Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Անօգնականության և անզորության զգացում․ հոգեբան Լիլիթ Խաչատրյանը՝ «հետպատերազմյան հույզերի» հաղթահարման ուղիների մասին

Դեկտեմբեր 16,2020 23:42

Մենք ապրում ենք օրեր, երբ օրգանիզմի իմունիտետն ամրապնդելուց առավել կարևոր է դարձել «հոգեբանական իմունիտետի» մասին հոգ տանելը, քանզի այն ծանր ապրումները, որոնք այսօր տանում է հայ հասարակությունը, ավելի դժվար են հաղթահարվում ու ավելի ծանր հետևանքներ կարող են ունենալ, քան ֆիզիկական ցավերը։

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ՝ փորձելով նախ անվանել այն զգացումներն ու հոգեվիճակները, որոնք առաջացել են մեզնից շատերի մոտ «հետպատերազմյան» այս շրջանում, ինչպես նաև գտնել դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։

Անօգնականության և անզորության զգացումի մասին, երբ մարդու մոտ առաջանում է մի վիճակ, որ իրեն թվում է՝ սեփական ուժերից վեր է կառավարել որևէ բան․․․

Պատերազմն, ինչ խոսք, գրեթե բոլորի կյանքում տրավմատիկ է եղել, և տարբեր մարդկանց մոտ  տարբեր կերպ  է արտահայտվում՝ վախի և  տագնապի, մեղքի և ամոթի զգացում, հավատի և հույսի կորուստ, զայրույթ, ճնշվածություն, տխրություն, ցավ, տառապանք, վշտի զգացում և այլն:

Ուզում եմ առանձնացնել և խոսել անօգնականության և անզորության զգացման մասին, երբ մարդու մոտ առաջանում է մի վիճակ, որ իրեն թվում է՝ սեփական ուժերից վեր է կառավարել որևէ բան, ոչինչ իրենից կախված չէ և ինքը ազդել իրավիճակի վրա անկարող է: Այս վիճակն առաջանում է ուժեղ և երկարատև բացասական ազդակի ազդեցության պայմաններում, երբ միևնույն ժամանակ մարդը բացասական ծանր ապրումներ  է ունենում, իսկ  մեր դեպքում պատերազմը, դաժան մահերը, կորուստները, խոստացված հաղթանակը և  անկանխատեսելի պարտությունը և ներքաղաքական քաոսը այն բացասական ազդակներն են, որ մարդկանց մեծ մասի մոտ առաջացրել են մի վիճակ, որ այս կյանքում մեզանից ոչինչ կախված չէ:

Անօգնական և անզոր վիճակ կարող է առաջանալ նաև, երբ մենք լսում կամ տեսնում ենք որոշակի պատմություններ, տեսարաններ, դրվագներ, որտեղ անօգնական մարդիկ են կամ իրողություններ, օրինակ՝ երբ մենք տեսնում ենք գերիների կամ սպանված զինվորների նկարներ, վիդեոներ, կամ  զինվորները պատմում են պատերազմից դրվագները, որտեղ իրենց համար պայքարելը փակուղի է եղել:

Անօգնականության և անզորության զգացում է առաջանում նաև որոշակի կառավարման համակարգերում և այն դեպքերում, երբ  անհաջողությունները հերթափոխում են միմյանց, և մարդը չի հասցնում վերականգնվել: Մի հետաքրքրիր փորձ է կատարվել անօգնականության վիճակի հետ կապված, երբ հատուկ պայմաններում շանը էլեկտրական հարված են հասցրել, և կենդանին այս իրավիճակից փախչել չի կարողացել, փակ է եղել տարածքը:

Այնուհետև, երբ նույն կենդանուն էլեկտրաշոկի են ենթարկել մեկ այլ վայրում, որտեղից  հնարավոր էր փախչել, կենդանին այլևս չի փախել, որովհետև սովորել էր անօգնական վիճակին:

Պատերազմին յուրաքանչյուր հայի այս կամ այն ներգրավվածությունը, մասնակցությունը, մոբիլիզացված ուժերը և կարողությունները և այս ամենից հետո  հետևանքները հոգեցունց են, կարծես թե ապարդյուն:

Մարդիկ, ովքեր երկարատև կարող են մնալ իրավիճակի  կառավարելիության և վերահսկողության զգացման կորստի և սեփական ուժերի նկատմամբ հավատի բացակայության մեջ, չհավատալով, որ ինչ-որ բան կարող են փոխել իրենց կյանքում, կարող են ունենալ  ճնշվածություն, հիասթափություն, անվստահություն, անտարբերություն, հետաքրքրության կորուստ,  տեղի ունեցածը չհասկանալու զգացում, սեփական ոչնչության զգացում, մեղքի, վախի և տագնապի զգացում, ինչպես նաև դեպրեսիվ խանգարումներ Հիմնականում գործում են «չեմ կարող, անհնարին է ինչ-որ բան փոխել, հետևաբար չեմ ուզում ոչինչ անել» համոզմունքները:

Ինչու է այդպես, որ որոշ մարդիկ անհաջողությունից, կորստից հետո արագ վերականգնվում են, որոշ մարդիկ տարիներով մնում են դրա մեջ:

Սակայն պետք է նշեմ, որ նույն իրավիճակում հայտնվելով` մարդիկ միակերպ չեն արձագանքում, որոշ մարդիկ հայտնվում են անօգնականության և անզորության մեջ, որոշ մարդիկ սկսում են գործի անցնել: Այդ տարբերությունները մենք տեսնում ենք մարդկանց մոտ, ովքեր հետևում են իրենց տեսքին, իրենց գործով են զբաղված, ակտիվություն և առույգություն են ցուցաբերում և մարդիկ, ովքեր տանջված և հյուծված տեսք ունեն, տանջալից ապրումներ, անորոշություն և տագնապ են զգում, դժվարանում են զբաղվել իրենց գործով:

Ինչու է այդպես, որ որոշ մարդիկ անհաջողությունից, կորստից հետո արագ վերականգնվում են, որոշ մարդիկ տարիներով մնում են դրա մեջ՝ հասնելով նույնիսկ դեպրեսիվ, նևրոտիկ և այլ բնույթի  խանգարումների:  Դրա հիմնական պատճառները մարդու անհատական մտածողության ոճն է, մտածողության ուղղվածությունը, երբ ցանկացած մարդ սկսում է մեկնաբանել իրավիճակը՝ ելնելով լավատեսական կամ վատատեսական սկզբունքներից:

Լավատեսական առումով մտածական պրոցեսներն ուղղորդում են մարդուն՝ ինչպես գործել, որ ավելի էֆեկտիվ արդյունք լինի, որոնք են լավագույն ելքերը, հաղթահարման ուղիները, նախորդ հաջողված փորձը:

Վատատեսական  առումով, ըստ էության, մարդն իրեն օգնելու կարողությունը կորցնում է, իրեն թվում է, որ իրավիճակը փոխելը իրենից կախված չէ, ապարդյուն է, պասիվ է  և նախաձեռնողականություն չի ցուցաբերում:

Անօգնականության և անզորության զգացումը շատ բարդ է դարձնում ցանկացած  փոփոխության հեռանկարը և գրեթե թվացյալ անհնարին, երբ հատկապես հարցը խոշոր փոփոխություններին է վերաբերում, և անօգնականության զգացման հաղթահարման համար պետք է շատ փոքր  նպատակներից և գործողություններից սկսել, որի արդյունքը որոշակի փոփոխության կբերի: Պատերազմից հետո մեր մեջ, մեր կյանքում վերանայելու և փոփոխելու շատ բաներ ունենք բոլորս: Այս առումով պետք է մտածենք, որ յուրաքանչյուրս ունենք մեր անելիքները մեր ոլորտում՝ մեր պատասխանատվությունների և հարաբերությունների համակարգում:

Քայլեր, որոնք կօգնեն հաղթահարել վերոհիշյալ հույզերն ու ապրումները, հոգեվիճակները․

1․ Ամենակարևոր քայլերից մեկը՝ պետք է գտնել այնպիսի գոտիներ կյանքում, որոնց վրա կարող ենք որոշակի ազդեցություն ունենալ, որը մեր կողմից կառավարելի է և վերահսկելի, և որի արդյունքը մեզանից է կախված, օրինակ՝ ուսուցում, աշխատանք, հասարակական ակտիվություն, հարաբերություն և այլն:  Այն գոտում, որտեղ որ կարող ենք ազդեցություն ունենալ, մտածենք ինչպես հասնել հաջողության և գործի անցնենք:

2․ Գիտակցել և նշմարել նաև կյանքի այն գոտիները, որոնք մեր ազդեցությունից դուրս են և մեզանով պայմանավորված չէ փոփոխությունը․ «օրինակ՝ այս պահին եկեղեցի հետ բերել ես չեմ կարող»։

3. Հիշել այնպիսի իրավիճակներ, որտեղ հաջողություն և անհաջողություն ենք  ունեցել, առանձնացնել սեփական ուժեղ և թույլ կողմերը և վերլուծել պատճառահետևանքային կապերը:

4 . Փորձել չվախենալ ընդունել անհաջողությունը և ընդունել  սխալը, որից հետո  փնտրել բացատրություն և հնարավորություն՝ փոխելու իրավիճակը: Մտածել՝ ինչ կարող ենք կոնկրետ անել, ինչն է մեզանից կախված: Օրինակ, եթե ուսուցիչ ենք, ինչպես փոխել կրթության համակարգը, դասի ձևը, որպեսզի երեխան հետագայում ներդրումներ կատարի զենքի արտադրության կամ այլ ազգապահպան գործերում:

5․ Անհաջողությանը պետք է վերաբերվել որպես փորձի, որի հիման վրա կարող ենք հասնել հաջողության:

6․ Ցանկացած պարագայում պետք է կարողանալ կապ գտնել՝ ինչ արեցինք և ինչ ստացանք, դա վերաբերվում է և՛ բացասական, և՛ դրական իրողություններին:

7. Կարևոր է նաև ռեալ փաստերի և սեփական համոզմունքների միջև տարբերությունը տեսնելն ու հասկանալը, քննարկելն՝ ինչ անել անհաջողությունը հաջողություն դարձնելու համար: Պետք է կարողանալ ցանկացած իրավիճակում մարզվել:

8. Պետք է սովորել ապրել և տեսնել իրականության տարբեր կողմերը, հասկանալ, որ դու կարող ես փոխել քո կյանքը և ապրել այլ կյանքով, և ամենակարևորը, որ դու ինքդ ես ստեղծում հետևանքը:

9. Պետք է ընդունել, որ հոգեբանական իմունիտետը ձևավորվում է դժվարությունների հաղթահարման շնորհիվ ակտիվ որոնողական վարք ձևավորելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031