Լրահոս
Օրվա լրահոսը

«Տունդրայի մասին գիրքը փրկեց ինձ». Արցախյան երկու պատերազմներով անցած վիրաբույժ Գեւորգ Գրիգորյան

Մարտ 09,2021 23:40

Վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանն արցախյան առաջին պատերազմին էլ է մասնակցել, 44-օրյայում եղել է առաջին գծի դաշտային վրաններում: Նաեւ վիրավորվել է: 1990-ականների պատերազմի ժամանակ նաեւ 17 օր գերության մեջ է անցկացրել` Գանձակի (Գյանջա) բանտում`Գետաշենի դեպքերից հետո`բժիշկներ Վալերի Խաչատրյանի, Սարգիս Հակոբքյոխվյանի հետ: Ազատ են արձակվել միջազգային կառույցների միջնորդությամբ: Իր ընտանիքում ռազմաճակատ գնալ-չգնալու հարցը քննարկելու խնդիր չի եղել: Քառօրյային էլ որդին է մասնակցել: Ընտանիքում դարձյալ քննարկման թեմա չի եղել: Հետտրավմատիկ սթրեսները հաղթահարելու իր առաջարկած մեթոդը հումորն է:

Հիշում է Շենգավիթ բժշկական կենտրոնի բժիշկ Ջանիկին, ով իր հումորի պաշարը պատերազմի ծանի օրերին բաշխել է բոլորին`անգամ ամենաբարդ վիրահատությունների ժամանակ`միջամտելով`«ինչո՞վ խանգարեմ ձեզ» իր թեթեւացնող արտահայտությամբ: Ասում է`այս պատերազմում իրենց աշխատանքը տարբերվում էր, քանի որ այժմ ունեցել են լաբորատորիաներ, ռենտգեն եւ սոնոգրաֆիայի ապարատներ, նաեւ`տարբեր մասնագետներ: Առաջին պատերազմում`ամբողջ բեռը վիրաբույժների վրա էր ծանրացած`հաճախ առանց հետազոտությունների:

Այսօր, #AuroraDialogues կազմակերպած առցանց քննարկման ժամանակ, ասաց, որ  44-օրյա պատերազմի ժամանակ ամենածանր պահն իր համար այն է եղել, երբ վիրահատության ընթացքում հասկացել է`հիվանդը արդեն մահացած է…վիրահատական սեղանի մոտից հեռացել է թեւաթափ:

Քննարկման ընթացքում, պատերազմին մասնակցած բժիշկները անդրադառնում էին բժիշկների՝ մտավոր, ֆիզիկական, կազմակերպական եւ հոգեբանական մարտահրավերներին:

Այս պատերազմից հետո սկսել է նեղ մասնագիտական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվել`չեչենական պատերազմով անցած բժշկի հետազոտություններն է ուսումնասիրում`պայթյունային վերքերի մասին: Պատմում է, որ պատերազմի ընթացքում զավեշտալի դեպքեր են եղել, երբ կրծքավանդակի խոռոչից փայծախ են հեռացրել, որովայնի խոռոչից`թոք եւ այլն:

Իր վիրավորման մասին պատմում է`ասելով`«գիրքը փրկեց ինձ»: Նոյեմբերի 6-ին է վիրավորվել: Այդ պահին աշխատանք չի ունեցել, որոշել է պառկել`հանգստանալ: Սովորաբար գլուխը պատի կողմում է պառկում, այս անգամ պառկում է`գլուխը պատուհանի կողմում, որպեսզի կարողանա կարդալ: Գիրքը Տունդրայի մասին էր, ափսոսում է, որ վիրավորում է ստանում եւ այն չի հասցնում մինչեւ վերջ ընթերցել: Ռումբ է պայթել ու պատը փլվել է: Նույն ռումբի պայթյունից վիրավորում է ստանում նաեւ մեկ այլ բժիշկ`Էդգարը, Արմավիրի հիվանդանոցից: Հիմա նա էլ լավ է, թեեւ բեկորը մարմնի մեջ է, չեն հեռացրել, քանի որ բեկորը մոտ էր կենսական նշանակության օրգաններին:

Շվեցարաբնակ սրտանոթային վիրաբույժ Գրիգորի Խաչատուրովն էլ Ժնեւում, բարեկեցիկ կյանքը թողել եւ մեկնել է Արցախ: Նա մասնագիտական փորձ է ձեռք բերել 1988-ի երկրաշարժի ժամանակ: Քանի որ անփորձ էր, արցախյան առաջին պատերազմի ժամանակ չի մեկնել ռազմաճակատ: Դեռ երկրաշարժից հետո, երբ փորձել է օգնության ձեռք մեկնել գործընկերներին, հասկացել է, որ իր անփորձությամբ ավելի շատ բեռ է դառնում: Իսկ 44-օրյայի ժամանակ մեկնել է`ընտանիքին ասել է մեկնում է Հայաստան, բայց չի ասել, որ այնտեղից մեկնելու է Արցախ: Գրիգորի Խաչատուրովը խոնարհվում է այն բուժաշխատողների առաջ, ովքեր 44 օր աշխատեցին`անգամ գետնին քնելով եւ, որ կարեւոր է`մարդկային դեմքը չկորցրեցին: Իր գործընկերներին միացել է վերջին երկու շաբաթվա ընթացքում. ափսոսում է, որ ավելի շուտ չի կայացրել ռազմաճակատ մեկնելու իր որոշումը: Կարեւորում է, որ ռազմի դաշտում փորձառու բժիշկներ լինեն, քանի որ ստիպված են լինում ծանր որոշումներ կայացնել: Իր կայացրած ծանր որոշումը, որը «հոգու վրա պիտի մնա», Ստեփանակերտի բնակչության էվակուացիայի ժամանակ է եղել, երբ մի երիտասարդի ոտքը ստիպված են եղել ամպուտացնել, մինչդեռ եթե ժամանակը ներեր`հնարավոր կլիներ երակները, զարկերակները եւ նյարդերը վերականգնել: Ծանր տպավորություններ ունի առհասարակ էվակուացիայից: Հետտրավմատիկ շոկի հաղթահարումն ասում է, շատ է կարեւոր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031