Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ճգնաժամից դուրս գալու առաջին քայլը դրա գիտակցումն է. Լիտվայի նախկին դեսպանը հոդված է հրապարակել

Դեկտեմբեր 16,2020 23:33

Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսն իր «Անդրկովկաս. Հայկական երկընտրանք» վերտառությամբ հոդվածում առաջարկներ է ներկայացրել, թե ինչ կարող է անել Հայաստանը ճգնաժամից դուրս գալու համար:

Հայաստանն առաջին երկիրը չէ, որ խոշոր և ողբերգական մարտահրավերի առաջ է կանգնել ցավալի պարտության պատճառով: Որոշ երկրների համար նման ողբերգությունները հանգեցրել են լիակատար փլուզման: Այնուամենայնիվ, համաշխարհային պատմությունը մի շարք համոզիչ օրինակներ ունի, թե ինչպես է ցավալի պարտությունը դառնում կտրուկ խթան՝ վերաարժևորելու ապագան և վերակենդանանալու, գրում է հեղինակը:

Իր հոդվածում Կուբիլիուսը հիշում է, որ իր վերջին գրքում Ջերեմի Դայամոնդը կենտրոնանում է հենց խոշոր ողբերգություններից հետո որոշ ազգերի վերակենդանացման վրա: Այդ օրինակների թվում են Ֆինլանդիան, Ճապոնիան, Չիլին, Ինդոնեզիան, Գերմանիան, Ավստրալիան և ԱՄՆ-ը: Դայամոնդը վճռականորեն զարգացնում է այն տեսությունը, որ պետության ճգնաժամի ժամանակ մարդիկ պետք է գործեն այնպես, ինչպես որ անձնական դժվարությունների ժամանակ: Հոգեբաններն առանձնացնում են 12 հիմնական գործողություններ և գործոններ, որոնք անհրաժեշտ են այդպիսի մարդկանց վերականգնման համար: Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ է խոստովանել, որ գտնվում ես խորը ճգնաժամի մեջ և միայն ինքդ կարող  ես օգնել քեզ դուրս գալ այդ վիճակից: Այդ սկզբունքները Դայամոնդը փոխակերպում է 12 կանոնների, որը կիրառելի է ճգնաժամ ապրող ժողովուրդների համար: Այս դեպքում գործողությունների ցանկը պետք է սկսվի ազգային համաձայնությունից և գիտակցումից, որ պետությունը և ազգը ճգնաժամի մեջ են: Արդյունքում ազգը պետք է ինքնուրույն գտնի վերականգնման ուղին: Դա կարող է լինել այլ ժողովուրդների փորձն ուսումնասիրելու, ձևավորված աշխարհաքաղաքական սահմանափակումները մերժելու և այլ պետություններից աջակցություն ընդունելու միջոցով:

Դայամոնդի գրքից Հայաստանը կարող է սովորել, որ անհրաժեշտ է փնտրել ազգային համաձայնություն և գիտակցում առ այն, որ պետությունն ու ազգը այս պահին խորը ճգնաժամի մեջ են: Ուստի, անհրաժեշտություն կա, որպեսզի գործող դերակատարները գտնեն նոր ռազմավարություն: Հեշտ չէ հասնել այդպիսի համաձայնության, քանի որ բազմաթիվ փորձեր են արվում մեղադրելու գործող կառավարությանը պատերազմում պարտության համար: Արդյունքում գործող առաջնորդները միշտ կփնտրեն տարբեր ուղիներ՝ մեղադրելու նախկիններին, որ նրանք բավականաչափ լավ չեն պատրաստվել այսպիսի զինված հակամարտության: Մեղադրանքների այդպիսի տարափը այն չէ, որ խորհուրդ է տալիս Դայամոնդը, ոչ էլ դա անցյալում ճգնաժամը հաղթահարած այլ ժողովուրդների ընտրած ճանապարհն է: Ընդհակառակը, նրանք կարողացել են խուսափել փոխադարձ մեղադրանքներից՝ խորանալով իրենց խնդիրների վերլուծության մեջ: Այդպիսի մոտեցումը միակն է, որ կարող է թույլ տալ գտնել նոր ռազմավարական լուծումներ, որոնք էլ թույլ կտան ժողովրդին վերականգնվել և հաղթահարել ճգնաժամը:

Իր կողմից, հոդվածագիրն առաջարկում է պատասխանել հետևյալ հարցերին..

Առաջին. Արդյո՞ք Հայաստանի համար իմաստ ուներ պահպանել միայն ստատուս քվոն՝ 1990-ականների պատերազմից հետո ողջ ընթացքում: Անգամ, եթե Հայաստանը հաղթել էր, այս պետությունը չի փնտրել երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր և փաստացի օկուպացված է պահել Լեռնային Ղարաբաղի՝ իրեն չպատկանող հատվածները:

Տարիներ շարունակ ստատուս քվոյի վրա հիմնված տարածքների պահպանումը դարձել է աշխարհում ողջ հայության հիմնական գաղափարախոսությունը: Ու դա նաև միակ գաղափարն էր, որ առանձնացնում էր Հայաստանը համաշխարհային հանրության մեջ: Հետևաբար, կարող է թվալ, որ հայերին այլ բանի համար չէին բավականացնում ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր և էմոցիոնալ ուժերը: Հավատը, որ ռուսական ռազմական ուժերը կօգնեն պահպանել ստատուս քվոն, ի վերջո, պարզվեց, սխալ է: Ավելին, դա այս տարվա ռազմական ողբերգության միակ պատճառն էր:

Երկրորդ. Արդյոք ռազմավարական առումով ճիշտ էր աշխարհաքաղաքական անվտանգությունը կապել միայն Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կրեմլը ընդդիմանում էր Արևմուտքին կամ ԵՄ-ին մոտ լինելու ցանկացած փորձի:

Ի վերջո, պարզ դարձավ, որ Մոսկվայի անվտանգության երաշխիքներն այնքան էլ արդյունավետ չէին: Կրեմլի կողմից սատարվող ստատուս քվոյի պահպանումը, պարզվեց, նույնպես խաբուսիկ էր: Բացի այդ, տնտեսական ասոցացումը Ռուսաստանի և Եվրասիայի շուկաների հետ թույլ չտվեց Հայաստանին լիարժեք հարմարվել Արևմուտքի շուկաներին և ստեղծել երկարաժամկետ հաջողության պատմություն:  ԵՄ-Հայաստան հարաբերությունները մնացին միայն ոչ միանշանակ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել այս հղումով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031