«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ էր արել՝ կեսօրին շտապ հավաքվել արդարադատության նախարարության առջեւ: Նա շատ լուրջ կասկածներ ուներ, որ խիստ ճշմարտանման է դառնում նախորդ օրը մամուլում տարածված տեղեկությունը, թե հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսվող Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպման ժամանակ ստորագրվելու է Հայաստանի համար հերթական ստորացուցիչ պայմանագիրը, որի տեքստն արդեն պատրաստ է եւ գաղտնի ռեժիմով գտնվում է Հայաստանի արդարադատության նախարարությունում: Իսկ նպատակը դրա որոշ դրույթների համապատասխանությունն է Հայաստանի սահմանադրությանը:
Ռուբեն Մելիքյանի հայտարարությանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը արձագանքել էր ֆեյսբուքյան իր էջում՝ գրառելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որեւէ փաստաթուղթ, որը կկոչվի պայմանագիր, չի ստացել որեւէ ընթացակարգի շրջանակում եւ որ մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է:

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը մտավ նախարարություն եւ որոշ ժամանակ անց վերադարձավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:
Կարդացեք նաև

Նախարարի հեռանալուց հետո Ռուբեն Մելիքյանը դիմելով լրատվամիջոցներին՝ հայտարարեց. «Եկեք հստակ արձանագրենք, որ արդարադատության նախարարը եւս մեկ անգամ հայտարարեց, որ նման փաստաթուղթ գոյություն չունի: Դրան գումարեց նաեւ այն, որ որպես կառավարության անդամ պնդում է, որ նման փաստաթուղթ գոյություն չունի: Սա շատ կարեւոր փաստ է այն առումով, որ մենք ունենք երկու-երեք օր մինչեւ հունվարի 11-ը: Եկեք արձանագրենք, որ նախարարը այսօր նման հայտարարություն է արել: Ես շատ հստակ հայտարարում եմ՝ չլինի, թե հունվարի 11-ին էլ հայտարարեն, ասեն, թե այս պահի դրությամբ չկար, բայց փաստաթուղթն ի հայտ եկավ կես ժամ հետո:
Ամեն դեպքում որպես այս պահի դրական փաստ արձանագրենք, որ նախարարն իջավ եւ այդ հայտարարությունն այստեղ արեց: Մենք դա ընդունում ենք ի գիտություն, եւ եթե հունվարի 11-ին փաստաթուղթ ստորագրվի, մենք հիշելու ենք, թե ինչ է տեղի ունեցել այսօր՝ հունվարի 8-ին: Ես հիմա հայտարարում եմ, որ եթե հունվարի 11-ին բախվենք նոյեմբերի 9-ի իրավիճակի հետ, շատ ավելի կոշտ ենք արձագանքելու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































