Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակի երկրաշարժ. ծննդավայրը շենացնելու կամք

Հոկտեմբեր 10,2021 21:12

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը այդ տարի Հայաստանին պատուհասած առաջին աղետը չէր: Աշխարհաքաղաքական բարդ զարգացումներ էին արձանագրվում եւ 1988-ի տարեսկզբին՝ փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ եւ այլ բնակավայրերում հայերի զանգվածային տեղահանումներ եւ սպանություններ եղան: Շատերը փախան Հայաստան ու բնակվում էին իրեն հարազատների տներում: Բռնի տեղահանվածներ կային նաեւ Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, գրեթե բոլոր այն գյուղերում ու քաղաքներում, որ տարեվերջին տուժեցին երկրաշարժից:

Երկրաշարժից հետո Խորհրդային միության ղեկավարություն խոստացավ երկու տարում վերացնել երկրաշարժի հետեւանքները: Բայց պետության փլուզումն արդեն սկսվել էր, շատ բաներ էին ասվում ու չէր արվում ու 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից երկու տարի անց՝ 1991 թվականի դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ գերագույն խորհրդի որոշմամբ պաշտոնապես արձանագրվեց խորհրդային միության փլուզումը: Սումգայիթի ջարդերից հետո արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական բախումներ՝  հիմնականում տեղային բնույթի, իրար ցանքատարածություններ վնասելու տեսքով ու նման այլ դրսեւորումներով: Խորհրդային միության փլուզումից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Խաղաղ բնակչության ջարդեր, երկրաշարժ, մեծ պետության փլուզում, պատերազմ. ահա Հայաստանի եւ հայ ժողովրդի 1988-1991 հատվածի պատմության շրջադարձերը:

Երկրաշարժից հետո եղան արտագաղթողներ, բայց քիչ չէին նաեւ մնացողները: Մարդիկ, որ ծնվել էին աղետից տուժած բնակավայրերում, սովորական մարդիկ, որ իրենց հողուջրից բաժանվելու մասին չէին էլ մտածում, չնայած մեծապես տուժել էին երկրաշարժից ու տեսել, թե ԽՍՀՄ փլուզման հետ ինչպես են վերանում իրենց տունն ու ծննդավայրն օր առաջ վերականգնված տեսնելու հույսը: Մեր զրուցակիցները հենց այդ մարդիկ են: Մարդիկ, որ աղետների ողջ դաժանությունն ու ծանրությունը սեփական մաշկի վրա են զգացել ու իրենց կյանքով դարձել են օրինակ իրենց զավակների ու բոլորի համար:

Աշոտ Կյուրեղյան. Չեմ էլ մտածել գյուղը լքելու մասին

Լոռու մարզի Շիրակամուտ (1988-ին՝ Նալբանդ) գյուղը երկրաշարժի էպիկենտրոնն է: Գյուղի համար մեկ հիմնական դպրոցի տնօրեն Աշոտ Կյուրեղյանը 1988-ի դեկտեմբերի 8-ին պիտի բանակ գնար: Դեկտեմբերի 7-ին տանն էր: Հիշում է անասելի ուժեղ ձայն, «հետո փոշի եմ հիշում, լուսավոր մի կետ եմ հիշում, դեպի որը գնացի ու դուրս եկա»: Երկրաշարժից հետո Աշոտը ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը, ասում է ուսանելու տարիներին, երբ գյուղը դեռ ավերակների մեջ էր, չի էլ մտածել քաղաքում մնալու մասին: Վերադարձել է, աշխատանքի անցել դպրոցում: Հիմա արդեն դպրոցի տնօրենն է: Երկրաշարժից հետո 20 տարի ապրել են տնակում, ամուսնացել, երկու երեխա ունեցել: Հիմա իր երեխաների եւ դպրոցի աշակերտների հետ խոսում են նաեւ անվտանգության խնդիրներից:

Աշոտ Կյուրեղյանի տեսանյութն՝ այստեղ

Աշոտի կինը՝ Հասմիկ Մազմանյանն էլ է ծնվել Շիրակամուտում: 1988-ի դեկտեմբերի 7-ին տանն է եղել: Հիշում է, որ մայրն ուղարկել էր նկուղ, ինչ-որ բան բերելու: Ահավոր ձայն է հիշում. «հիշում եմ՝ ընկա ու չէի կարողանում բարձրանալ: Եղբայրս զոհվեց եղբայրս, ես ողջ մնացի»:

Հասմիկը 145 աշակերտ ունեցող դպրոցի ուսուցչուհի է ու նշում է, որ անվտանգության հարցերը կարեւորելով դպրոցում հաճախ են տարհանման վարժանքներ անցկացնում ու երեխաները մշտապես արագ ու առանց խուճապի արագ լքում են շենքը, ուշացումներ եւ սահմանված չափանիշներից շեղումներ չեն լինում, դեռ հաջողում են նախատեսվածից արագ հեռանալ: Դժվարությունները Հասմիկին էլ չեն կոտրել:

Մանրամասն՝ տեսանյութում

Շիրակամուտի դպրոցի ուսուցիչ Հրաչյա Նալբանդյանը երկրաշարժի ժամանակ դպրոցական է եղել, մնացել է փլատակների տակ, նրան գտել են մեկ օր անց, կորցրել է երկու ձեռքը: Սա խոչընդոտ չի դարձել, կրթություն է ստացել ու հիմա իր իսկ դպրոցում պատմություն եւ հասարակագիտություն է դասավանդում: Ամուսնացել է, երեք երեխա ունի: 15 տարի ապրել է տնակում, «իմ կյանքը Շիրակամուտից բացի այլ տեղ չեմ պատկերացնում»: Երեխաների հետ էլ պատմությունից բացի նաեւ անվտանգությունից է խոսում:

Մանրամասն՝ տեսանյութում

Շիրակամուտի համար մեկ հիմնական դպրոցի պահակ Գեղամ Գալոյանը 1988-ին առաջին դասարանի աշակերտ է եղել: Մանկության շատ հուշեր ավերակների հետ են կապված: Երկրաշարժից հետո մի քանի օր ապրել են խոտի տուկերից հավաքած տնակում, հետո մի քանի օր՝ վրանում, հետո մի քանի տարի փայտյա տնակում, բայց երբեք չի մտածել գյուղը լքելու մասին: Դպրոցում կազմակերպվող տարհանման վարժանքների ժամանակ ելքի դուռը բացողը, շենքը արագ լքելուն հետեւողը ինքն է: Դպրոցում են սովորում նաեւ իր երեք երեխան: Ասում է, բոլորը գիտեն իրենց անելիքը, բայց եթե պետք եղավ, կդիմեն փրկարարներին, խորհուրդ կհարցնեն, նրանց հետ համագործակցությունը սերտ է:

Արարատ Հարությունյան. Մենք հողին ամուր ենք կապնված

Գյումրեցի Արարատ Հարությունյանն էլ հիշում է, որ երկրաշարժի օրը սովորականի նման աշխատավայրում էր, մայրը տանը մենակ էր, հարեւաններն են օգնել ու հեռացրել վնասված շենքից: Երկրաշարժից հետո 7 տարի ապրել են տնակում, ԽՍՀՄ փլուզումը շատ ծրագրեր խափանեց, բայց մարդիկ մնացին իրենց տանը, իրենց հողին կպած.

Մանրամասն՝ տեսանյութում

 Սամվել Գալստյան. Միայն արհեստով քաղաք չես կառուցի, արվեստ էլ է պետք

Գյումրեցի գեղանկարիչ Սամվել Գալստյանը մինչեւ հիմա էլ՝ երկրաշարժից 33 տարի անց, ապրում է տնակում ու հենց տնակն էլ ե’ւ բնակարան է, ե’ւ արվեստանոց, որտեղ երեխաներին նկարչություն է դասավանդում:

Երկրաշարժից առաջ Սամվել Գալստյանի ընտանիքը տանիք էր տվել Սումգայիթից տեղահանված հարազատներին, տունը սովորականից մարդաշատ էր: Բարեբախտաբար ոչ ոք չզոհվեց, ժամանակավոր կացարան գտան Երեւանում: Գեղանկարիչն իր տեղը գտավ, մասնակցեց միջազգային սիմպոզիումի ու Լեհաստանում ապրելու եւ աշխատելու հրավեր ստացավ: Գուցե եւ գնար, եթե Գյումրի քաղաքային խորհրդում չասեին. «Միայն արհեստով քաղաք չես կառուցի, արվեստ էլ է պետք»: Արվեստագետները գիտեն, որ բարձրագույն նպատակը, որին պետք է եւ կարող է ծառայել արվեստը, այն է, որ մարդիկ ավելի սիրեն կյանքը, արվեստը մեր հոգուց մաքրում է կյանքի առօրյա փոշին: Սա գիտի նաեւ Սամվել Գալստյանը: Գիտի ու դրա համար էլ մնաց Գյումրիում սկսեց աշխատել Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, հասնելով տնօրենի պաշտոնին: Երկրաշարժից տուժած շենքը շատ հարցերում չէր համապատասխանում անվտանգության չափանիշներին, բայց Սամվել Գալստյանը նկարչություն էր դասավանդում եւ խոսում նաեւ անվտանգության հարցերից:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Խաչիկ Գասպարյան. Աղետից հետո չհեռացողներն ավելի ճկուն են

Հոգեբան Խաչիկ Գասպարյանը 1988 թվականին Մոսկվայի բուհերից մեկում հոգեբանություն էր սովորում: Երկրաշարժից հետո եկել է տուժած Հայաստան եւ աշխատել Վանաձոր, Սպիտակ քաղաքների եւ հարակից գյուղերի բնակիչների հետ: Հոգեբանի խոսքով, աղետը մարդուն տալիս է տվյալ տարածքում ապրելու անապահովության զգացում: Սա բոլորին, ի հավելումն կարող են լինել անհատական ռեակցիաներ լինել: Խաչիկ Գալստյանը վստահ է, որ աղետից հետո երկիրը չլքողները ավելի ճկուն են, իսկ աղետից զոհեր ունեցող ընտանիքները չեն գնում: Անգամ եթե վնասվածքներ ունեն եւ արտերկիր բուժման են մեկնել, վերադառնում են, որ հարազատի գերեզմանին մոտ լինեն:

Այս անհատական որակների դրսեւորումներ են, բայց աղետից հետո վերականգնվելը միայն ընտանիքի վրա թողնելը սխալ է: Հոգեբանը պնդում է, որ աղետից տուժածների հետ աշխատանքի համընդհանուր մշակված ազգային ռազմավարություն պիտի լինի, որում յուրաքանչյուրն ունի իր կարեւորագույն ներդրումն ու դերը: Այստեղ կարեւոր է հանրային իրազեկումը, լրատվամիջոցների, դպրոցների, հասարակական այլ ինստիտուտների դերը:

Հոդվածը պատրաստվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համագործակցությամբ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի» շրջանակներում։ ԶԼՄ-ների քարոզարշավի շրջանակներում արված լուսանկարների հեղինակային իրավունքը պատկանում է ՃՄՀԳ-ին, և ԱԻՆ-ն իրավունք ունի օգտագործել դրանք ուսումնական նպատակով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Հայկ Ադամյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031