Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ էլ լինի՝ մի՛շտ «շարքում», մի՛շտ ուժեղ

Մարտ 27,2021 12:30

Ալաստան գյուղն ու նրա նվիրյալ, արժանավոր որդին

Ինչ որ գրել եմ կյանքիս ընթացքում եւ այսուհետ էլ գրելիս լինեմ, անտեսանելի ուժի ու աներեւակայելի զորության միջոցով ու թելադրանքով է: Այդ ուժն ու զորությունը գալիս են հեռու հեռվից, այնտեղից, որտեղ յուրաքանչյուրիս սկիզբն է, այսինքն` ծննդավայրը, հայրենի եզերքը, մի խոսքով՝ մարդկային գոյության արմատը: Ի վերուստ մարդուն տրված մեծագույն պարգեւ է ծննդավայրը, հայրենի տուն-ոստանը, որն անբաժանելի ուղեկից է նրան ողջ կյանքի ընթացքում…

Ես թեեւ բավականին երկար ժամանակ է, որ իմ ծննդավայրից` Ջավախքի Ալաստան գյուղից հեռու եմ ապրում, բայց դա ոչ մի րոպե չի խանգարել ինձ հոգեպես ու մտովի նրա հետ լինելու համար: Կարող է տարօրինակ թվալ, սակայն իրականությունն այն է, որ մինչ օրս էլ իմ երազներում ավելի շատ հայրենի գյուղիս պատկերներն են գալիս, առավելապես` մեր հին տունը, քան քաղաքը կամ որեւէ այլ վայր, որտեղ բախտի, թե ճակատագրի բերումով ավելի շատ տարիներ եմ անցկացրել:

Ալաստանը, ինչպես հայոց մեր շատ բնակավայրեր, իր անցյալն ու պատմությունն ունի, բնաշխարհի իր սարն ու քարը, իր ծառն ու ծաղիկը, մի խոսքով` իր ամեն, ամեն ինչը: Եվ, բնականաբար` իր մարդիկ, զավակները, որ կերտել ու այսօր էլ շարունակում են կերտել ծննդավայրի տարեգրությունը, նրա հետաքրքիր ու բազմազան պատմություններով հարուստ կենսամատյանը: Հանրահայտ ու ճանաչված ալաստանցիներից նշեմ, թեկուզ, կարդինալ Գրիգոր Աղաջանյանին, ԽՍՀՄ հերոս Լեւոն Դարբինյանին, Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ Քերոբ Սերոբյանին, նկարիչ Ռաֆայել Նանուշյանին, որոնց եւ մնացած հայտնիների մասին գյուղին նվիրած իր գրքում հիշատակել է լրագրող Պետրոս Սարուխանյանը («Արծաթի-Ալաստան. 185 տարվա հեռավորություն», Երեւան, 2016 թ.):

Սակայն… Սովորաբար, մեր կամքից անկախ, չգրված մի օրենքով «ստվերում» ենք թողնում ոչ պակաս արժանավորներին, մեր կողքին ապրող մարդկանց, ում անարդարացիորեն ժամանակին չենք գնահատում ու արժեւորում: Ես իմ պարտքն եմ համարում այս առումով նշել մի մարդու, ով, իրոք, արժանի է, որ հե՛նց այսօր մեր պատշաճ վերաբերմունքին ու գնահատանքի խոսքին արժանանա: Այդ մարդը Հովհաննես (Օնիկ) Մարգարյանն է, ով յուրահատուկ շնորհի ու ձիրքի տեր անձնավորություն է, ով իր էությամբ մարմնավորում է Ալաստան գյուղն՝ իր պատմությամբ, մարդկանցով, նիստուկացով, անցուդարձերով, մեծ ու փոքր տարեթվերով, ամսաթվերով ու օրերով: Եվ թող անհամեստություն չթվա, եթե ասեմ, որ նա կարող է իր ծննդավայրի յուրօրինակ «այցեքարտ-անցաթուղթը» համարվել…

Մասնագիտությամբ ինժեներ՝ Պողոսի որդի Հովհաննեսը, առանց որեւէ չափազանցության, կենդանի, քայլող հանրագիտարան է, ով իր մեջ, իր հոգում կրում, փայփայում է ծննդավայրի ողջ պատմությունը, ով գիտի գյուղին առնչվող ամեն, ամեն ինչ, ուստի եւ բնավ պատահական չէ, որ Ալաստանի հետ կապված որեւէ հարց կամ խնդիր առաջանալիս ալաստանցին առաջին հերթին կապվում է նրա հետ՝ պարզելու դրա պատասխանը, իսկությունը: Հավատացած եմ, որ նրա այդ աստվածապարգեւ շնորհն առաջին հերթին գալիս է ծննդավայրի հանդեպ անսահման մեծ սիրուց, նվիրումից ու հավատարմությունից: Եվ թեեւ Հովհաննեսն այսօր առողջական խնդիրներ ունի, բայց դա չի խանգարել, որ շարունակի նույն ակնածանքով սրտում կրել մեծ սերն ու պաշտամունքը հայրենի գյուղի, նրա թանկագին ժառանգության հանդեպ: Ձիգ ու կանգուն է, ուժեղ ու դիմացկուն՝ կենսունակության մեծ պաշարներ հոգում ամբարած…

Ամփոփելով խոսքս, այստեղ ուզում եմ, որպես լրացում, մեջբերում անել ընկերոջս՝ Հովհաննես Մարգարյանին նվիրած իմ բանաստեղծությունից.
Բարի ու խոհեմ, պատվասեր, վսեմ,
Խաղաղ, կենսասեր ու աշխարհասեր,
Խելացի՛ ընկեր:
Որքան լավ է, որ, ինչպես մարգարե,
Հեռու ես մնում այս փուչ աշխարհի
Դեգերումներից, սուտ վայելքների
Սին պատրանքներից:
Քո հիշողությամբ հիշողության վեհ
Գահ ես բարձրացել, համակարգչից էլ…
Առաջ ես անցել:

Գրիգոր ԾԱՏՈՒՐՅԱՆ
Բանաստեղծ, հրապարակագիր

«Առավոտ» օրաթերթ
26.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031