Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտլաբերևան»-ը ժամանակակից արվեստի դասընթացներ է սկսել նաև Իջևանում

Դեկտեմբեր 19,2021 22:20

Տավուշի մարզի Իջևան քաղաքում «Արտլաբերևան» մշակութային ստեղծագործական ՀԿ-ն ժամանակակից արվեստի դասընթացներ է անցկացնում:

Մեզ հետ զրույցում ՀԿ-ի անդամ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ դեռ անցած տարի իրենք սկսեցին անցկացնել «Ժամանակակից արվեստի և Արտ ակտիվիզմի լաբորատորիա» ծրագիրն անցկացնել Երևանում, Գյումրիում և Կապանում, իսկ այս տարվա սեպտեմբեր ամսվանից սկսվեցին դասընթացներ նաև Իջևան քաղաքում․

«Մենք որոշեցինք բացի Երևանից ժամանակակից արվեստի դասընթացներ անցկացնել նաև մարզերում՝ ապակենտրոնացման նպատակով։ Նշած տարվանից սկսեցինք կուրսերը Երևանում, Կապանում և հետո նաև Գյումրիում, որոնց ամփոփումը եղավ ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը Կապանում: Իսկ սեպտեմբերից մենք սկսեցինք դասընթացներ անցկացնել նաև Տավուշի մարզի Իջևան քաղաքում, որի նպատակն է երիտասարդության մտածելակերպի մեջ փոփոխություն մտցնելը, երիտասարդներին կարծրատիպերից ազատելն ու նրանց համար հարթակ ստեղծելը, որտեղ նրանք կկարողանան հավաքվել և հաղորդակցվել»:

Մարգարյանի խոսքով՝ մարզերում հատկապես կարծրատիպեր կոտրելը բավականին բարդ է, քանի որ երիտասարդների մոտ նստվածքները շատ ավելի խորն են, որը փոխելու համար երկարաժամկետ աշխատանք է հարկավոր․

«Մեր նպատակը միայն դասընթաց իրականացնելն ու գնալը չէ, այլ մենք փորձում ենք այնպես անել, որ այդ ուսանողները մեզանից հետո ինքնուրույն շարունակեն իրենց գործունեությունը, իսկ մենք կփորձենք իրենց աջակցել հնարավոր ամեն ինչով: Օրինակ՝ Կապանում և Գյումրիում դասընթացներից հետո ստեղծվեցին «Արտլաբ Կապան» և «Արտլաբ Գյումրի» խմբերը: Ճիշտ է, Իջևանի դեպքում դասընթացները այդքան երկարաժամկետ չեն, սակայն այստեղ ևս նպատակ ունենք երիտասարդների մոտ փոխել կարծրատիպային մտածողությունը արվեստի մասին, քանի որ ինչքան էլ զարմանալի է, այստեղ երիտասարդները շատ քիչ են տեղեկացված ժամանակակից արվեստից:

 

Հատկապես դժվար է կոտրել կարծրատիպերը Գեղարվեստի ակադեմիան ավարտած երիտասարդների մոտ, քանի որ իրենց համար բարձրագույն արժեքը Վերածնունդն է և այդքան էլ տեղեկացված չեն ժամանակակից արվեստից, սակայն այս խնդիրները հնարավոր է լուծել անընդհատ շարունակվող աշխատանքներով, քանի որ մեր դասընթացները ոչ միայն ժամանակակից արվեստի պատմության դասընթացներ են ներառում, այլ նաև լինում են դասախոսություններ ժամանակակից քաղաքականության, տնտեսության, նույնիսկ գենդերային խնդիրների մասին, կան փիլիսոփայության մասին դասընթացներ: Ինչպես նաև անցկացնում ենք գործնական դասընթացներ ժամանակակից արվեստի հետ կապված, ինչպես օրինակ՝ հրավիրում ենք անիմացիայի մասնագետի, լինում են դասընթացներ վիդեոարտի և գրաֆիտիների մասին, որը ամենաշատն է հետաքրքրում ուսանողներին, քանի որ այս դասընթացի ընթացքում ոչ միայն սովորում են ինչպես պատրաստել գրաֆիտիներ, այլ գործնականում հենց ուսանողները գրաֆիտիներ են անում իրենց քաղաքում»:

Մարգարյանի փոխանցմամբ՝ Իջևանում անցկացվող դասընթացներին մասնակցում են նաև հարակից գյուղերից երիտասարդներ, ինչը շատ ոգեշնչող է: Վերջինիս խոսքով, իրենք արդեն մշակում են երկարատև ծրագիր հենց Տավուշի մարզի համար, որի ամփոփումը ևս կլինի մասնակիցների աշխատանքների ցուցադրության միջոցով:

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարները՝ «Արտլաբ»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031