Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ո՞վ է տարել  Գյումրու կենտրոնական հրապարակում տեղադրված Վարդանանց արձանախմբից Ղևոնդ Երեցի թուրը

Հոկտեմբեր 10,2021 19:37

Այսօր համացանցում հայտնվել էր Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում տեղադրված բրոնզյա Վարդանանց արձանախմբի լուսանկարը՝ «Տարան, թուրը տարան» ահազանգով։

Հարցը բարձրաձայնող օգտատերը՝ Գայանե Պապիկյանը, հարցրել էր․ «Ո՞ւր է թուրը, ո՞ւմ էր պետք թուրը, որ կոտրել են, կրծել, կերե՞լ են։ Ո՞վ է տեղյակ։Գոնե քաղաքապետարանն Արտուշ Պապոյանին ասի, տեր լինի իր քանդակին, գոնե հոգ տանեն, մեղք է քանդակը»:

Նրա ահազանգով ու լուսանկարով կիսվել էին մեծ թվով գյումրեցիներ՝ քննարկելով թեման։

Aravot.am-ը դիմեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին՝ հետաքրքրվելով, թե ո՞ւր է թուրը, քաղաքապետարանը տեղյա՞կ է՝ ով է գողացել և դիմե՞լ են արդյոք իրավապահ մարմիններին։

Քաղաքի գլխավոր ճարտարապետն ասաց, որ թուրը գողացված չէ, գտնվում է քաղաքապետարանի կոմունալ բաժնում։ Ըստ նրա, մոտ 20 օր առաջ այս բաժնի աշխատակիցները նկատել են, որ թուրը թուլացել է, համարյա թե պոկվելով է, վերցրել են այն, բերել կոմունալ բաժին և դիմել քանդակի հեղինակին՝ Արտուշ Պապոյանին, որպեսզի վերանորոգի այն։

Aravot.am-ը զրուցեց նաև քանդակագործ Արտուշ Պապոյանի հետ։

Քանդակագործն ասաց, որ մի ամիս է՝ թուրը չկա, քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակից Արա Ղանդիլյանն է իրեն տեղյակ պահել այդ մասին։

«Ես շատ անհանգստացա, Արա Ղանդիլյանը զանգահարեց քաղաքապետարան, պարզեց, որ կոմունալ բաժնում է, իրենք են վերցրել թուրը, գտել և տարել են։ Ես էլ ասի, ճիշտ է՝ ես եմ հեղինակը, բայց ձեր ունեցվածք է,  սեփականատերը դուք եք, դուք միջոցներ պիտի ձեռնարկեք։

Մի անգամ էլ հիշո՞ւմ եք Գյումրու կենտրոնական զբոսայգու մոտ մեքենան խփեց, Ջիվանու ու Շերամի արձանները վնասվեցին, ես իմ միջոցների հաշվին վերանորոգեցի։ Ես ծնողն եմ, բայց կնքողը չեմ, կան քանդակներ, որոնց հեղինակները ողջ չեն, ուրեմն պիտի թողնեն, որ դրանք կորչե՞ն։ Ասֆալտին ուշադրություն են դարձնում, բայց հուշարձաններին՝ ոչ։

Քաղաքապետարանն անտարբեր չպիտի լինի, պետական մոտեցում պիտի ցուցաբերի, ես որպես քանդակագործ՝ այս անգամ էլ կտանեմ, կվերանորոգեմ իմ հաշվին, բայց ինչքան կարելի է, ահագին ծախս պիտի անեմ, որ կարբոն գազը տեղափոխեմ, բավական աշխատանք կա վրան։

Քաղաքային ունեցվածքի պահպանությունը չի կարելի թողնել հասարակության վրա։ Հասարակությունն էլ պիտի ուշադիր լինի, բայց այդ նույն հասարակության մեջ կան անհատներ, որոնք գողանում են, չէ՞։

Հետո քանդակների լուսավորությամբ եմ անհանգստացած, էդ ի՞նչ ձևով են լուսավորում, էսօր տուրիզմը հիմնված է մեր հին ճարտարապետության և նոր քանդակագործության վրա․ մարդիկ գալիս, նկարվում են, լավ են զգում, դրանք են տուրիստ բերողը, իսկ իրենք արհամարհում են։ Հուշարձաններին պիտի տեր լինել, հո մենակ ես չեմ հեղինակը։ Տեսե՞լ եք դատախազության շենքի Մխիթար Գոշի քանդակը, լաքել են, բա դա անելու բա՞ն է, էդ որ անճաշակն է արել, բա մի հատ մասնագետի հետ չխորհրդակցե՞ն, ամեն մեկը որ իր շենքի դիմացի քանդակը լաքի, ո՞ւր կհասնենք»։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Վարդանանց արձանախմբից Ղևոնդ Երեցի թուրն ինչո՞ւ է թուլացել ու պոկվել։

Քանդակի հեղինակն ասաց․ «Ամեն ինչն էլ կարող են պոկել, պոկողի համար թույլն ու ուժեղը ո՞րն է, լոմի հարված է, ուժեղ կվալտով խփես, արձանը կջարդվի, բրոնզ է։Մի անգամ էլ Կամսարականի թուրն էին ջարդել, բերեցի, սարքեցի։ Երեխաները կախ են ընկնում Վարդանանց արձանախմբից, խաղում են, ուշադիր չեն պահպանությանը, ախր սա էլ իրենց քթի տակ է։

Նորից եմ ասում՝ հուշարձաններին պիտի տեր լինեն, վերջիվերջո հաստիքով քանդակագործ ունի քաղաքապետարանը։ Ես էլի բերեմ, սարքեմ, որովհետև իմ սիրտը ցավում է, բայց ամենաշատը սիրտս ցավում է անտարբերությունից»,-ասաց Արտուշ Պապոյանը։

Նա ասաց, որ թուրը վաղը քաղաքապետարանից կփոխանցեն իրեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Գայանե Պապիկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031