Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշեք, նույնիսկ հասարակարգեր են փոխվում, բայց բուհերը կանգուն են մնում». Գևորգ Թամամյան

Փետրվար 11,2021 23:15

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առավոտյան գործի գնալիս որոշեցի լսել երեկվա ԱԺ քննարկումները, որ վերաբերվում էին առաջարկվող Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքին: Ինչ ասեմ: Շատ տխուր էր: Չափազանց տխուր:

Եզրակացությունս մեկն է, այն մտահոգությունը, որ հայտնել էի մի երկու ամիս առաջ, որ ներկա իշխանությունը գնալով ավելի է բարդութավորվելու ու փորձելու է դառնալ ավտորիտար, ամեն օր ավելի իրատեսական է դառնում: Նախկինում ազատության և արժեքների համար «պայքարողները», այսօր նախկինից էլ ավելի զզվելի կերպով պայքարում են այդ արժեքների և ազատությունների դեմ:

Եթե ավելի առարկայական. նորանշանակ ԿԳՄՍ նախարարին հարցնում են, ինչու եք որոշել բուհերի կառավարման խորհուրդները դարձնել վերահսկելի, ինչու եք որոշել, որ բուհերի կառավարման խորհրդում պիտի լինի 9 անդամ, որից 5-ը նշանակի Կառավարությունը, իսկ 4-ը՝ բուհը, իսկ նա պատասխանում է, որ եթե իրեն լսեին, ապա բոլոր 9 անդամներին էլ կնշանակեր պետությունը: Հասկանում եք, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:

Այսինքն, ըստ հարգարժան նախարարի, պետությունը դա նույն իշխանությունն է: Իսկ բուհերն էլ պետությունը չեն, ըստ ձեր կուռ տրամաբանությա՞ն: Ես իրոք չեմ հասկանում, իշխանությունն իրոք մտածում է դիմացինները հիմա՞ր են: Հիասթափեցնեմ ձեզ: Այդ «շուստրիությունը» պահեք իշխանական ժողովների համար: Այո, խորհրդի բոլոր անդամներին էլ պետք է նշանակի պետությունը, բայց ոչ իշխանությունը: Դուք փորձում եք բուհերը դարձնել օրվա իշխանության կցորդ, իսկ թվում էր թե պետք է հակառակ ճանապարհով գնայիք: Հիշեցնեմ ձեզ, պարոնայք իշխանավորներ, պետությունը՝ դա առաջին հերթին քաղաքացիներն են, մարդիկ, որ ամեն օր արժեք են ստեղծում: Հույս ունեի, որ պետության և իշխանության տարբերությունը պետք է պարզ լիներ Կառավարության համար: Իսկ թե չգիտեք ինչպես բուհերի խորհուրդներ ձևավորել, որ արդյունավետ լինի, անկեղծ խորհուրդ կտամ կարդալ Ուիլիամ Հասելթայնի “World Class” գիրքը, շատ կօգնի, հավատացեք:

Պատգամավորի հաջորդ հարցին, թե այս ամենով սահմանափակվում է բուհերի ինքնավարության սահմանադրական իրավունքը, նախարարը սկսեց յուրովի մեկնաբանել Սահմանադրությունը և ինքնավարությունը: Թողնենք մի կողմ այն հարցը, որ պետական պաշտոնյաները պետք է դադարեն յուրովի մեկնաբանել օրենքներն ու Սահմանադրությունը, և փորձեն այն կարել օրվա իշխանության օրակարգին: Ուղղակի հիշեցնեմ ինքնավարություն բառի հոմանիշները՝ ինքնիշխանություն, անկախություն:

Էդպես եք մեկնաբանել, որ մեր երկիրը այս օրին է հասել:

Ի միջի այլոց, իսկ ինչու եք այդ նույն օրինագծում, գիտական կազմակերպությունների խորհուրդը որոշել, որ լինի 8 հոգուց, որից միայն 3-ը կնշանակի Կառավարությո՞ւնը: Ինչո՞ւ այդ նույն սկզբունքը չեք դրել բուհի դեպքում: Ուղղակի տրամաբանությունն եմ ուզում հասկանալ: Որովհետև գիտական կազմակերպությունները ձեզ այդքան էլ հետաքրքի՞ր չեն: Որովհետև այս օրենքի նախագծի հեղինակների (այսինքն՝ իշխանության) հիմնական նպատակը մեկն է՝ կառավարելի բուհերի ղեկավարներ ու գրպանային բուհեր ունենալը: Չէ որ առջևում ընտրություններ են լինելու, չէ որ դեռ բազմաթիվ ծանոթ-բարեկամներ ունեք, որ պաշտոններ չեն ստացել: Մոռացել եք, բոլորովին վերջերս ինչպես էիք ամեն արժան – անարժանի խցկում բուհերի խորհուրդներ: Մոռացել եք, ինչպես էիք փորձում ձեր նախարարներին կարգել նոր խորհուրդների նախագահներ:

Սա՞ է կրթության զարգացման ձեր տեսլականը: Ասեմ իմանաք, եթե փորձեք այս օրինագիծը այս տեսքով անցկացնել, հետևանքներն անխուսափելի ու անկանխատեսելի են լինելու: Հիշեք, նույնիսկ հասարակարգեր են փոխվում, բայց բուհերը կանգուն են մնում»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728