն է, որ անվճար հիմունքներով ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ: Դպրոցական տարիներին  եղել է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի առաջին հաղթողն Արցախում՝ արժանանալով ՀՀ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանը: Արենը փայլուն արդյունքներ է արձանագրել նաև դպրոցականների առարկայական օլիմպիադաներում:

Հայրն ասում է, որ իր որդին, չունենալով երաժշտական կրթություն, որպես կիթառահար-երգիչ փայլել է Արցախի բեմերում, իսկ 2018-ին Շուշիի հեղինակային երգի ակումբի կազմում հյուրախաղերով եղել է Ստավրոպոլում:

18-ամյա Արենն ընդունվել էր ԵՊՀ՝ այդպես էլ չիմանալով՝ որտեղ է գտնվում այդ շենքը: Նվիրվեց ու հաղթեց: Անմահացավ հանուն մեր այսօրվա ու վաղվա: Արենի անունը փառքով գրվեց մեր հերոսական պատմության էջում, քանզի, ինչպես միշտ ասում ենք, հերոսները չե՛ն մահանում: Նրանք հավերժանում են ու ապրում հոգիներում ամեն մեկի:

«Ստեփանակերտի Մանուկյան փողոցի սկզբնամասում դեղատուն էին կառուցում: Բերել, ավազ էին թափել: Արենը, ում 7 տարին նոր էր բոլորել, հարցրել է տիրոջը՝ քանի դույլ ավազ կա այստեղ: Եսիմ` պատասխանել է տերը: Ձեռքերը ծնոտների տակ դրած, փոքրիկ Արենը նայել է դույլերին և քիչ հետո ասել. «Այդտեղ կա 258 դույլ ավազ»: Դեղատան տերը հրահանգել է հատուկ` հաշվել: Ու պարզվել է, որ 254 դույլ ավազ են վերցրել: Ասում է՝ ու եթե հաշվենք, որ գետնին մնացած մի երկու դույլն էլ հնարավոր չէր հավաքել, պարզվում է, որ 7-ամյա Արենը, փաստորեն, համարյա ճշգրտությամբ հաշվել է առկա ավազի քանակը դույլերով»,-պատմում է հայրը։

Ամարաս վանական համալիրի մատույցները ներկվեցին Արենի ու իր մարտական ընկերների արյամբ: Նրանք պաշտպանում էին Աստծո տունը, դրա համար Աստված նախընտրեց հավերժ իր գիրկն առնել նրանց:

18 տարի, 9 ամիս, 18 օր… Արենի կյանքն ակնթարթ էր:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031