Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկարատև գրիպ»․ ինչո՞վ է այն նման «երկարաձիգ քովիդին»

Հոկտեմբեր 10,2021 23:10

Ինչպես նշվում է BBC լրատվական գործակալության հոդվածում, գրիպով հիվանդացած մարդկանց մի մասի մոտ բավականին երկար են պահպանվում գերհոգնածությունը, հաճախակի գլխացավերը, շնչառության հետ կապված դժվարությունները, նյարդային վիճակը։ Երբեմն այս վիճակները պահպանվում են անգամ ապաքինվելուց հետո մի քանի ամիս շարունակ․ այսպիսի եզրահանգման են հանգեցրել տվյալները, որոնք հավաքագրվել են Օքսֆորդի համալսարանի փորձագետների կողմից։

Այս թեմայի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է «երկարատև քովիդի» հետ կապված ուսումնասիրությունների համատեքստում։ Պարզվել է, որ մյուս վիրուսները նույնպես կարող են նմանատիպ ախտանշաններ հարուցել։ Վիճակագրական վերլուծության է ենթարկվել 100 000 –ական մարդուց բաղկացած 2 խումբ՝ հիմնականում ԱՄՆ-ից։ Մի խմբի մասնակիցները ապաքինվել էին քովիդ-19-ից, մյուս խմբինը՝ սովորական գրիպից։ Առաջին խմբում ձգձգվող բարդությունների հետ կապված բժշկին են դիմել պացիենտների  42%-ը, երկրորդ խմբում՝  30%-ը։

Օքսֆորդի վերլուծաբանների կարծիքով՝ այդ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ քովիդով հիվանդացած մարդիկ ավելի շատ են մտահոգված իրենց առողջությամբ։

«Մեզնից շատերը գիտեն սեփական փորձով, որ գրիպից հետո նորմալ ինքնազգացողությունը դեռ բավականին երկար չի վերադառնում, որքան էլ մենք ցանկանում ենք»,-ասում է հետազոտության ղեկավարներից մեկը՝ պրոֆեսոր Պոլ Հարիսոնը։

PLOS Medicine ամսագրում հրապարակված նյութը տվյալներ չի պարունակում արտահայտված ախտանշանների բարդության և այն մասին, թե դրանք ժամանակ առ ժամանակ, թե՞ շարունակաբար են դրսևորվել։ «Գրիպից հետո առաջացած բարդություններին բավականաչափ ուշադրություն մինչ օրս չի հատկացվել»,-նկատել է հետազոտության մասնակից դոկտոր Մաքս Տակեն։

Ի՞նչ է երկարատև քովիդը

«Երկարատև քովիդը» լավ ուսումնասիրված հիվանդություն չէ և չունի հստակ սահմանում։ Օրինակ՝ Բրիտանիայում այդպես են անվանում Քովիդ-19-ի ցանկացած դեպք, երբ պացիենտի բուժումից (երբ թեստերն այլևս օրգանիզմում վիրուս չեն հայտնաբերում) 4 շաբաթ անց պահպանվում է վարակի թեկուզ և մեկ ախտանշանը։

Ընդ որում, որոշ մարդկանց մոտ ձգձգվող հիվանդությունը թույլ է արտահայտվում և գրեթե անհանգստություն չի առաջացնում, իսկ այլ մարդկանց մոտ կարող է այնպիսի հյուծող ազդեցություն ունենալ, որ վերջինս զրկվի աշխատելու, սեփական անձը սպասարկելու հնարավորությունից։

Ամենատարածված բողոքների թվում են շնչահեղձությունը, քրոնիկական հոգնածությունը, համի, հոտի կորուստը, ծանր դեպքերում հիվանդների մոտ կարող են զարգանալ ներքին օրգանների անդառնալի վնասվածքներ։ Հայտնի են դեպքեր, երբ հիվանդացածները կորցրել են տեսողությունն ու վերջույթների զգայունակությունը։

Բրիտանական վիճակագրական ազգային բյուրոյի սեպտեմբերյան հետազոտությունը, սակայն, պնդում է, որ «երկարատև քովիդի» վտանգավորությունը գերագնահատված է, դրանից միջինը տառապում է յուրաքանչյուր 40-րդ հիվանդացածը։ Դա 4 անգամ ավելի քիչ է, քան կարծում էին որոշ ժամանակ առաջ։ Սեպտեմբերի սկզբին Lancet ամսագրում հրապարակված  մեկ այլ հետազոտության հեղինակներ եկել են եզրահանգման, որ վիրուսի դեմ պատվաստումը երկու անգամ կրճատում է հիվանդության երկարատև ընթացքը։

Բարդություններն ավելի հաճախ դրսևորվում են կանանց մոտ, 50-ից բարձր տարիք և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031