Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ինչքան կարդացած են պարողը, դերասանը, այնքան իմաստավորված է ժեստը, կեցվածքը, շարժումը». Արա Խզմալյան

Սեպտեմբեր 01,2021 15:36

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոց եւ Պարարվեստի քոլեջ:

Aravot.am-ի հետ զրույցում փոխնախարարն ասաց, որ Չայկովսկու անվան դպրոցում ողջունել է սաներին. «Ասել եմ` վստահ եմ, որ մեր լավագույն ուսումնական հաստատություններից մեկում մանկավարժների ջանքերի շնորհիվ լավ գիտելիքներ են ստանալու` եւ երաժշտության հրաշալի աշխարհի մասին, եւ բնության, եւ մարդկային գործունեության այլ ոլորտների: Մեծ հույս ունեմ, որ այս հաստատությունից դուրս գալիս կիմանան, որ գիտելիքի ձեռքբերումը ավարտ չունի, ու այդ գիտակցումով էլ կավարտեն իրենց ուսումը»:
Ինչ վերաբերվում է Պարարվեստի քոլեջ այցելությանը, նախարարի տեղակալն ասում է, որ ակամա դասընթացի նման մի բան է ստացվել, դահլիճում էլ բավական մեծ թվով սաներ են եղել: «Առիթ ունեցա խոսելու, թե 21-րդ դարում եւ ընդհանրապես նախորդող 100 տարիների ընթացքում արվեստում ինչ մեծ տեղ է զբաղեցնում եւ ինչ նշանակություն ունի մարմնի ֆենոմենը, ինչու են ոչ միայն երաժշտական, այլեւ թատերական արվեստի ամենամեծ բարեփոխիչները, ռեժիսորները իրենց բարեփոխումներում հենվել են հենց մարմնի գաղափարի, մարմնի ֆենոմենի, մարդկային մարմնի լեզվի վրա»,-ասաց Արա Խզմալյանը:

Նա քոլեջի սաների հետ զրույցում հիշեցրել է, որ ժամանակին, օրինակ, Սրբուհի Լիսիցյանին Նեմիրովիչ-Դանչենկոն հրավիրում էր ՄԽԱՏ-ի ստուդիաներում դասավանդելու, պայմաններ էին ստեղծվում, որ Լիսիցյանն իր փորձարարություններն ու ստուդիական որոնումներն իրականացնի, նաեւ մեր ռեժիսորներն էին մեծ տեղ էին տալիս մարմնական էսքպրեսիային ու դրսեւորումներին: Արա Խզմալյանի ձեւակերպմամբ, ցավոք, արդեն համահունչ չեն մեր մոտեցումները միջազգային դրսեւորումներին, եւ թատրոնում «ցամաքել» է այդ գաղափարը, այն զրկվել է իր երբեմնի հմայքից, գրավչությունից, էսթետիզմից եւ գեղարվեստական կատարելությունից, քանի որ մոռացել ենք մարմնի հնարավորությունների մասին:

Նախարարի տեղակալի խոսքով. «Խորեոգրաֆիկ էլեմենտը չպիտի մնա միայն պարարվեստում, միայն Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այլ պիտի դուրս գա ու մտնի մեր առօրյան, մտնի դրամատիկական թատրոն: Ես բերեցի բազմաթիվ օրինակներ, երբ այսօր աշխարհահռչակ ռեժիսորները գնալով ավելի ու ավելի շատ են հրավիրում բալետի պարողներին իրենց դրամատիկ ներկայացումների մեջ: Մաքուր էսթետիզմը եւ գեղարվեստական սկզբունքը, իհարկե, գալիս են, նախ և առաջ, մարմնական դրսեւորումներով, մարմնական էքսպրեսիայով: Միեւնույն ժամանակ, ինչքան հագեցած ու կիրթ է մարդու միտքը, ինչքան ավելի կարդացած են պարողը, դերասանը, այնքան ավելի իմաստավորված է նրանց ժեստը, կեցվածքը, շարժումը:
Ուստի անհրաժեշտ է ֆիզիկական կատարելության հետ մեկտեղ մեծ ուշադրություն դարձնել նաեւ մտքի կատարելագործման վրա, գեղարվեստական գրականություն ընթերցել, հոգեբանական գրականություն, փիլիսոփայություն ուսումնասիրել: Այնպես որ, երբ հանդիպում են կիրթ միտքը եւ մարմնական կատարելությունը, մենք գործ ունենք բարձր արվեստի դրսեւորման հետ: Հույս ունենք` մեր կրթական համակարգն ի վերջո կապահովի այդ ամենը»:

Արա Խզմալյանը հայտնեց, որ պարավեստի քոլեջում նաեւ փորձասենյակ է այցելել: Նա ասաց, որ պետական աջակցությամբ հիմնանորոգվում են փորձասենյակները, որոնց հատակը խայտառակ վիճակում էր , իսկ այժմ մասնագիտական ամենախիստ չափանիշներին համապատասխան վերանորոգում է գնում: Նա հավելեց, որ նպատակ ունեն պարավեստի քոլեջում ձեւավորել ուսումնական թատրոնի պես մի բան, որը կդառնա միջանկյալ հարթակ՝ կրթօջախի եւ օպերային թատրոնի միջեւ, սաներն էլ հմտություններ ձեռք կբերեն, կաշխատեն ռեժիսորների հետ, կիմանան, թե ինչ բան է կերպարայնությունը եւ արդեն որոշակի փորձառությամբ` կանցնեն բարձր պրոֆեսիոնալ հարթակներ:

Նա անդրադարձավ նաեւ վերջերս նախարարության աջակցությամբ կազմակերպված ժամանակակից պարի միջազգային SUMMEET փառատոնին, որի մասին հնչել են մասնագիտական ամենաբարձր գնահատականները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930