Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ամենագրավիչ պատմական կառույցներից մեկը շուտով կփրկվի փլուզումից

Ապրիլ 04,2024 19:25

Գյումրու «Կումայրի արգելոց թանգարանի» տարածքում գտնվող ամենագեղեցիկ կառույցներից մեկում՝ «Գյումրի» ռեստորանի կամ որ առավել հայտնի է՝ «Բարի լույսի» շենքում, շուտով կսկսվեն շինարարական աշխատանքներ։

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ փուլում է պատմամշակութային այս կառույցի փրկության ծրագիրը։

Շենքը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ձեռք է բերել սիրիահայ մի գործարար (քաղաքապետարանը պաշտոնյան գնորդի անուն-ազգանունը չի հրապարակում), որը, ըստ Հենրիկ Գասպարյանի, մտադիր է այն ռեստորանահյուրանոցային համալիրի վերածել։

«Նախագիծն արդեն պատրաստ է, հաստատված, ամբողջովին համաձայնեցված է, հասել ենք շինարարության թույլտվության փուլին։ Սեփականատերը՝ սիրահայ գործարարը, երբեմն ինքն է անմիջապես մեր հետ շփվում, երբեմն էլ իր ներկայացուցչին է ուղարկում։ Ըստ նախագծի՝ շենքը վերականգնելիս ոչ մի շեղում չպիտի լինի ճարտարապետական տեսքից, պիտի վերականգնվի՝ նույն տեսքը միլիմետր առ միլիմետր պահպանելով։ Խոսքը ինչպես ֆասադի, այնպես էլ բալկոնների մասին է․ Բալկոնների ձևը ևս նույնությամբ պիտի պահպանի։ Սա է մեր պայմանը»,-ասաց ճարտարապետը։

Նշենք, որ չնայած շենքը վթարային է, ինչպես Գյումրու պատմական կենտրոնում գտնվող շատ շենքեր, այդուհանդերձ այն քաղաք այցելող զբոսաշրջիկներին ամենաշատ հետաքրքրող կառույցներից է․ աչքի է ընկնում ոչ միայն իր գրավիչ տեսքով, ուրույն դիմագծով, այլ հարուստ պատմությամբ։

 

Հին Բայազետից գաղթած մեծահարուստ Գրիգոր Դրամփյանի պատվերով 1880-1900 թվականներին սև տուֆից կառուցված շենքը գյումրեցիներն անվանում են «Բարի լույսի» շենք՝ հայելի և սրբիչ հիշեցնող զարդանախշերի պատճառով (տես լուսանկարում)։

Այն ծառայել է տարբեր նպատակների, հայտնի է որպես Դրամփյանների եկամտաբեր տուն․ 37 սենյակները վարձակալությամբ են տրվել ալեքպոլցի ընտանիքներին։ Սովետական տարիներին այստեղ գործել է Գյումրու խաշխանա ռեստորանը։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Դրամփյաններին ունեզրկել են։ Շենքը ստալինյան բռնության տարիներին ծառայել է որպես կալանատուն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Շենքի լուսանկարները՝ mediamax.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930