Լրահոս
Օրվա լրահոսը

Սագամաշկ կամ Ֆոլիկուլյար կերատոզ․ ինչպես թեթևացնել մաշկային այս խնդիրը

Հունիս 06,2021 23:00

Տարվա շոգ եղանակներին կանայք, ավելի քան երբևէ, ցանկանում են գեղեցիկ ու խնամված լինել, կրել իրենց սիրելի շրջազգեստը՝ չմտահոգվելով կազմվածքի թերությունների կամ մաշկի վիճակի մասին։ Սակայն կնոջը միշտ ինչ-որ մի բան խանգարում է, և այդ «ինչ-որ մի բանը», օրինակ, կարող է լինել մաշկային խնդիրը, որն ընդունված է անվանել սագամաշկ, սակայն, ինչպես կարծում են մաշկաբանները, դա ամենևին էլ խոչընդոտ չէ սիրելի շորիկը հագնելու ճանապարհին։

Ֆոլիկուլյար կերատոզը (սագամաշկ) տարածված մաշկային հիվանդություն է, որը հանդիպում է մեծահասակների մոտ 40 տոկոսի շրջանում։ Սովորաբար այն դրսևորվում է ձեռքերի, ոտքերի, հետույքի շրջանում՝ փոքրիկ ելունդների տեսքով, որոնց շուրջը թեթևակիորեն կարմրած է։ Այլ կերպ ասած՝ Ֆոլիկուլյար կերատոզը մազի ֆոլեկուլների խցանումն է․ «Մաշկը կուտակում է կերատինը (սպիտակուց, որից կազմված են մազերն ու եղունգները), և այդ պատճառով խցանվում են մազարմատները և փոքրիկ կոնաձև ելուստներ են առաջանում։ Երբեմն այդ խցանումը բորբոքում է առաջացնում՝ ելունդի շուրջ կարմրություն հարուցելով»,-Vogue հեղինակավոր ամսագրի հետ զրույցում նշում է բժշկական գիտությունների թեկնածու, մաշկաբան Ռեյչել Նազարյանը։

Թեև ֆոլիկուլյար կերատոզը շատ տարածված երևույթ է, դժվար է մեկնաբանել, թե ինչու է այն առաջանում որոշ մարդկանց մոտ, իսկ մյուսները շրջանցում են այդ խնդիրը։ Բժիշկ Նազարյանը նշում է, որ կերատոզն ավելի հաճախ հանդիպում է զգայուն մաշկ կամ էկզեմայի  և ատոպիկ դերմատիտի հակվածություն ունեցող մարդկանց մոտ:

Ինչպե՞ս թեթևացնել սագամաշկի դրսևորումները

Արևայրուք ընդունեք

Շատ հաճախ ֆոլիկուլյար կերատոզը սրվում է ձմռանը, ամռանն այն ավելի աննկատ է։ Ինչպես նշում է բժշկական գիտությունների թեկնածու, մաշկաբան Բլեր Մերֆի-Ռոուզը․ «Համարվում է, որ խոնավության բարձր մակարդակն ու արևի լույսն օգնում են կառավարել ֆոլիկուլյար կերատոզի սրացումները»։ Այնպես որ սագամաշկից ազատվելու առաջին  քայլը կարող են լինել արևային լոգանքները, իհարկե մինչ այդ չպետք է մոռանալ արևապաշտպան միջոցների մասին։

Հեռացրեք մաշկի եղջերային շերտը

Սկսենք նրանից, թե ինչ չի կարելի անել. «Իմ պացիենտների շրջանում ամենատարածված սխալն այն է, երբ նրանք փորձում են քերել ելուստները կոպիտ ճիլոպներով։ Դա, իհարկե, կարող է հանել կերատինային խցաններն ու ժամանակավորապես բարելավել մաշկի վիճակը, սակայն նման կոպիտ շերտազատման արդյունքում կարող են բորբոքվել մազարմատները՝ առաջացնելով մաշկի կարմրություն ու ավելի նկատելի դարձնելով սագամաշկը»,-մեկնաբանում է բժիշկ Նազարյանը։

Մասնագետները խորհուրդ են տալիս այդ նպատակով օգտագործել հատուկ «սքրաբներ», որոնց մասնիկներ շատ մանր են և որոնք օժտված են խոնավացնող ազդեցությամբ։ Բժիշկ Մերֆի-Ռոուզը նաև խորհուրդ է տալիս ցնցուղ ընդունելուց հետո թեթևակի չորացնել մաշկը սրբիչով ու կիսախոնավ մաշկին խոնավացնող քսուկ քսել։

«Սքրաբներից» բացի ֆոլիկուլյար կերատոզի դեմ օգնում է պայքարել քիմիական «պիլինգը», որը թթուների շնորհիվ մեղմորեն շերտազատում է մաշկը։ Այս դեպքում արժե ուշադրություն դարձնել խնամքի այն միջոցներին, որոնց բաղադրությունում առկա են գլիկոլաթթու, սալիցիլաթթու կամ կաթնաթթու, ինչպես նաև գլյուկոնոլակտոն և միզանյութ։ 

Մաշկաբանի մոտ մաշկի քիմիական շերտազատումն անցկացնելն առավել նպատակահարմար ու անվնաս է և ավելի երկարատև արդյունք կարող է ապահովել։

Սագամաշկի դեմ պայքարում կարող է օգտակար լինել նաև ռետինոլն ու ռետինոիդները․ վիտամին A-ի այս ածանցյալներն օգնում են կարգավորել ու խթանել մաշկի վերականգնումը։

Սակայն պետք է հաշվի առնել, որ ռետինոլը տանել չի կարողանում «թթուները»։ Եթե ռետինոլ պարունակող խնամքի միջոցներին զուգահեռ օգտագործվի սալիցիլաթթու կամ էրիտրոմիցինի դասին պատկանող հակաբիոտիկ պարունակող քսուկ, ապա մաշկի գրգռվածությունն ու կարմրությունը երաշխավորված են։

Խոնավացրեք մաշկը

Ֆոլիկուլյար կերատոզը վերահսկելու համար շատ կարևոր է մաշկի խոնավության աստիճանը, հատկապես երբ ցրտում է, իսկ օդի խոնավությունը՝ նվազում։

«Իմ հաճախորդները նկատում են, որ ֆոլիկուլյար կերատոզը սրվում է աշնանն ու ձմռանը։ Մաշկի չորության պատճառով մաշկային խնդիրներն ավելի նկատելի են դառնում»,-ասում է բժիշկ Մերֆի Ռոուզը։ Այս դեպքում արժե ուշադրություն դարձնել այն խնամքի միջոցներին, որոնք ունեն խոնավացնող ու փափկեցնող բաղադրամասեր՝  կերամիդներ, շի յուղ, վազելին, դիմետիկոն, գլիցերին և հիալուրոնաթթու, ինչպես նաև հալվե և նիացինամիդ, որոնք օժտված են հակաբորբոքային ազդեցությամբ և կօգնեն վերացնել մաշկի գրգռվածությունն ու կարմրությունը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

ԱՂԲՅՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930