Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն անհասկանալի իրավիճակում՝ մեկ կտոր դառը շոկոլադ

Փետրվար 20,2021 23:00

Եթե մի օր ինձ վստահվեր կազմելու մարդկության մեծագույն հայտնագործությունների ցուցակը, ես, ենթարկելով սեփական լրջությունս կասկածի տակ դնելու վտանգին, այդտեղ անպայման կներառեի սուրճն ու շոկոլադը՝ չէ՞ որ հենց այդ «դժգույն» վայելքներն են անգամ ամենաանգույն տրամադրությանը գույներ հաղորդում՝ մեր օրգանիզմի տարբեր հատվածներում պեղելով երջանկության թեկուզ եւ վերջին հորմոններն ու ստիպելով դրանց՝ աշխատել:

Շոկոլադը երջանկություն է, ըստ իս, իրականում նորահարսներին որպես օժիտ շոկոլադ պետք է տալ և առհասարակ՝ ամեն անհասկանալի իրավիճակում մի կտոր դառը, որակյալ շոկոլադը կարող է փրկօղակ լինել։

Ավելի քան 4000 տարվա պատմություն ունեցող շոկոլադն արդեն հասցրել է լինել շատ միստիկ դառը խմիչք, դեղամիջոց, սիրային էլեքսիր, դրամին համարժեք միջոց, միմիայն բարձր խավին հասանելի համարվող տաք, քաղցր ըմպելիք, այնուհետև շոկոլադի դասական սալիկից մինչև ամենատարբեր տեսակի քաղցրավենիքներ՝ միևնույն ժամանակ դառնալով ոգեշնչման աղբյուր արվեստի գործեր ստեղծելու համար, թաքցնելով իր մեջ գեղեցկության բազում գաղտնիքներ։

Իզուր չէ, որ կակաոյի հատիկները «theobroma»՝ «աստվածային կերակուր» են համարվում, և դեռևս ացտեկներն էին համոզված, որ քամու, երկնքի և աստղերի աստված Կեցալքոատլն (Quetzalcoatl) է, լուսաբացի հետ երկիր իջնելով, մարդկանց ընծայել կակաոյի ծառը՝ սովորեցնելով դրա պտուղներից «չոկոլատլ»՝ դառը ջուր պատրաստելու գաղտնիքները․․․

Դառը ջուրը հազարամյակների ընթացքում քաղցրացավ՝ բայց և պահպանեց գրեթե բոլոր այն օգտակար հատկությունները, որոնց այդքան հավատում էին մայաներն ու ացտեկները (նաև ես՝ որպես շոկոլադի խենթ սիրահար)։ Վերջին տարիների գիտական հետազոտությունները եկան հաստատելու՝ շոկոլադը սիրտ-անոթային, նյարդային համակարգի, գլխուղեղի լավագույն բարեկամներից մեկն է, այն ոչ միայն օգնում է պահպանել օրգանիզմի տոնուսը, այլև մի փոքր էլ դանդաղեցնում է ծերացման գործընթացը։

Կակաոյի օգտակար հատկությունները պայմանավորված են բնական միացություններով, որոնցով բավականին հարուստ են կակաոյի հատիկները։ Այդ միացություններից է էպիկատեխինը, որը պաշտպանում է նյարդային բջիջները վնասվածքներից։
Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Նորման Հոլենբերգը տարիներով ուսումնասիրել է Պանամայի Կունա ցեղի ներկայացուցիչներին, որոնք շաբաթական մինչև 40 բաժակ կակաո են օգտագործում։

Կունա ցեղի ներկայացուցիչների մոտ կաթվածի, սրտի անբավարարության, քաղցկեղի ու շաքարախտի զարգացման վտանգը 10 տոկոսից ցածր է։ Այսպիսի ցուցանիշների դեպքում դժվար է չնկատել կապը կակաո օգտագործելու և սիրտ-անոթային ամուր համակարգ ունենալու միջև։ Պրոֆեսոր Հոլեննբերգի կարծիքով էպիկատեխինն այնքան կարևոր է, որ կարող է վիտամին համարվել։

Էպիկատեխինից բացի կակաոն հարուստ է ռեսվերատրոլով՝ հզոր հակաօքսիդանտ, որը մեծ քանակությամբ պարունակվում է կարմիր գինու կազմում։ Այս հակաօքսիդանտն առանձնանում է արյունաուղեղային (հեմատոէնցեֆալիկ) պատնեշը հաղթահարելու ունակությամբ․ այդպիսով այն հասնում է այնտեղ, ուր պետք է՝ առաջին հերթին հոգալով նյարդային համակարգի մասին։

2012 թ․-ին անցկացված մետա-անալիզը ցույց է տվել, որ շոկոլադի օգտագործումը 37 տոկոսով կրճատում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վտանգը, 29 տոկոսով՝ կաթվածի ռիսկը։ Նույն թվականին Մեծ Բրիտանիայում անցկացված ևս մեկ հետազոտություն ցույց է տվել, որ կակաոն/շոկոլադը նվազեցնում է ինսուլինի նկատմամբ ռեզիստենտությունը, իջեցնում զարկերակային ճնշումը, լավացնում արյունատար անոթների առաձգականությունն ու մի փոքր էլ նվազեցնում «վատ խոլեսթերինի» մակարդակը։

GreenMedInfo.com կայքում ներկայացված հետազոտությունների համաձայն կակաոն ունի

  • հակաբորբոքային (C- ռեակտիվ սպիտակուցի մինչև 17 տոկոս կրճատում),
  • հակաքաղցկեղային,
  • նեյրոպրոտեկտիվ ազդեցություն,
  • օգնում է պայքարել ճարպակալման դեմ,
  • նվազեցնում է սթրեսի հորմոնների մակարդակը,
  • թեթևացնում գլաուկոմայի և կատարակտի ախտանշանները,
  • բարելավում է աղեստամոքսային համակարգի միկրոֆլորան,
  • օգնում է պայքարել ճարպակալման դեմ,
  • բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։

Ինչպես նկարագրված է Օրի Հոֆմեկլերի հոդվածում, շոկոլադի՝ սիրտ-անոթային համակարգի վրա ունեցած բարենպաստ ազդեցությունը պայմանավորված է նաև ազոտի օքսիդի նյութափոխանակության գործընթացին մասնակցությամբ։

Ազոտի օքսիդը ոչ միայն անհրաժեշտ է մկանների գործունեության, սեռական առողջության ու ինսուլինի նկատմամբ զգայունակության կարգավորման համար, այլև սրտի, արյունատար անոթների նորմալ աշխատանքի համար։ Սակայն ազոտի օքսիդը կողմնակի ռեակցիաներ է հարուցում՝ առաջացնելով նյութափոխանակության թունավոր արգասիքներ, որոնք պետք է չեզոքացվեն օրգանիզմի կողմից՝ արյունատար անոթների՝ օքսիդատիվ վնասվածքներ ստանալու վտանգը կանխարգելելու համար։ Կակաոյի պոլիֆենոլները պաշտպանում են օրգանիզմն այդ մետաբոլիտներից՝ օգնելով դիմակայել նաև ազոտի օքսիդի տարիքային նվազեցման դեմ։

Ինչին ուշադրություն դարձնել շոկոլադ ընտրելիս

Որպես կանոն կակաոն որքան մոտ է իր բնական, չմշակված վիճակին, այնքան ավելի սննդարար է։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անգամ մշակման ենթարկվելիս կակաոն նշանակալիորեն պահպանում է իր սննդային արժեքը։ Շոկոլադ ընտրելիս ցանկալի է նախապատվությունը տալ կակաոյի բարձր և շաքարի ցածր պարունակություն ունեցող տեսակներին։ Որքան մուգ է շոկոլադը, այնքան շատ կակաո է այն պարունակում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ դեպքում շոկոլադն ավելի դառը կլինի։ Կակաոյին դառնություն հաղորդում են ֆլավոնոլները, որոնք էլ պատասխանատու են այդ սիրված մթերքի օգտակար հատկությունների համար։

Ամենաօպտիմալ տարբերակը՝ ընտրել շոկոլադ, որը հնարավորինս քիչ է ենթարկվել մշակման և դրա հետ մեկտեղ ունի հաճելի համ, 70 և ավելի բարձր տոկոս կակաո պարունակող սալիկները շատ լավ տարբերակ են այդ առումով։ Շոկոլադ ընտրելիս պետք է հաշվի առնել նաև, թե ինչպես է քաղցրացված համեղ գայթակղությունը․ շատ լավ տարբերակ են մեղրը, բնական օշարակները, եղեգնաշաքարը, իսկ այ արհեստական քաղցրացուցիչներով սալիկներից առանց վարանելու կարելի է հրաժարվել։

Հաջորդ բաղադրամասը, որն արժանի է ուշադրության, յուղն է․ իդեալական կլինի, եթե շոկոլադի կազմում առկա լինի հենց կակաոյի յուղը, ընդունելի տարբերակ է կոկոսի յուղը, իսկ բուսական այլ յուղերով ու տրանս-ճարպերով պատրաստված շոկոլադից առանձնապես մեծ օգուտ սպասել չարժե։

Շոկոլադի՝ օրական խորհուրդ տրվող նորմա, որպես այդպիսին չկա, սակայն արդյունավետ տարբերակ է քիչ քանակությամբ, բայց հաճախակի օգտագործումը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728