Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիական պարադոքս շշում», կամ թե ինչու արժե օրական մեկ գավաթ կարմիր գինի ըմպել

Օգոստոս 18,2019 23:00

Հայ առաքելական եկեղեցին այսօր կատարեց Խաղողօրհնության հանդիսավոր արարողությունը։ Նշվում է, որ բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը»։

Իրավամբ, այս պտուղը զորավոր է թե՛ իր խորհրդանշական արժեքով, թե՛ իր համային հատկանիշներով, և թե՛ բուժիչ ազդեցություններով։ Այսօր Aravot.am-ի «ԱՌՈՂՋ ԱՌԱՎՈՏ» նախագծի շրջանակում մենք առավել մանրամասն կխոսենք խաղողի  կազմում գտնվող հզորագույն հակաօքսիդանտի՝ ռեսվերատրոլի մասին։

Ռեսվերատրոլը գիտնականների ուշադրությունը գրավեց 1990-ական թթ կեսերին․ այդ պահից ի վեր այն լայնորեն ուսումնասիրվում է գիտնականների կողմից, իսկ սննդային հավելումներ արտադրող ընկերություններն էլ շտապում են այս միացությունը ներառել իրենց արտադրատեսականու կազմում։

Ռեսվերատրոլը հաճախ անվանում են «ֆրանսիական պարադոքս շշում»՝ ելնելով այն փաստից, որ ֆրանսիացիների սիրտ-անոթային համակարգը հրաշալի վիճակում է, չնայած որ նրանց սննդակարգը բավականին խնդրահարույց է, իսկ գինու նկատմամբ սերը՝ ակնհայտ։

Ռեսվերատրոլը բացառիկ նյութ է, քանի որ ունակ է հաղթահարելու հեմատոէնցեֆալիկ պատնեշն ու պաշտպանելու գլխուղեղն ու նյարդային համակարգը։ Շատ փորձագետներ այն համարում են երիտասարդության էլիքսիր, սակայն միայն դրանով չի սահմանափակվում խաղողի այս կարևոր բաղադրամասի առավելությունները։

Բնական ֆիտոալեքսին

Ռեսվերատրոլի հիմնական աղբյուրը խաղողն է։ Համարվում է, որ մուսկաթ տեսակի խաղողն ավելի հարուստ է այս միացությամբ, քանի որ ավելի հաստ կեղև և ավելի շատ կորիզներ ունի։ Խաղողից պատրաստված կարմիր գինին նույնպես շատ հարուստ է ռեսվերատրոլով, քանի որ այդ միացությունը լավ լուծվում է սպիրտի մեջ։

Խաղողի և կարմիր գինու կազմում հայտնաբերված ռեսվերատրոլն օգտակար միացություն է, որն առաջին հերթին հայտնի է որպես կյանքը երկարացնող միջոց, քանի որ պաշտպանում է մարդու օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից և ինսուլինի նկատմամբ ռեզիստենտությունից։ Այս ֆլավոնոիդը կանխարգելում է օստեոպորոզը, բարենպաստ է անդրադառնում ճարպային բջիջների ճեղքման վրա, կարգավորում զարկերակային ճնշումը։

Այն ֆիտոալեքսին՝ բուսական տոքսին է համարվում, որը կոչված է պաշտպանելու խաղողը Bothrytis cinerea-ից վարակվելուց։

Ռեսվերատրոլը պոլիֆենոլային միացություն է, որն իր կառուցվածքի շնորհիվ «ստիլբեն» է անվանվում։ Այն ի սկզբանե նախատեսված է եղել բույսերի կյանքը երկարացնելու համար, քանի որ բարձրացնում է դրանց դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ։ Հենց այս հատկության շնորհիվ էլ այս միացությունը սկսեց լայնորեն ուսումնասիրվել՝ մարդկանց վրա վերոնշյալ առանձնահատկությունների ազդեցությունը պարզելու նպատակով։

Կենդանիների վրա արված փորձարկումները ցույց են տվել, որ ռեսվերատրոլն օգնում է պահպանել մկանային մանրաթելերը, որոնք ծերացման գործընթացում քայքայվում են, պաշտպանում է նեյրոնների միջև ընկած նյարդա-մկանային միացությունները՝ սինափսները։

Ռեսվերատրոլը ունի հակաբորբոքային ընդգծված ազդեցություն, նպաստում է քաղցկեղի, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, դեպրեսիայի կանխարգելմանը, բարելավում հիշողությունն ու մտավոր գործընթացները։

Ռեսվերատրոլի օգտակար հատկությունները

1) Երիտասարդացնող ազդեցություն

Քիչ չեն ապացույցները, որոնց համաձայն ռեստվերատրոլը ակտիվացնում է որոշ գեներ, որոնք ընդունակ են հաղթահարելու հիվանդություններն ու դանդաղեցնելու ծերացման գործընթացը։

Այս ֆիտոալեքսինը չեզոքացնում է ազատ ռադիկալները, իսկ, ինչպես հայտնի է, ազատ ռադիկալների, սխալ սննդակարգի ու վատ սովորությունների «համագործակցությունը» կարող է շատ թանկ նստել օրգանիզմի առողջության վրա։

Ինչպես արդեն վերը նշվեց, այս միացությունն օգնում է պահպանել նեյրոնների միջև գտնվող նյարդամկանային միացությունները՝ սինափսները։

Գիտնականները կարծում են, որ այդ հատկությունը կարող է նվազեցնել ծերացման գործընթացին բնորոշ բարդությունները։

2) Պաշտպանություն քաղցկեղի որոշ տեսակներից

Իսպանիայում Սեվիլիայի Համալսարանի դեղագործական բաժնի կողմից 2005 թ․-ին հրապարակված հետազոտության մեջ նշվում է․

«Ռեսվերատրոլի՝ վերջին տարիներին հայտնաբերված կենսաբանական ամենավառ ակտիվություններից մեկը վերջինիս քիմիական-պրոֆիլակտիկ պոտենցիալն է։ Փաստացի այն տարբեր փուլերում արգելափակում է կանցերոգենեզի գործընթացը»։

3) Մտավոր ունակությունների թուլացման կանխարգելում

Ենթադրվում է, որ կարմիր գինին օգնում է հնարավորինս երկար պահպանել մտքի սրությունը՝ թերևս ռեսվերատրոլի հակաբորբոքային ու հակաօքսիդանտային հատկությունների շնորհիվ։ Սա, իհարկե, կարմիր լույս չէ գինին չարաշահելու համար։

Հետազոտողները նշում են, որ այն ազդում է բետա-ամիլոիդների վրա, որոնք կարևոր դեր ունեն Ալցհեյմերի հիվանդության ժամանակ խցանների առաջացման գործում։ Ինչպես արդեն նշվեց վերևում, ի տարբերություն այլ հակաօքսիդանտների, ռեսվերատրոլը կարողանում է հաղթահարել գլխուղեղի հեմատոէնցեֆալիկ պատնեշն ու պաշտպանել գլխուղեղն ու նյարդային համակարգը։

Միացյալ Թագավորությունում՝ Nutrition University of Northumbria-ում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այս միացությունը նշանակալիորեն լավացնում է արյան հոսքը դեպի գլխուղեղ, ինչը, ըստ գիտնականների, շատ կարևոր է գլխուղեղի նորմալ կենսագործունեության համար։

Այս հատկությունների շնորհիվ ռեսվերատրոլը նպաստում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման, թուլամտության կանխարգելմանը։

4) Հոդացավի թուլացում

Ռեսվերատրոլը պաշտպանում է աճառներն ու նվազեցնում հոդերում առաջացած ցավերը։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ այն պաշտպանում է հոդերը վնասումից ու քրոնիկական բորբոքումներից։

5) Պաշտպանում է սիրտը

Ռեսվերատրոլն օգնում է պաշտպանել օրգանիզմն աթերոսկլերոզից, նվազեցնում «վատ» խոլեսթերինի մակարդակը, սրտամկանի ինֆարկտի հավանականությունը։

6) Կանխարգելում է ճարպակալումը

Ռեսվերատրոլի այս ազդեցությունը 2010 թ․-ին հաստատել են լեհ գիտնականները՝ լաբորատոր մկների վրա կատարված փորձարկումների արդյունքներից ելնելով։ Գիտնականներն ապացուցել են, որ ռեսվերատրոլը կրծողների մոտ կանխարգելում է ճարպի կուտակումը՝ SIRT1 գենի ակտիվացման շնորհիվ։

7) Մաքրում է մաշկը

Ռեսվերատրոլը դրական ազդեցություն ունի ակնեի բուժման ժամանակ, քանի որ արգելակում է ակնե հարուցող բակտերիաների աճը։

9) Արդյունավետ է գրիպի ու հերպեսի վիրուսների դեմ պայքարում

Հռոմում Իտալական հետազոտական խորհրդի նեյրոկենսաբանության և մոլեկուլյար բժշկության ինստիտուտի կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ ռեսվերատրոլն օժտված է A գրիպի վիրուսի արգելափակման ունակությամբ։

Խաղողի այս հրաշալի բաղադրամասի մասին ավելին իմանալով՝ արժե հարստացնել սննդակարգը հատկապես մուգ գույնի խաղողի տեսակներով և, իհարկե, չմոռանալ օրական մեկ գավաթ կարմիր գինի վայելելու հաճելի «պարտականության» մասին՝ ցանկալի է՝ լավ ընկերակցությամբ, քանի որ միմիայն այդ դեպքում է ռեսվերատրոլը բացահայտում իր բուժիչ ազդեցության ողջ երանգապնակը։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթ է կրում և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031