Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Պետության զորությունը եկեղեցին է, և եկեղեցվո զորությունը՝ պետությունը

Հունիս 19,2021 21:03

Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և Հայրենիք։ Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության՝ Ազգ, Հայրենիք, պետություն։

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Սիրելի´ հավատացյալ հայորդիներ, գաղտնիք ըսած չենք ըլլար, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց պատմության գրեթե բոլոր հանգրվաններուն ունեցած է իր ուրույն դերն ու նշանակությունը: Այսօր մեր Մայր Եկեղեցին իր  նվիրական սպասավորներով հանդերձ բարձր պատվով կկատարէ այն առաքելությունը, որը որպես ժառանգություն և հոգևոր հարստություն ստացած է մեր հայրերէն:

Այս մտածումներով մեծ ցանկություն ունեցա կիսել իմ գաղափարները, որոնք կվերաբերի հայ ժողովուրդի երկու անսասան  հիմքերուն՝ Աստված և հայրենիք, պետություն և եկեղեցի: Ցավոք հայոց պատմության մեջ քիչ չեն այն պատմական ժամանակաշրջանները, որտեղ ուղղակիորեն զրկված եղած ենք ունենալու անկախ պետականություն, հնարավորություն ունեցած չենք  աղոթելու և երկրպագելու Ամենակարող Աստուծո: Բայց հակառակ այդ դժվարին ժամանակաշրջաններուն հայ եկեղեցին իր հովանավորության տակ առած է հայ ժողովուրդի ղեկը, կառավարելու այն ու պատվով հասցնելու մեր օրեր:

Եթե թերթենք հայոց պատմության ուրախ և տխուր էջերը և մի փոքր հայացք նետենք պատմական մի քանի կարևոր կետերու՝ կհասկնանք, թե ինչպիսի դերակատարում ունեցած է և ունի առ այսօր հայ Եկեղեցին հայ ժողովրդի պատմության մեջ, որտեղ  եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները ունին հարուստ և դարավոր պատմություն, այդժամ կհասկնանք, թե այս փոխհարաբերության (քողի) տակ ինչպիսին է Հայաստանյայց Եկեղեցվո ներկայիս տեղն ու դերը մեր նվիրական հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության կյանքին մեջ:

Քրիստոնեության ընդունումէն հետո Հայ Առաքելական Եկեղեցին մշտապես եղած է երկրէն ներս դատաիրավական համակարգի պատասխանատուն:Պատահական չէ, որ նույնիսկ 5-րդ դարուն` պարսից տիրապետության ժամանակաշրջանին, հայոց կաթողիկոսին  լիազորված էր երկրի մեծ դատավորի գործառույթը: Սկսած Վարդանանց և Վահանանց ճակատամարտերէն մինչև Մայիսյան հերոսամարտեր և Արցախյան առաջին պատերազմէն մինչև 44-օրյա պատերազմ հայ եկեղեցին և հայ եկեղեցականը  չէ լքած հայ զինվորին, չէ դավաճանած անոր սրբությունները՝ այլ հակառակը եղած է պաշտպանն ու ապավենը մեր հոգևոր և աշխարհիկ հարստության, որը ժառանգություն ստացած է մեր նախնիներէն: Ատոր վառ ապացույցներէն է Արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված մեր հերոս երկու սարկավագները, և մինչև այսօր ալ ցավ ի սիրտ բոլորիս ոչ մի տեղեկություն չունինք մեր սիրելի եղբորէն՝ Հայր Մկրտիչ աբեղա Կարապետյանէն:

Այսօր պետություն-եկեղեցի և հակառակը եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները պետք է լծված ըլլան միմիայն մարդու բարոյական կերպարի ստեղծման ու պահպանմանը: Պետք է փաստենք, որ եթե պետությունը զուրկ ըլլա բարոյական կերպարէ, զուրկ կըլլա նաև անոր քաղաքացին: Այս դժվարին օրերուն, շատեր անծանոթ են հայ եկեղեցվո քարոզչությանը, անծանոթ են անոր կողմէ դուրս եկող գաղափարներուն, բայց հավատացե´ք, քրիստոենական յուրաքանաչյուր առաքելություն ուղղված է մարդու բարոյական, անոր հոգևոր կերպարի ստեղծմանը, զարգացմանը և պահպանմանը, ուղղված է հայրենիքը սիրելու և այն պաշտպանելու տեսլականով, ուղղված է  ամեն գնով և մինչև սեփական կյանքը զոհելու, նվիրելու մեծագույն գաղափարներով:

Այսօր Հայ եկեղեցին իր ծառայությունը կենտրոնացուցած է դեպի մարդը: Պետությանը պետք է գիտակցի, որ իր գոյության միակ գրավականը մարդն է, եթե մարդն անտեսված է, ապա չենք կրնար երազել և լավագույնս ունենալ հզոր և առաջադեմ պետականություն: Պետությունը պետք է լավ գիտակցի, որ եկեղեցի-պետության  փոխհարաբերություններու շրջանակի մեջն է, որ մարդը կրնա սիրէ  իր ազգը, իր պետականությունը և իր եկեղեցին:

Հայ եկեղեցին մայրն է բոլորիս, որովհետև ինչպես կծնինք մեր մոր արգանդէն, այնպես  ալ մկրտության ավազանէն մենք վերստին կծնինք մեր հոգևոր մոր՝ մեր մայր եկեղեցվո արգանդէն, ըստ այդմ մենք բոլորս քույրեր և եղբայրներ ենք՝ և´ աշխարհիկ  և´ թե հոգևոր, և ամեն մի հայ, եթե հոգեպես ունենա այս վեհ գաղափարը մենք կունենանք Հայաստանի հզոր Հանրապետություն, կունենանք օրինակելի և բարոյապես հզոր հայ ժողովուրդ:

Հայ մարդու համար եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները պետք է ըլլան ու մշտամնա պահպանվին որպես ծնողական հարաբերություններ.մայրը՝ եկեղեցին, հայրը՝ պետությունը: Այս փոխհարաբերությունը պետք է ներդաշնակված ըլլա ընտանեական հարաբերություններու նման. այստեղ է գլխավոր ուժը՝ պայքարելու և հաղթելու առկա այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի և մեր երեխաներու ուսերուն: Հայ մարդը պետք է վստահությամբ լեցվի, երբ տեսնէ այս երկու կառույցներու ծառայությունը դեպի ի նպաստ իրեն:

Պետություն-եկեղեցի փոխհարաբերությունը խորը դիտարկելիս մեզ համար պարզ կդառնա երկու անգին կառույցներու  նմանությունները, օրինակ՝ ծառայություն, նվիրվածություն, հոգատարություն և դաստիարակություն՝ սեփական երկրի ներկայի և ապագայի բարելավման մասին մտածող սերունդ  պատրաստելու համար: Ես կհավատամ, որ կան գործոններ, որոնք այսօր պետական որոշ կառույցներ իրենց աշխատանքով կնպաստէն մարդու բարոյական և քաղաքացու անվանը համապատասխանող տեսակի ստեղծման համար: Այս կարևոր փոխհարաբերության, եկեղեցի-պետություն բարեկամության արդյունքէն մենք կրնանք ունենալ այն, ինչը երկար տարիներ ուղղակի երազած ենք՝ հզոր և անպարտելի պետականություն: Այս բոլորի մեծագույն ապացույցներէն մեկը կտեսնենք Զինված Ուժերու կողքին հայ հոգևորականի դերի և անոր կատարած ծառայության մեջ: Այսօր հայ հոգևորականին հաջողած է դառնալ զինվորի ընկերը՝ ներթափանցելով անոր հոգիի խորքը: Այսօրինակ փոխհամաձայնության դեպքերը միայն ու միայն կհզորացնէն մեր հայրենիքը, մեր պետականությունը և այդտեղ ապրող յուրաքանչյուր անհատին կպարգևեն նման օրինակը չունեցող սերունդ և պետականություն:

Պետություն կառավարելը առաջին հերթին պետք է ըլլա ծառայություն  ուղղված անոր միակ տրամաբանող անհատին՝ մարդուն՝ բանվորէ մինչև գիտնական և հակառակը՝ գիտնականէ մինչև բանվոր: Նույնն է նաև եկեղեցվո և եկեղեցականի պարագային, այսինքն եթե խորը կերպով թափանցենք երկու կառույցներու նպատակի մեջ կգտնենք ծառայության սրբազան առաքելությունը և մեր առջև կբացվի հզոր կյանքի գրադարան, որտեղ ամեն մի գրքի մեջ պարփակված են սեփական հայրենիքը հզորացնելու վեհ ու պայծառ գաղափարներ:

Հայ եկեղեցին պատրաստակամ է բոլոր մարտահրավերներուն, հայ եկեղեցին պատրաստ է պետության հետ համագործակցելու և հայ ժողովուրդի առջև ծառացած խնդիրները արագ լուծելու:

Երբ ունենանք այս հասունությունը, ապա կհասկնանք, որ պետության զորությունը եկեղեցին է, և եկեղեցվո զորությունը՝ պետությունը. սա է բանալին առաջադեմ, հզոր և անպարտելի պետություն ստեղծելու գաղտնիքը:

Թող Աստված օրհնէ մեր պետությունն ու եկեղեցին:

 

Նարեկ եպիսկոպոս ԲԵՐԲԵՐՅԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930